Աշխարհահռչակ նյարդավիրաբույժ Սանջայ Գուպտան իր «Ճկուն ուղեղ. ինչպես պահպանել ուղեղի արդյունավետությունը ցանկացած տարիքում» գրքում, անդրադառնալով մարդու գլխուղեղի կառուցվածքային առանձնահատկություններին ու հնարավորություններին, հերքում է ուղեղի ծերացման, ճանաչողական գործառույթների անկման մասին տարածված առասպելները:
Առասպել № 1. Գլխուղեղը մինչ օրս առեղծված է գիտնականների համար
Ես միաժամանակ սիրում ու ատում եմ այդ միֆը՝ ասում է հեղինակը։ Ատում եմ, քանի որ այն ճիշտ չէ, իսկ սիրում եմ այն պարզ պատճառով, որ բացատրելով մարդկանց, թե ինչու դա այդպես չէ, ես նրանց հույս եմ ներշնչում։ Իհարկե, գլխուղեղի մասին մենք դեռ շատ բան չգիտենք, սակայն վերջին շրջանում գիտնականները նշանակալի հաջողությունների են հասել այդ ոլորտում։
Գիտնականներն արդեն տեղյակ են, թե ինչպես են միմյանց հետ կապված գլխուղեղի առանձին հատվածները, ինչպես են մասնակցում մտածողության, շարժողական գործընթացին, զգայական ընկալմանը։ Մենք արդեն ավելի լավ ենք հասկանում, թե գլխուղեղի որ հատվածներն են կապված դեպրեսիայի զարգացման, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման կամ կախվածությունների հետ։
Բժիշկները նշանակալի հաջողությունների են հասել կաթվածից կամ վնասվածքներից հետո գլխուղեղի վերականգնման հարցում։ Սակայն գլխուղեղի հետ կապված նորանոր ու զարմանալի բացահայտումները տեղի են ունենում մշտապես։
Կարդացեք նաև
Առասպել № 2. Տարեց մարդիկ դատապարտված են ամեն ինչ մոռանալու
Այս միֆի մեջ ճշմարտության հատիկ կա, ճանաչողական որոշ հմտություններ, ինչպիսիք են ուշադրությունն ու հիշողությունը, տարիքի հետ իսկապես նվազում են, հատկապես եթե դրանց պահպանման համար ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվում։ Սակայն ամեն դեպքում եթե փոքր հասակում ավելի հեշտ է նոր լեզու սովորելը կամ պատահական բառերի ցուցակը հիշելը, հասուն տարիքում մարդը շատ ավելի մեծ բառապաշար ունի և շատ ավելի լավ է ճանաչում մարդկանց, սոցիալական փոխազդեցության ավելի լավ հմտություններ ունի, կարողանում է կառավարել իր զգացմունքներն ու հաղթահարել սթրեսը։
Առասպել № 3. Դեմենցիան ծերության անխուսափելի հետևանքն է
Դեմենցիան ամենևին էլ ծերության պարտադիր ուղեկիցը չէ։ Գլխուղեղի բնական փոփոխությունները տարբերվում են հիվանդության կողմից առաջացրած փոփոխություններից։ Առաջինի դեպքում դրանք կարելի է դանդաղեցնել, երկրորդի դեպքում՝ խուսափել։
Առասպել № 4. Տարեց մարդիկ ի վիճակի չեն նոր բան սովորելու
Մարդը նոր բան կարող է սովորել ցանկացած տարիքում, հատկապես եթե զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որը խթանում է ճանաչողությունը, օրինակ՝ մշտապես ծանոթանում է նոր մարդկանց հետ կամ նոր նախասիրություններ է փորձում։ Հիշողության դինամիկության ու նոր նեյրոնների ձևավորման առանձնահատկության շնորհիվ կարելի է զարգացնել ուղեղի հնարավորությունները նոր տեղեկություններն ընկալելու ու սովորելու հարցում։
Իհարկե, նոր հմտությունների յուրացումը, ինչպիսիք են երկրորդ կամ երրորդ օտար լեզու սովորելը, կարող է տարեց մարդու դեպքում ավելի շատ ժամանակ պահանջել, սակայն ամենևին էլ չի նշանակում, թե նա ի վիճակի չէ այդ մարտահրավերը հաղթահարելու։
Անգամ մտավոր գործառույթների խանգարման ախտորոշում ունեցող մարդիկ, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է, ունակ են ինչ-որ նոր բաներ սովորելու։
Առասպել № 5. Պետք է տիրապետել մի լեզվի, մինչև նոր լեզու սովորել սկսելը
Փոքրիկ երեխաները, որոնք միաժամանակ անգլերեն և մեկ այլ լեզու են սովորում, չեն շփոթում այդ լեզուները։ Եվ թեև նրանց կարող է ավելի շատ ժամանակ հարկավոր լինել միաժամանակ երկուսին էլ տիրապետելու համար, դա ամենևին էլ անհնարին չէ։ Քանի որ ներգրավվում են գլխուղեղի տարբեր հատվածներ, տարբեր լեզուներ սովորելը մեկը մյուսին չի խանգարում։
Ընդհակառակը, երկլեզու մարդիկ ավելի լավ են հասկանում լեզուների բնական կառուցվածքը, ինչպես նաև նոր լեզուներ երեխաներն ավելի լավ են սովորում, քանի որ պակաս ամաչկոտ են, քան մեծահասակները։
Առասպել № 6. Եթե հիշողությունը զարգացնող թրեյնինգի մասնակցեք, ապա այլևս երբեք ոչինչ չեք մոռանա
Հիշողությունը մարզող մեթոդները բազմաթիվ են։ Դրանցից մեկը՝ «օգտագործիր, այլապես կկորցնես»։ Այն նույնքան արդիական է հիշողության մարզման համար, որքան մկանների մարզումը։
Առասպել № 7. Մենք օգտագործում ենք մեր գլխուղեղի միայն 10%-ը
Հնարավոր է՝ դուք լսել եք այդ միֆի մասին։ Այն բավականին հին է, և ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարդ չօգտագործված մտավոր ունակությունների հսկայական պաշար ունի։ Այդյո՞ք գլխուղեղի 90%-ն իրականում անգործ է մնում․ ո՛չ մի դեպքում․ դա անիմաստ կլիներ, թեկուզ և էվոլյուցիայի տեսանկյունից։
Օրգանիզմի զարգացման գործընթացում գլխուղեղի հյուսվածքների ձևավորման վրա հսկայական քանակով էներգիա է ծախսվում։ Էվոլյուցիայի տեսանկյունից ոչ մի իմաստ չկա գլխուղեղի ավելորդ հյուսվածքները պահպանելու մեջ։ Եվ եթե հարցին մոտենում ենք նաև տրամաբանորեն, եթե 10 տոկոսի գաղափարը ճիշտ լիներ, ապա գլխուղեղի վնասվածքներն այնքան էլ լուրջ խնդիր չէին լինի։
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգտագործմամբ իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ անգամ պարզ խնդիրների լուծման ժամանակ ներգրավվում է գլխուղեղի նշանակալի հատվածը, իսկ փոքր, բայց ֆունկցիոնալ առումով կարևոր հատվածների վնասվածքները կարող են խոսքի, շարժողական ակտիվության, զգայունակության լուրջ խնդիրներ առաջացնել։
Սակայն դիահերձումների ժամանակ բացահայտվել է, որ մարդկանց գլխուղեղում կլինիկական ախտանշանների բացակայության պայմաններում կարող են լինել Ալցհայմերի հիվանդության նախանշաններ (ինչպիսիք են ամիլոիդային կուտակումները նեյրոնների շուրջ)։ Հնարավոր է, մենք իսկապես կարող ենք լիարժեք կյանքով ապրել՝ անգամ կորցնելով գլխուղեղի մի մասը։ Մյուս կողմից կախված է նաև մարդուց, թե նա որքանով է արդյունավետորեն օգտագործում իր գլխուղեղը։
Ինձ դուր է գալիս գլխուղեղը քաղաքի հետ համեմատելը։
Դրա հիմնական կառուցվածքները, ինչպիսիք են տներն ու խանութները, օգտագործվում են անընդմեջ․ դրանք համապատասխանում են
գլխուղեղի 10–20%-ին։ Մնացածը ճանապարհներն են, որոնք միացնում են տներն ու խանութները։ Առանց փողոցների տեղեկատվությունը չի կարող մի կետից մյուսը տեղափոխվել, այդպիսով, առանց ճանապարհների, թեկուզ և դրանք անընդհատ չեն օգտագործվում, հնարավոր չի լինի։
Առասպել № 8. Կանանց ու տղամարդկանց գլխուղեղի կառուցվածքը տարբեր է, որի պատճառով նրանք տարբերվում են մտածողությամբ ու սովորելու ունակությամբ
Տարածված միֆ է, որի համաձայն տղամարդիկ բնությունից ավելի տրամադրված են մաթեմատիկայի ու բնական գիտությունների նկատմամբ, իսկ կանանց մոտ ավելի զարգացած է ինտուիցիան և էմպաթիան։ Իհարկե, կանանց ու տղամարդկանց գլխուղեղը ֆունկցիոնալ տարբերություններ ունի, սակայն դրանք այնքան մեծ չեն այդպիսի խիստ տարբերակումներ դնելու համար։ Տղամարդկանց ու կանանց գլխուղեղի տարբերությունների ուսումնասիրությունը դեռ գիտնականների ուշադրության կենտրոնում է, սակայն այդ հետազոտությունները դեռևս անավարտ են։
Հարցին կարելի է մոտենալ նաև հետևյալ տեսանկյունից՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ գլխուղեղի կառուցվածքի առանձնահատկություններ, սակայն եթե մարդն առողջ է, ապա ընդունակ է սովորելու, հիշելու ու բացահայտելու այս բազմաշերտ աշխարհը։
Սակայն պետք է նշենք, որ Ալցհայմերի հիվանդությունն ավելի հաճախ ախտահարում է կանանց, քան տղամարդկանց։ Եվ թեև այս տարբերակման գիտական մեկնաբանությունը դեռ պարզ չէ, կան տվյալներ, որ որոշակի դեպքերում հորմոնալ թերապիան կարող է բացասական ազդեցություն թողնել մտավոր գործառույթների վրա, բայց ավելի մեծ տարիքում այն կարող է անգամ օգտակար լինել։
Տարբեր կանայք տարբեր կերպով են արձագանքում հորմոնալ թերապիային՝ կախված ռիսկի անհատական գործոններից, ինչպիսին դիաբետն է կամ Ալցհայմերի հիվանդության հետ կապվող գենը։
Խոսքային ունակություններն իսկապես ավելի լավ են զարգացած կանանց մոտ, քան տղամարդկանց, և դա կարող է դժվարացնել կոգնիտիվ խանգարումների՝ ժամանակին հայտնաբերումը։ Պարզ ասած՝ կանանց զարգացած խոսքային հմտությունները կարող են թաքցնել հիվանդության ախտանշանները՝ այդպիսով խանգարելով վաղ ախտորոշմանը։
Առասպել № 9. Խաչբառները փրկում են դեմենցիայից
Եվս մեկ տարածված միֆը հուշում է, որ խաչբառների լուծումն օգնում է պահպանել գլխուղեղի երիտասարդությունը։ Սակայն ստիպված ենք ձեզ հիասթափեցնել՝ խաչբառներ լուծելիս մասնակցում է գլխուղեղի միայն մի հատվածը, որը պատասխանատու է բառերի որոնման համար։ Այսպիսով, թեև դրանք կօգնեն զարգացնել տվյալ հմտությունը, չարժե հույս ունենալ ողջ գլխուղեղի աշխատանքի բարելավման համար։
Մինչդեռ թվերով ու բառերով գլուխկոտրուկների լուծումը կարող է օգտակար լինել։ 2019 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ գլուխկոտրուկները նպաստում են ուշադրության, մտածողության ու հիշողության բարելավմանը։
Այս արդյունքները ստացվել են 50-ից բարձր 19000 առողջ մարդ գլխուղեղի հետազոտության արդյունքում, որը տևում է արդեն 25 տարի։
Սակայն վստահաբար կարելի է պնդել մի բան՝ մտավոր ակտիվությունը նպաստում է մտավոր հմտությունների պահպանմանն ու բարելավմանը։
Առասպել № 10. Մարդու գլխուղեղի կիսագնդերից մեկը դոմինանտ է
Հավանաբար դուք լսել եք, որ մարդու մոտ դոմինանտ է գլխուղեղի կիսագնդերից մեկը, ընդ որում՝ աջը կապվում է ստեղծագործական ունակությունների, ձախը՝ տրամաբանական ու տեխնիկական մտածողության հետ։
Այդ միֆը ծնվել է այն գաղափարից, որ շատ մարդկանց մոտ խոսքի համար պատասխանատու է գլխավորապես ձախ կիսագունդը, իսկ տարածության մեջ կողմնորոշվելու ու զգացմունքների արտահայտման համար՝ աջ կիսագունդը։ Սակայն գլխուղեղի ժամանակակից պատկերները ցույց են տալիս, որ գլխուղեղի երկու կիսագնդերը հիմնականում միասին են աշխատում, օրինակ՝ պարզվել է, որ խոսքի մշակումը տեղի է ունենում երկու կիսագնդում էլ, թեև նախկինում համարվում էր, որ դա միայն աջ կիսագնդի առավելությունն է։
Ձախ կիսագունդը պատասխանատու է քերականության և արտասանության համար է, իսկ աջը՝ ինտոնացիայի համար:
Առասպել № 11. Մարդը միայն 5 զգայարան ունի
Ամենայն հավանականությամբ շատերին հայտնի է միայն հինգ զգայարանների մասին՝ տեսողության, հոտառության, համի, լսողության, շոշափելիքի մասին։
Սակայն մարդն այլ զգայարաններ էլ ունի, որոնք մշակվում են գլխուղեղի կողմից և օգնում մեզ աշխարհաճանաչողության հարցում։
պրոպրիոցեպցիա կամ կինեստեզիա– տարածության մեջ մարմնի տարբեր հատվածների դիրքի ու շարժումների ընկալումը,
հավասարակշռության զգացում– որի համար պատասխանատու է անդաստակային (վեստիբուլյար) ապարատը, որի շնորհիվ մենք հասկանում ենք, թե ինչ դիրքում ենք գտնվում՝ նստած ենք, թե պառկած։ Այն տեղակայված է ներքին ականջում (ահա թե ինչու են այդ օրգանի հետ կապված խնդիրները գլխապտույտ առաջացնում),
նոցիացեպցիա – ցավի ընկալում,
թերմորեցեպցիա– ջերմաստիճանի ընկալում,
խրոնորեցեպցիա- ժամանակի ընկալում,
ինտերոցեպցիա ներքին պահանջների ընկալում՝- քաղցի, ծարավի, պետքարան գնալու ցանկության զգացում։
Առասպել № 12. Նյարդային բջիջները չեն վերականգնվում, գլխուղեղի վնասվածքներն անշրջելի են
Թերևս նկատել եք, որ նորածին երեխայի գլուխը մարմնի հետ համեմատած անհամաչափ մեծ է։
Նորածնի գլխուղեղը կյանքի առաջին տարվա ընթացքում 2 անգամ մեծանում է, այնուհետև դրա ֆիզիկական աճի տեմպերը նվազում են․ սովորելու գործընթացը ակտիվանում է, բայց միևնույն ծավալի գլխուղեղն ավելի ու ավելի շատ տեղեկատվություն է կարողանում տեղավորել իր մեջ։
Կուտակվող այդ տվյալների արդյունավետորեն մշակման հարցում օգնում են զարգացող նեյրոնային կապերը։ Ահա թե ինչու ինտելեկտի մակարդակը գլխուղեղի չափսից կախված չէ։ Ինը ամսում ուղեղը հասնում է իր վերջնական չափսի մոտավորապես կեսին, իսկ երկու տարի անց՝ գրեթե 75%-ին: Այդ իսկ պատճառով երեխան ունի այդքան մեծ գլուխ, որը նաև արագ է աճում։
Միջինում գլխուղեղն իր վերջնական չափսին է հասնում աղջիկների դեպքում 11,5 տարեկանում, տղաների դեպքում՝ 14,5 տարեկանում, ընդ որում կառուցվածքային ու ֆունկցիոնալ զարգացումը շարունակվում է մինչև 25 տարեկանը։
Ինչպես հայտնի է, մեծահասակների ուղեղը չի մեծանում նոր տեղեկատվություն ստանալուն զուգահեռ։ Սակայն ավելանում է նեյրոնների՝ նյարդային բջիջների թիվը և դրանք կապող ցանցերի բարդությունը՝ մշտական «կտրման» և «աճի հաշվին»։ Սինափսները, որոնք մենք ակտիվորեն օգտագործում ենք, ամրանում են, իսկ անգործության մատնված կապերը՝ «կտրվում»։
Ինչպես նշվեց վերևում, նախկինում համարվում էր, որ ծնվելուց հետո գլխուղեղում նոր նեյրոններ այլևս չեն ձևավորվում, և դրանք նաև չեն վերականգնվում վնասվելուց հետո։ Նման տեսակետ կար նաև գլխուղեղի հետ կապված՝ ընդհանուր առմամբ․ համարվում էր, որ ուղեղի գործառույթների խանգարումներն անշրջելի են։
Այժմ մենք գիտենք, որ այդպես չէ։ Գլխուղեղն իր պլաստիկությունը պահպանում է մարդու ողջ կյանի ընթացքում և կարող է մշտապես կառուցվածքային փոփոխություններ կրել, ընդ որում որոշակի պայմաններում այնտեղ ձևավորվում են նոր նեյրոններ։
1998 թ․-ին շվեդ գիտնական Պիտեր Էրիքսոնն առաջիններից մեկն էր, ով հաստատեց գլխուղեղում՝ հիպոկամպում մշտապես լրացվող ցողունային բջիջների պաշարի առկայությունը, որոնք կարող են գլխուղեղի նեյրոնների վերաճել։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու գլխուղեղը, կամ գոնե դրա առանձին հատվածները զարգանում են ողջ կյանքի ընթացքում։ Դրանից բացի մենք ի վիճակի ենք վերածրագրավորել մեր գլխուղեղն ու ֆիզիկապես փոխել դրա կառուցվածքը։
Այդ բացահայտումները հանգեցրին նեյրոպլաստիկության՝ գլխուղեղի՝ սինապտիկ կապեր ձևավորելու և փոփոխելու ունակության գաղափարին։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Սանջայ Գուպտա, «Ճկուն ուղեղ. ինչպես պահպանել ուղեղի արդյունավետությունը ցանկացած տարիքում»