Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքը չտալու պարագան հղի է ահավոր վտանգներով. տնտեսագետ

Փետրվար 06,2023 17:23

Վտանգավորության սահմանը Հայաստանի Հանրապետությունում վերացել է, մենք հավերժ գտնվում ենք վտանգավորության սահմանում, դա պայմանավորված չէ մեր արտաքին պարտքով: Մենք երկիրն ենք կորցնում, Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքում թշնամին երբ ուզում՝ մտնում է. այս պայմաններում խոսում եք արտաքին պարտքի մասին: Նման կերպ արձագանքեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Aravot.am-ի այն հարցին, թե արդյո՞ք վտանգավորության սահմանին չէ ՀՀ արտաքին պարտքը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2022թ հոկտեմբերին Հայաստանի պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը՝ կազմելով 10 մլրդ. 63 մլն. դոլար: 10 ամիսների ընթացքում այն ավելացել 837,5 մլն. դոլարով կամ 9.1 տոկոսով:

Վարդան Բոստանջյան

«Պարտքն արդեն հարաբերական ինստիտուտ է դարձել, որտեղ խոշոր առումով հասարակությանն ապակողմնորոշելու համար կարող են փողեր շպրտեն Հայաստան»,-նշեց Բոստանջյանը:

Տնտեսագետի խոսքով, իշխանության բարձրաձայնած տնտեսական աճը որևէ կապ չունի տնտեսության զարգացման, հավելյալ արժեքի, ներդրումների, տեխնոլոգիաների ներդրման հետ, պարզապես սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ ռուսաստանցիներ, որոնք իրենց հերթին ֆինանսական հոսքեր են բերել մեր երկիր: «Այս հանգամանքն է ազդել մեր երկրի տնտեսական աճի վրա, որի մասին թմբկահարում են իշխանությունները, բայց այդ աճը որակական չէ, և արդիական առումով՝ առոչինչ է: Այս պարագայում ուշադրությունը սևեռել միայն մի հանգամանքի վրա ՝ արտաքին պարտքի վրա, չգիտեմ որքանով արժե: Իսկ հետաքրքիր է տեխնոլոգիաներ, ներդրումներ կա՞ն, ընդհանրապես որևէ ոլորտում ձեռքբերում, շարժ կա՞: Եթե մի ամբողջ ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության պատական կառավարման համակարգի՝ Էկոնոմիկայի նախարարը նա է, դա հերիք չի՞.. »

Տնտեսագետի փոխանցմամբ, օրինակ, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում ևս արտաքին պարտքը գերազանցում է իրենց ՀՆԱ-ին, սակայն երբ պարտքը ուղղվում է տնտեսության զարգացմանը, արդիականացմանը, տեխնոլոգիաների ձեռքբերմանը, հավելյալ նոր արժեքի, նոր աշխատատեղերի, նոր եկամուտների ստեղծմանը՝ նրա գնահատմամբ, նման պարտքը չի կարող վտանգավոր լինել: «Իսկ եթե պարտքը վերցնում են ընթացիկ ծախսերի համար, ո՞վ է այդ պարտքը տալու: Պարտքը չտալու պարագան հղի է ահավոր վտանգներով: Պարտք տվողն այդքան միամիտ չէ, վաղը մյուս օրը՝ նա պարտքի փոխարեն մեր երկիրն է վերցնելու: Հիմա, երբ մենք ասում ենք՝ շեմը հատել է, ՀՆԱ-ին անցել ենք, այստեղ մասնագիտական ու տնտեսագիտական առումով կարևոր է, թե գումարը որ ուղղությամբ է ծախսվելու, եթե գումարն ուղղում է ընթացիկ ծախսերի՝ թոշակի, պարգևավճարի և այլն, այդ բոլորը ծախսեր են, որոնք զարգացման հետ ուղղակի կամ անուղղակի որևէ կապ չունեն»,- եզրափակեց տնտեսագետը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728