Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաառանցքային խնդիրները չլուծված մնալով հանդերձ՝ հիմա էլ իշխանություններն անցել են ՊՆ նոր համազգեստի ներդրմանը. «Փաստ»

Փետրվար 07,2023 09:00

Չորս տարի շարունակ իշխանությունները հանրությանն են հրամցնում այն իրողությունը, թե տարբեր ուղղություններով բազմաթիվ բարեփոխումներ են իրականացնում, շուտով դրական փոփոխություններ են սպասվում, վերացվելու են մի շարք ոլորտներում առկա ռիսկերը և թերությունները, օրենքի գերակայություն է հաստատվելու, յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է լինելու, բարելավվելու է բնակչության ապահովությունը և անվտանգությունը։ Եվ այլն, և այլն… Բարեփոխումների իրականացումն ընդհանրապես միջազգային պրակտիկայում նախատեսում է փորձագիտական գնահատականների վրա հիմնված ու հստակ ռազմավարության համապատասխան հետևողականորեն իրականացվող գործողություններ, որոնք պետք է տեսանելի արդյունքներ ապահովեն։

Բայց Հայաստանում դրանք ավելի շատ ինքնանպատակ են, և այդ է պատճառը, որ «բարեփոխումների» իրականացման արդյունքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև գրեթե բոլոր դեպքերում ուղղակի վատթարանում է։ Օրինակ՝ կարող ենք դիտարկել իրավապահ ոլորտը, որտեղ տարբեր փոփոխությունների մասին են թմբկահարում իշխանություններն ու իշխանամերձ որոշ շրջանակներ։ Ըստ այդմ, ակնկալվում էր, որ դրանց արդյունքում պետք է արդյունավետ դառնար օրենքի կիրառումը, նվազեցվեր հանցավորության մակարդակը, իրավապահ մարմինների գործունեությունը միտված լիներ օրինականության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Բայց… չկան դրական տեղաշարժեր, չկան իրական փոփոխություններ մոտեցումների, լուծումների մեջ, միայն դատարկ խոսքեր ու հայտարարություններ, այնինչ ձևական շարժերով, ասենք՝ կառույցների միավորումով կամ անջատումով բովանդակային առումով ոչինչ չի փոխվում։ Ի հետևանս… 2022 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4 %-ով:

… Ու ամենաառանցքային խնդիրները չլուծված մնալով հանդերձ՝ հիմա էլ իշխանություններն անցել են ՊՆ նոր համազգեստի ներդրմանը։ Արտաքին քաղաքականության բնագավառում իշխանությունները ժամանակին բարեփոխումներ կատարելու հարցը դարձրել էին մատի փաթաթան, բայց հիմա դեսպանների գերակշռող մեծամասնության ընտրությունը կատարվում է քաղաքական նշանակումների համատեքստում։ Դրան գումարվում է նաև այն, որ ԱԳ փոխնախարար կարող է դառնալ իշխանական այնպիսի ներկայացուցիչ, որը շատ հեռու է արտաքին քաղաքականության իրականացումից և միայն հայտնի է տարկետման իրավունքն օգտագործելու միջոցով բանակից խուսափելով։ Մի խոսքով, մեծ հաշվով համարյա թե չկան իրական բարեփոխումներ, որոնք գործող իշխանությունների օրոք կարող են նորմալ իրականացվել ու արդյունք տալ։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728