Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է մղձավանջից դուրս գանք». ԴՆԹ-ով, բայց ոչ ծնողների հաստատած, մասունքները կամփոփվեն Եռաբլուրում. 168.am

Փետրվար 06,2023 22:44

44-օրյա պատերազմից 2.5 տարի անց Հայաստանի Հանրապետության տարբեր դիահերձարաններում՝ զոհված զինծառայողների 80-ից ավելի մասունքներ կան դեռ: ԴՆԹ փորձանմուշ անցած և ծնողների ԴՆԹ կոդի հետ համընկած մասունքները ծնողներն ու հարազատները տարբեր պատճառներով չեն վերցնում, որ հողին հանձնեն: Ոմանք չե՛ն վստահում փորձաքննության արդյունքներին, ոմանք էլ, պաշտոնապես իրենց հանձնված արդյունքների իսկության մեջ համոզվելու համար, սեփական միջոցներով փորձանմուշն այլ երկրներ են ուղարկել:

Այդուամենայնիվ, Կառավարությունը որոշել է խնդրին վերջնական լուծում տալ և այս տարի գարնանը մասունքները հողին հանձնել:

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ Կառավարությունում այս հարցի վերաբերյալ քննարկումները դեռ նախորդ տարվանից են սկսվել, որի ժամանակ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը զանգահարել էր իրեն և հետաքրքրվել, թե արդյո՞ք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կա համապատասխան տարածք, որտեղ կարող են հողին հանձնել մասունքներ:

«Ինձնից հարցում է կատարել մասուքների և տարածքի վերաբերյալ: Ես իրեն զեկուցել եմ, որ՝ այո՛, համապատասխան տարածք կա, որտեղ կարող ենք տեղավորել բոլոր մասունքները»:

Գեներալ Ավետիսյանը նախ ցույց տվեց պանթեոնի այն հատվածը, որտեղ ամփոփվելու են տղաների մասունքները: Ասաց՝ նախ պետք է շինարարական աշխատանքները սկսելու համար մրցույթ հայտարարվի, համապատասխան զեկուցագիրը գեներալը ներկայացրել է Պաշտպանության նախարարին:

«Այսօր վերջնականապես հաստատված 80 և ավելի մասունքներ ունենք, որոնց մի մասը գտնվում է Հերացիում, մյուս մասը՝ Մեծամորի դիահերձարանում: Կատարած և չկատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության կարգով զեկուցագիր եմ գրել Պաշտպանության նախարարին, որտեղ նաև այդ մասունքների հուղարկավորության մասով եմ առաջարկություն ներկայացրել: Նշել եմ տարածքը և առաջարկություն եմ արել, որ այս տարի այդ տարածքը բարեկարգենք, հարդարենք, համապատասխանեցնենք պահանջներին և Առլինգթոնի եղբայրական գերեզմանոցի նման այդ մասունքները բերենք և սահմանված կարգով հուղարկավորենք»:

Գեներալ Ավետիսյանը հասկանում է խնդրի զգացմունքային պահը, ուստի քարերի վրա զոհված տղաների լուսանկարները, ինչպես նաև անուն-ազգանունները նշված չե՛ն լինելու.

«Առաջարկել եմ, որպեսզի քարերի վրա լինի ԴՆԹ-ի կոդը, և լինի տվյալ մասունքի ծնված թիվը և զոհվելու թիվը, առանց քարի վրա անուն-ազգանուն գրելու:Երբ ծնողները կհամոզվեն և կորոշեն այդ մասունքը տեղափոխել այլ տեղ կամ այդտեղ վերջնական գերեզմանոց կառուցել, մենք ընդառաջ կգնանք և նշված հատվածում գերեզմանը կկառուցապատենք կամ էլ կտեղափոխենք ծնողի ուզած տեղը:

Աշխատանքները պետք է արագ տեմպով ավարտին հասցնել և այս նուրբ խնդիրը վերջնականապես լուծման տանել, որովհետև արդեն 3 տարի է անցել, բայց մենք դեռ մասունքներ ունենք, որ հուղարկավորված չեն: Պետք է այս մղձավանջից դուրս գանք»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728