Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը հակառուսական այնպիսի մի դեմարշ խաղարկեց վերջին ամիսներին․ այդ ամբողջ հակառուսական ֆոնը չի կարող մնալ անպատասխան»․ Դավիթ Ջամալյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին

Փետրվար 06,2023 15:16

«Հայաստանը ոչինչ չի օկուպացրել, Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը մինչև վերջերս ՀՀ-ն էր, ի պատասխան իր դեմ ուղղված ագրեսիայի՝ ընդլայնել էր իր սահմանները»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հոգեբան Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Նա մանրամասնեց, որ իր համար կարևոր է, որ մեր դաշնակիցները ընկալեն հետևյալը․ «Այս տարածքը Հայաստանի կենսական տարածքն էր, երկու պատերազմ հաղթելու արդյունքում ձևավորված տարածք էր։ Արցախի ապագա լեգիտիմ պետական սահմանը ձևավորվել էր առաջին արցախյան ազատամարտում, 2016-ի երկրորդ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում։ Եվ ըստ այդմ՝ ոչ թե ՀՀ-ն էր օկուպացրել ինչ-որ տարածք, այլ Արցախի Հանրապետության տարածքն էր ձևավորվել երկու ագրեսիա ետ մղելու արդյունքում»։

Դավիթ Ջամալյանն ասաց, որ իրենց համար սկզբունքային է, որ մեր դաշնակիցները սա կրկին ընկալեն․ այստեղ հայությունը զիջելու տեղ չունի ու շարունակեց․ «Արցախը չի լինելու երբեք Ադրբեջանի կազմում և Արցախն իր իրավասուբյեկտությունը ձեռք է բերելու այն սահմաններում, որն առկա էր առ սեպտեմբերի 27-ը, 2020 թվական»։

Անընդունելի համարելով Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ նա միևնույն ժամանակ վստահեցրեց՝ իր և իր համոզմունքի տեր անձինք, ուժերը վստահ են, գիտեն, որ սա ժամանակավոր բան է, գտնում են, որ Հայաստանի արժանապատիվ ապագան հայ-ռուսական դաշինքով է լինելու ու նաև ասաց․ «Ընդգծում ենք՝ հայաստանակենտրոն ուժերի, ՀՀ-ի ու Արցախի համար, ոչ թե նիկոլական իշխանության համար, մեզ համար կան կարմիր գծեր, և ո´չ Լավրովը, ո´չ որևէ մեկը այդ գծերը չպետք է հատի։ Արցախն իր իրավասուբյեկտությունը վաղ թե ուշ ձեռք է բերելու այն սահմաններում, որոնք ձևավորվել էին երկու ադրբեջանական ագրեսիա հետ մղելու արդյունքում։ Մենք ոչինչ չենք օկուպացրել, հիմա Արցախի սահմանների ամբողջ տարածքի 75-80 տոկոսը օկուպացված է։ Այսպիսի շեշտադրումներով ենք մենք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը»։

Ըստ նրա՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը նաև վկայում է, որ նախորդ իշխանությունները մերժել են ամեն ինչ, ինչը չի եղել հայանպաստ։

Դավիթ Ջամալյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարքագծին, նշեց․ «ՀՀ իշխանությունը հակառուսական այնպիսի մի դեմարշ խաղարկեց վերջին ամիսներին, և ամենացինիկ ու լկտի քայլերից մեկը ՀԱՊԿ զորավարժությունները նման կերպ չեղարկելն էր։ Այդ ամբողջ հակառուսական ֆոնը չի կարող մնալ անպատասխան։ Երբ Լավրովին մեղադրում են, մենք՝ ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցներս, որոնք որևէ կերպ կաշկանդված չեն, իրենց տեսակետներն արտահայտելու առումով, մենք հակադարձում ենք այնպես, ինչպես հարկն է, բայց այդ հակառուսականության տրամադրությունները բերում են նրան, որ ռուսական կողմը կարող է նաև նման ցավոտ և անընդունելի հայտարարություններ անել։ Դա նաև նրա համար է, որ հայ ժողովուրդը սթափվի և հասկանա՝ ովքեր են իշխանության ղեկին։ Այս հայտարարության բուն ենթատեքստն էր ընդգծելը ՌԴ իշխանության կոշտ դիրքորոշումը նիկոլական իշխանության հանդեպ և սթափեցնել հայաստանյան հանրությանը։ Բայց Կրեմլում պիտի հստակ իմանան մի բան․ չի կարելի անել այն հայտարարությունը, որն արվել է Լավրովի կողմից, քանի որ դա նշանակում է՝ վիրավորել ամբողջ հայությանը, ուղղակի թիկունքից հարվածել նաև մեզ պես մարդկանց, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական դաշինքի օգտին»։

Դավիթ Ջամալյանը նաև վստահեցրեց․ «Ռուսական կողմին ձեռնտու չէ Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված մոտ 10 հազար քառակուսի կիլոմետրի թուրքական օկուպացիան, քանի որ այդ տարածքները դառնալու են պլացդարմ Ռուսաստանի հարավին հարվածելու համար որոշ ժամանակ անց, եթե Ալիևին հաջողվի ամբողջապես կուլ տալ Արցախը։ Մեր բարեկամ Իրանին ևս ձեռնտու չէ, որ Արցախի օկուպացված տարածքը մնա թրքապատկան, էլ չեմ խոսում Սյունիքի օկուպացիայի մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728