Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր չլինելու պատճառով «օրենքով գողերի» դատավարությունը հայտնվեց Մարալիկում

Փետրվար 06,2023 20:00

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գյումրեցի «օրենքով գողերի» դատավարությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Մարալիկի դատարան։

Փաստաբանների պարզաբանմամբ, պատճառն այն է, որ ԲԴԽ-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործերով մասնագիտացված 4 դատավորների, այդ թվում սույն գործը քննող Ռոման Սմբատյանին միանգամից տեղափոխեց Երևան:

Շիրակի մարզում քրեական գործեր քննող միակ դատավորն առայժմ Մարալիկում է՝ Արամայիս Ասատրյանն, որը, մեր տեղեկություններով, մարտի 1-ից ևս կհեռանա մարզից։

Նա, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքսից», Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից գործուղված դատավոր է։

Նշենք, որ դատարանը այս գործով անցնող մեղադրյալներից մեկի՝ Կարեն Ռաֆիկի Վարոսյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել է ևս երեք ամսով՝ մինչև 2023 թվականի մայիսի 6-ը ներառյալ՝ մերժելով կալանավորումը փոխելու , նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ փաստաբանի՝ Գ․ Միքայելյանի միջնորդությունը։

Ըստ «Դատալեքսի» ՀՀ վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել օրենքով գող Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն։ Սա նշանակում է, որ Սուրեն Ավետիսյանը պիտի մնա կալանքի տակ, թեև մեր տեղեկություններով, նա առողջական այնպիսի խնդիրներ ունի, որ չի կարող մնալ կալանավայրում։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալների թիվը 8-ն է, որոնցից չորսը գրավի դիմաց ազատ էին արձակվել, սակայն նրանցից մեկին՝ Էդմոն Գրիգորյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նորից կալանավորել են։

Այս գործով անցնում են երկու օրենքով գողեր, մեկը Սուրեն Ավետիսյանն է, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանն է՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։

Ըստ քրգործի, «Սուրեն Ավետիսյանը, ունենալով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ իր կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով։

Մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728