«Հրապարակի» հետ զրույցում Սեյրան Օհանյանն իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ պատասխանում է․ «Այս ամենն իրականացվել է պետությունում գոյություն ունեցող օրենքների, գնումների ընթացակարգերի համաձայն»։
Տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ մի այլ պաշտոնյա չկա մեղադրանքի տեքստում, ու ինչը որ գրված է, մեկ մարդու վրա է բարդված՝ նախարարի։ Կարո՞ղ է այդպես լինել։
«Դրանք ոչ թե միջնորդագրեր են, այլ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ուղղակի մեղադրանքներ են, ուղղված մեկ անձի։ Նույնիսկ եթե դրանցում կան հարցաքննությունների նյութեր, իմ հարցաքննությունների նյութերը ոչ ամբողջական են դրված։ Նշված է, օրինակ՝ հանցավոր համաձայնություն եւ այլն, եւ այլն, բայց, օրինակ, ոչ մի տեղ նշված չէ, թե այդ հանցավոր համաձայնությանն ում հետ եմ եկել, որն է այն օղակը, որի հետ ես հանցագործություն եմ կատարել։ Ես հայտարարում եմ, որ ՊՆ-ում աշխատելու եւ ծառայելու ժամանակ որեւէ մեկի հետ «հանցավոր համաձայնության» չեմ եկել որեւիցե մի գործով, որեւիցե մի անգամ, մեկ լումայի, չգիտեմ՝ մեկ միլիմետրի շահ չեմ ունեցել։ Այնպես որ, իրենք այդ միջնորդությունները ներկայացնելով, հանրության ուշադրությունն են ուզում շեղել, ուզում են թատերականացված ներկայացում տալ մեկ դերասանի՝ ՔՊ-ի կազմով թող ներկայացնեն»։
Միջնորդության դեմ ի՞նչ է առարկելու Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, ի՞նչ ունի նա դատախազի տեքստերի դեմ։ «Չենք ընդունում այդ ամենը, բայց հնարավորությունը շատ քիչ է՝ չընդունելով այդ ամենը, դրա դեմ որեւէ բան ասել, քանի որ անհավասար վիճակ է։ Մի տեքստ են գրել, ինչ-որ հիմքեր են նշվում, բայց մենք այդ հիմքերը չունենք, որ գնահատենք։
Այդ միջնորդագրերում կոնկրետ մեղադրանքներ կան՝ ուղղված պարոն Օհանյանին։ Նաեւ խոսք է գնում ինչ-որ փաստաթղթերի եւ անձանց ցուցմունքների մասին։ Բայց դրանք չկան, արդեն վերլուծված են, կարծես սա պատրաստի մեղադրական եզրակացություն լինի։ Չկան ապացույցները, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք դրանց ծանոթանալու եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը, որ սա սենց է, սա՝ սենց։ Կամ՝ այդ գրածներով չի հաստատվում այն փաստը, որ պարոն Օհանյանն ինչ-որ մեկի հետ, խմբային շահերից ելնելով, համաձայնություն է ունեցել։ Մենք բազմաթիվ նման գործեր տեսել ենք։ Նույն Մարտի մեկի գործը, ՁորաՀԷԿ-ի գործը, որով դատախազը չհաստատեց մեղադրական եզրակացությունը։ Այսինքն, ինչ-որ բաներ գրված են, բայց երբ ծանոթանում ես, գործի մեջ խորանում ես, տեսնում ես, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվում։ Այն, ինչ իրենք ասում են, այդ նյութերով դա չի ապացուցվում։ Բերել են ինչ-որ տեքստ, որի վերաբերյալ ապացույցներ չկան, որոնք գնահատելու հնարավորություն չունենք»։
Կարդացեք նաև
Ըստ Կարեն Մեջլումյանի, դատախազի բերած տեքստերը պատրաստի մեղադրական եզրակացություն են, այսինքն՝ քրեական հետապնդումը փաստացի իրականացրել են, առանց խորհրդարանի համաձայնության։ «Այն, ինչ կա, մի մեղադրական եզրակացություն է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումն արդեն իսկ իրականացրել են, ավարտել են, եզրակացություն են արել, այն դեպքում, երբ միայն ԱԺ համաձայնությամբ կարող էին այդ հետապնդումն իրականացնել»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: