ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ․ դրանք գովազդում և իրացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակում, հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռք բերման վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն, երկու դեպքով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման՝ «Ադվիլ- իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, ցինկ, մագնեզիում և վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, գնված ապրանքատեսակներից՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը հանդիսանում է դեղամիջոց:
Կարդացեք նաև
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով, կասկածելի ծագում ունեցող՝ առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին