Դեռեւս հունվարին Aravot.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը գրավոր հարցմամբ խնդրել էր դիրքորոշում հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների վերաբերյալ մի հայտարարության շուրջ։
Մասնավորապես, Սերգեյ Լավրովը, բացատրելով ինքնորոշման իրավունքի հանդեպ ՌԴ դիրքորոշումը, հունվարի 18-ին նշել էր․ «ՄԱԿ-ի կանոնադրությունն ասում է, որ գլխավորը պետությունների սուվերեն հավասարությունն է (суверенное равенство)։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը հիշատակված է առաջինը, ինչպես նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը։ Այս երկու սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, որոնք հիշատակված են միեւնույն մակարդակում, ի սկզբանե, ՄԱԿ-ի կանոնադրության ձեւավորման եւ ընդունման ժամանակ, հարց էին առաջացնում՝ ի վերջո ո՞ր մեկն է առաջնայինը։ ՄԱԿ-ի բոլոր անդամները մի քանի տարի երկար քննարկել են, այդ թվում նաև այս հարցը եւ այլ հարցեր, որոնք կապված են կանոնադրության մեկնաբանության հետ։ Արդյունքում 1970թ․–ին լույս աշխարհ եկավ եւ մինչեւ հիմա էլ իրավական ուժ ունի գլխավոր ասամբլեայի դեկլարացիան՝ միջազգային իրավունքի զարգացող սկզբունքների եւ պետությունների միջեւ փոխհարաբերությունների մասին։ Դրանում մի ամբողջ բաժին է նվիրված պետությունների ինքնորոշմանը։ Դրանում ասվում է, որ այդ սկզբունքն ունիվերսալ է, որ կա նաեւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունք եւ որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ այն պետությունների հանդեպ, լսեք ուշադիր, որոնց կառավարությունները հետամուտ են ինքնորոշման սկզբունքին եւ ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների հետաքրքրությունները։ Այսինքն, կանոնադրության համաձայն՝ մենք պարտավոր ենք հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ողջ բնակչությանը»։
ՀՀ ԱԳ նախարարությանը խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցադրումներին․
Կարդացեք նաև
-Ո՞րն է ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը նշյալ մոտեցման առիթով։
-Հայկական դիվանագիտությունը որքանո՞վ է հետամուտ լինելու՝ նշյալ պնդումը որպես փաստարկ միջազգային հանրությանը ներկայացնելու համար արցախյան հարցում։
ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը մեր հարցմանը պատասխանել է․ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ-ն հետամուտ է ՄԱԿ կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին՝ անկախ ՄԱԿ անդամ այլ պետությունների մոտեցումներից»։
Երկրորդ հարցադրմանը պատասխան չկա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ