Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պատմական ձեռքբերում է, մեծ քայլ Արցախի անկախության ճանաչման գործընթացում»

Փետրվար 06,2023 16:55

 Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը

Կանադայի Հայ դատի հանձնախմբի հետեւողական աշխատանքների շնորհիվ հունվարի 25-ին Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երկու առանձին նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։

Սա պատմական ձեռքբերում էր, որովհետեւ Կանադայի խորհրդարանում առաջին անգամ հանդես եկավ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ՝ ներկայացնելով Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Պատմական է նաեւ այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը տեղ գտավ բանաձեւում, ինչն ինքնին Արցախի անկախության ճանաչման գործընթացում մեծ քայլ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի ամենաազդեցիկ հանձնաժողովներից մեկը նման ձեւակերպմամբ բանաձեւ որդեգրեց:

Բաքվի եւ Անկարայի համակարգված հայատյաց քարոզարշավը շարունակվում է Կանադայում, որտեղ երկու երկրների պետական ներկայացուցչությունների կողմից հետեւողական ու ծրագրված գործընթաց է տարվում պատմությունը խեղաթյուրելու ու  սանձազերծելու ապատեղեկատվական արշավներ։ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերոնշյալ նիստերին ադրբեջանական դեսպանատան հավատարմատարը խուսափեց ներկայանալ եւ մասնակցել։

«Հայ դատի գրասենյակները պետք է աշխատեն այնպես, ինչպես իդեալական արտաքին դիվանագիտության դեպքում է, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքների»,- ժամանակին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հենց Վահան Հովհաննիսյանի առաջադրանքով՝ Օտտավայի Հայ Դատի գրասենյակն իր նպատակաուղղված եւ բազմաբեւեռ աշխատանքային շրջագծով, որպես ազդեցիկ քաղաքական եւ քարոզչական կառույց, գործում է կանադական տեղեկատվական, հարաբերական եւ լոբբիստական բնագավառներում, որի արգասիքը հանդիսացել են 2002 եւ 2004 թվականների Կանադայի Վերին պալատի եւ Դաշնակցային խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն ու օրինագծերը։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է եւ անզիջող։ Արցախը հայության գոյատեւելիության անբեկանելի պատվարն է, եւ արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728