«Վերջին երեք տարում դաշնակցական երիտասարդն այնտեղ էր, որտեղ կար պայքար՝ պատերազմի դաշտից մինչեւ աշխարհում եւ Երեւանի կենտրոնում բողոքի ցույցեր։ Բնականաբար, մենք հալածվել ենք։ Հալածվել ենք թուրքերի կողմից եւ ՀՀ-ում գործող ապազգային, թուրքական շահը հետապնդող իշխանություններից։ Մեր իսկ հայրենիքում բանտարկվել ենք։ Ով էլ չի բանտարկվել՝ չեն թողնում հայրենիք մտնել»,-Երեւանում ընթացող ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային համագումարի մեկնարկի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Գոռ Սարգսյանը։
Նա նշեց․ «Այդ ճնշումները մեզ հետ չեն պահելու հայրենիքի եւ Արցախի համար պայքարից։ Մեր օրակարգը միտված է այս իրավիճակից ելքեր գտնելուն։ Իշխանությանը եւ թշնամիներին պետք է ցույց տանք, որ այս իրականության հետ չենք հաշտվելու եւ գործելու ենք հանուն ՀՀ-ի եւ Արցախի։ Մեր ավագ սերունդը գործեց ու զոհվեց հանուն Արցախի, ազատագրեց Արցախը։ Եթե այս համագումարը լիներ երեք տարի առաջ, մեր շատ ընկերներ ներկա կլինեին․ նրանք կյանքը զոհեցին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ մենք պարտք ունենք նրանց գործը շարունակելու եւ ցույց տալու, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Հավելենք, որ Երեւանում եւ Սյունիքում ընթացող ՀՅԴ Երիտասարդականի համագումարը միավորում է 15 երկրներում գործող ՀՅԴ 33 երիտասարդական կառույցների անդամների՝ քննարկելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ