Ինչպես հայտնել էինք, Երեւանում այսօր սկսվել է ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային համագումարը, որին Արցախի ՀՅԴ երիտասարդական կառույցների անդամները մասնակցել չեն կարողացել։ Նրանք տեսաուղերձով ափսոսանք հայտնեցին, որ շրջափակման պատճառով չեն կարողացել ներկա լինել իրենց համար շատ կարեւոր եւ սպասված իրադարձությանը։
ՀՅԴ Արցախի երիտասարդները տեսաուղերձ էին հղել, որում ասվում է․ «Արցախցիներս, կրելով այս զրկանքները, պայքարում ենք առաջնահերթ ՀՀ ինքնիշխանության պահպանման, սփյուռքահայության ինքնության պահպանման համար։ Մեր պայքարը հայ ազգի գոյության համար է։ Համամարդկային արժեքներ քարոզող երկրները մեզ սիրալիր ու սրտամաշ խոսքեր են հղում, որոնք մեզ համար ոչինչ են։ Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Արցախի փրկության գործին, որովհետեւ առանց Արցախի չկա ՀՀ, առանց ՀՀ-ի չկա սփյուռք»։
Արցախի ՀՅԴ երիտասարդները շեշտել են՝ իրենք ընկալվում են որպես միակ համահայկական կառույց, որն Արցախում ունակ է կենտրոնացնել եւ կյանքի կոչել Սփյուռքի ներուժը․ «Այդ ներուժի միջոցով ենք Արցախի երիտասարդի ձայնը բարձրացնում աշխարհի տարբեր երկրներում։ Պատերազմից հետո մենք հյուրընկալել ենք աշխարհասփյուռ մեր կառույցների ներկայացուցիչներին։ Մեր համար այս դժվար շրջանում մեր կողքին էին ՀՅԴ Լիբանանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի երիտասարդական միությունների անդամները։ Այսօր Արցախն ապրում է պատմական ամենածանր շրջանը եւ ունի բոլորի կարիքը»։
Հավելենք, որ Երեւանում եւ Սյունիքում ընթացող ՀՅԴ Երիտասարդականի համագումարը միավորում է 15 երկրներում գործող ՀՅԴ 33 երիտասարդական կառույցների անդամների՝ քննարկելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ