Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Իսպիրյան. Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի. «Փաստ»

Փետրվար 07,2023 10:35

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններին, որոնց հիմքում կրկին նախապայմաններ են: Նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարը նշել էր, որ եթե Երևանի ու Բաքվի միջև քաղաքական կայունություն ձեռք բերվի, սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Թուրքիան սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի: Այսինքն, մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ռեալ բան տեղի ունենալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, ըստ որոնց, հուսով են, թե առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան քայլեր կանի, ուղղակի քաղաքական անհեռատեսության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, տարածաշրջանը, Թուրքիային չճանաչելու հետևանքն են: Առնվազն պետք է դիտարկել, թե վերջին 25 տարում հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպիսի դիվանագիտական շփումներ են եղել, Թուրքիան ինչպիսի պայմաններ է առաջ քաշել»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով այդ գործընթացներում առաջընթացի բացակայության փաստի մասին:

«Մեկ տարի է՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բանագնացների միջոցով, այսպես ասած, շփում է տեղի ունենում: Այս մեկ տարվա մեջ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ առարկայական քայլ չի արվել: Բուն գործընթացը՝ հարաբերությունների կարգավորումը, թողած, Թուրքիան թեմայի շուրջ ջուր ծեծելով է զբաղված: Ինչ-որ հիմար նախագծեր են քննարկում, ինչ-որ կամրջի բացում և այլն: Ժամանակ են ձգում, մինչև Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերությունները կարգավորեն: Այս շարքին է դասվում այն հայտարարությունը, թե իբրև «Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ»: Ինչ օդային բեռնափոխադրումների մասին է խոսքը այն դեպքում, երբ Թուրքիայից օդային բեռնափոխադրումներ միշտ են եղել: Հայաստանի և Թուրքիայի միջև ավիափոխադրում կա: Թուրքիայից հագուստ բերողներն անհրաժեշտության դեպքում օդանավով են բերել այն, իսկ շինանյութն էլ չեն կարող օդային բեռնափոխադրումների միջոցով բերել, քանի որ թանկ է: Շինանյութն էլ ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով են բերում: Իրականում «օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը» մարդկանց աչքին թոզ փչել է նշանակում»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան դրանով Հայաստանի նկատմամբ բարի կամք չի դրսևորել:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728