«Իրականությունը լի է պետականակործան, ազգակործան հետեւանքներով։ Այսօրվա անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար պետք է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտվողական մոտեցումները։ Հետեւաբար, մենք շարունակելու ենք մեր կտրուկ ընդդիմությունն արտահայտել ՀՀ գործող իշխանության հանդեպ»,-Երեւանում ընթացող ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային համագումարի մեկնարկի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գեւորգյանը։
«Վերջին ամիսներին դաշնակցական մեր ընկերների մուտքն արգելելով ՀՀ՝ Նիկոլ Փաշինյանի վարչախումբն իր հակադաշնակցական մոլուցքով փորձեց նորից հարվածել հայկական այն հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի եւ ազերու նկրտումների դեմ։ Այո, մենք խանգարում ենք այս իշխանության քաղաքականությանը եւ արգելք ենք ՀՀ-ի՝ թուրքական վիլայեթ դառնալուն։ Ցասումով ենք ասում, որ այս համագումարից բացակայող միակ անդամները Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ընկերներն են։ Արցախը մեր զրահաբաճկոնն է, եւ խաբկանք է պատկերացումը, թե առանց Արցախի կարող ենք խաղաղ ապրել»,-նշեց Հովսեփ Տեր-Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու, մեզ պատկանող հավելյալ տարածքներ չկորցնելու, գրավված Շուշին ու Հադրութն ազատագրելու համար նորօրյա ազատագրական պայքարի կազմավորումը հրամայական է․ «Երբ պետությունը հրաժարվում է դրանից, երիտասարդությունը պետք է պարտադրի արժանապատվության հաստատման օրակարգ»։
Հովսեփ Տեր-Գեւորգյանը նաեւ շեշտեց, որ սփյուռքի հզորացումը շարունակում է մնալ ՀՅԴ-ի կարեւոր գործառույթներից մեկը․ «Հակառակ Զարեհ Սինանյանի՝ սփյուռքը պառակտելու փորձերին, սփյուռքի՝ երեք տասնամյակների փորձ ունեցող միություններն ընդգծված դեր ունեն սփյուռքի վերակենսավորման գործում։ ՀՅԴ սփյուռքի Երիտասարդականի ուսերին դրվածը մեծ է․ այն համախմբում է հայ երիտասարդությանը»։
Կարդացեք նաև
Հավելենք, որ Երեւանում եւ Սյունիքում ընթացող ՀՅԴ Երիտասարդականի համագումարը միավորում է 15 երկրներում գործող ՀՅԴ 33 երիտասարդական կառույցների անդամների՝ քննարկելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ