«Ամերիկայի ձայն». The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման ցուցանիշը հրապարակել է իր զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշներին, ըստ որի՝ Հայաստանը 2022 թվականին առաջ է անցել յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը:
Հայաստանը 2022 թվականին աշխարհում 167 երկրների ցանկում զբաղեցնում է 82-րդ տեղը, ըստ 2006 թվականից հրապարակվող The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման ցուցանիշի: Օրերս հրապարակած հետազոտությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանը, ստանալով 5.63 միավորով, առաջ է անցել 7 հորիզոնականով` անցած տարվա զեկույցի հետ համեմատած:
The Economist Intelligence Unit Ժողովրդավարության ցուցանիշը, որը հրապարակում է բրիտանական հայտնի The Economist ամսագիրը հրատարակող The Economist Group-ը, կազմվում է տարվա ընթացքում յուրաքանչյուր երկրում հինգ ոլորտների հետազոտման հիման վրա, որոնք են ընտրական գործընթացը և բազմակարծությունը, քաղաքացիական ազատությունները, կառավարության ֆունկցիոնալությունը, հանրային ներգրավվածությունն ու քաղաքական մշակույթը։
Բացի այդ, ժողովրդավարության ինդեքսը երկրներն, ըստ իրենց ցուցանիշների, բաժանում է չորս խմբերի: Դրանք են «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդ ռեժիմներ» և «ավտորիտար ռեժիմներ»: Հայաստանն, ըստ իր ցուցանիշների, ընդգրկվել է «հիբրիդ» ռեժիմ»-ի խմբում՝ 2022 թվականին հնարավոր տասը միավորից ստանալով ընդհանուր 5.63 միավոր: Լավագույն արդյունքը արձանագրվել է «ընտրական գործընթաց ու բազմակարծություն» ոլորտում, ուր ցուցանիշը հավասար է 7.92: Ամենացածր ցուցանիշն է «քաղաքական մշակույթ» ոլորտում, որը կազմում է հնարավոր տասը միավորից 3.13 միավոր: Մնացած ցուցանիշներն են «հանրային մասնակցությունը»՝ 6.11 միավոր, «կառավարության ֆունկցիոնալությունը»՝ 5.71 և «քաղաքացիական ազատություններ»՝ 5.29 միավոր:
Հայաստանն ընդգրկված է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբում, ուր 28 երկրներից զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայի 16 երկրներն ընդհանուր առմամբ բարելավել են իրենց ցուցանիշները: Ամենամեծ բարելավումն են գրանցել Չեռնոգորիան և Ալբանիան։ Վեց երկիր վատթարացրել են իրենց ցուցանիշը, ուր ամենամեծ անկում է ապրել Ռուսաստանը: Ըստ զեկույցի՝ տարածաշրջանում դեռևս չկա «լիարժեք ժողովրդավարություն»: 28 երկրներից 16-ը «թերի ժողովրդավարության» խմբում են, իսկ չորսը՝ Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը և Ուկրաինան, որակվում են «հիբրիդ ռեժիմներ»: Ութ երկրներ, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, դիտարկվում են որպես «ավտորիտար ռեժիմներ»:
2017 թվականից ի վեր Հայաստանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը The Economist Intelligence Unit Ժողովրդավարության ինդեքսում: 2017 թվականին այս ցուցանիշը կազմում էր 4.11 միավոր՝ 2018 թվականին հասնելով 5.54 միավոր: Զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը` Հայաստանն այսօր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, մերձբաթլյան երկրներից զատ, զիջում է միայն Մոլդովային, որը 6.23 միավորով զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը:
Հայաստանն, ըստ ժողովրդավարության ցուցանիշի ինդեքսի, առաջատար է տարածաշրջանում: Հիբրիդ ռեժիմների խմբում ընդգրկված Վրաստանը զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը, իսկ նույն խմբից Թուրքիան՝ 103-րդ: Ավտորիտար ռեժիմներից՝ Ադրբեջանը 134-րդ տեղում է, Ռուսաստանը ՝ 146-րդ, իսկ Իրանը՝ 154-րդ:
Սկանդինավյան երկրները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Դանիան, շարունակում են առաջատար տեղ զբաղեցնել ժողովրդավարության այս ցուցանիշում՝ զբաղեցնելով ինդեքսային վարկանիշային աղյուսակի առաջին վեց տեղերից հինգը Նոր Զելանդիայի հետ մեկտեղ, որը երկրորդ տեղում է առաջին տեղը զբաղեցնող Նորվեգիայից հետո:
«Ժողովրդավարության ինդեքսի» այս տարվա զեկույցի առանցքը Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ և դրա կարևորությունը երկրների և Եվրոպայում և ամբողջ աշխարհում ժողովրդավարության ապագայի վրա։ Ըստ զեկույցի՝ եթե Ուկրաինայի պայքարը իր սահմանների և տարածքային ամբողջականության անձեռնմխելիության համար ժողովրդավարության վառ դրսեւորում է գործողության մեջ, ապա Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը կայսերական նկրտումներից և այդ մտածելակերպի արդյունքում:
Զեկույցը շեշտում է՝ ինքնիշխանության իրավունքը անխախտ է. չկա Մոսկվայի և նրա դաշնակիցների գործողությունների որևէ արդարացում: Զեկույցում ընդգծվում է, որ զարգացող երկրների մեծ մասը մտահոգված է ինքնիշխան պետության վրա Ռուսաստանի անհիմն հարձակումից, սակայն, այդուհանդերձ, արևմտյան տերություններին այդպես էլ չի հաջողվել համոզել նրանց հանդես գալու ընդդեմ Ռուսաստանի: Ըստ զեկույցի՝ աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնք կամ չեզոք են կամ հակված են դեպի Ռուսաստան, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ