Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությանը վախերի մեջ պահելը բնորոշ է վախկոտ իշխանություններին. Դավիթ Սահակյանց

Փետրվար 06,2023 13:55

«Սրանք վախեցած են նոյեմբերի 9-ից հետո: Ամեն օր իրենց վախերը միմիայն ավելանում են, որովհետեւ հասկանում են, որ զիջում են իրենց դիրքերը, որ ունեին պատերազմի սկզբում…. Իրենք գիտակցում են, որ վաղ թե ուշ պատասխան են տալու՝ թե այդ պատերազմի, թե քովիդի զոհերի, թե անցյալ տարվա զոհերի եւ ամեն ինչի համար: ՔՊ-ականները վախեցած են, այլ հարց է, թե ինչպես են նրանց վախերն օգտագործվում ընդդիմության կողմից»,- «Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով իշխանություններին գործողություններին:

Նրա խոսքով. «Ես համոզված եմ, որ իրենց հաղթանակը չի էլ եղել, մուրճով վազվզելը, գոռգոռալը եւ այդ աստիճան խաբելը հենց բխել են հիստերիայից ու վախից: Ոչ մի ադեկվատ մարդ չի կարող ասել, թող գերիները սպասեն, նրանք մեզ կներեն…Ինչ վերաբերվում է Գուրգեն Արսենյանի՝ ԱԺ լսումներին հայտնվելուն, դա եւս վախի արտահայտություն էր: Ես կարծում եմ, որ ՔՊ-ի կողմից է որոշումը եղել, ու միակ մարդը, որ պատրաստ էր դա անել` հենց Գուրգեն Արսենյանն էր:

Իսկ այն սարսափելի միտքը, որ հնչեցրեց, ցույց է տալիս, որ իրենք իսկապես աշխատում են Ադրբեջանի հետ, որովհետեւ վարչապետի աթոռին սոսնձվածը հայտարարում է, որ Ադրբեջանը հստակ պլան ունի հայաթափելու Արցախը, եւ ճնշում կա արցախցիների վրա, որ իրենք դուրս գան…Եթե մենք՝ Հայաստանում ապրողներս ենք սարսափում այդ ամենից, պատկերացնո՞ւմ եք Արցախում ապրող մարդկանց վիճակը, երբ Երեւանից հնչում է նման բան, որ մենք պատրաստ ենք ձեզ զոհաբերել հանուն հորինված երեք միլիոնի:

ՔՊ-ի ճնշումը եւ Ալիեւի ճնշումը Արցախի ժողովրդի վրա ակնհայտ երեւաց, որ երկկողմանի է: Ներսից եւ դրսից ճնշում է գնում արցախցիների վրա: Առավելագույնս փորձում են ստեղծել այն պատկերը, ինչը ձեռնտու է այն ուժերին, որոնք ուզում են հայաթափել Արցախը, եւ ոչ միայն Արցախը: Արցախից ազատվելը նախնական քայլն է, հետո գալու է Սյունիքը ու մնացածը….Առհասարակ հասարակությանը տարբեր վախերի մեջ պահելը բնորոշ է հենց վախկոտ իշխանություններին, որովհետեւ եթե դու ուժեղ ես, երբեք չես փորձի մարդկանց վախերի վրա շահեր հետապնդել»:

Մուլտիպլիկատորը կարծում է, որ հասարակությունը պետք է այս ամենը վերջիվերջո գիտակցի եւ համապատասխան եզրակացություններ անի. «Գուրգեն Արսենյանի ասածն, ի դեպ, միայն իր կարծիքը չէր, դա ողջ ՔՊ-ի կարծիքն էր, իսկ նպատակն էլ այն էր, որ ավելի վախեցած լինի հասարակությունը՝ նոր պատերազմով, նախկինների վերադարձով, ռեւանշով եւ այլ… Ցանկացած իշխանություն ունի այն զանգվածը, որը կուրորեն հավատում է իրեն: Նույնը հիմա էլ կա, որ կուրորեն հավատում է եւ հավատալու է, ինչ էլ որ լինի…Բայց քանի որ այժմ մեզ սատարող մարդիկ շատ ավելի շատ են, քան 2018-ին, հիմա մենք ավելի շատ ենք, ուստի եթե ճիշտ կազմակերպվի այս իշխանության դեմ քաղաքական պայքարը, ապա կարող ենք հասնել հաջողության, որովհետեւ դա բոլորի շահերից է բխում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728