Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հյուրն է «համացանցի աստղ» Արփի Ալտոն

Փետրվար 06,2023 13:00

– Սիրելի Արփի, վերջապես կայացավ մեր հանդիպումը։ Հույս ունենք, որ դեռեւս հայաստանցի հանդիսատեսին չներկայացած, բայց արտասահմանում հնչեղ անուն՝ ջազային երգչուհի Արփի Ալտոն (Արփինե Տեր-Պետրոսյան), ով մեզ հայտնի է միայն համացանցից, երեք տարվա արտասահմանյան անընդմեջ հյուրախաղերից հետո հայրենիքում էլ բեմ բարձրանալու ժամանակ կգտնի։ Գիտենք, որ դուք շուրջ տասը տարի հանդես եք եկել Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած կապելլայում, Երեւանի օպերային թատրոնի երգչախմբում եւ հետո հանկարծ սկսվեց ձեր կարիերան ջազում, այն էլ համացանցում, նոր՝ բեմական անունով։ Սա այն դեպքն է, երբ խնդրում ենք ինքներդ ձեզ ներկայացնել։

– Սկսեմ բեմական անունից. թավ ձայնս, որը հատուկ չէ երեխաներին, մանկուց նկատել են ընտանիքիս անդամները, ովքեր բացառապես արվեստագետներ են՝ մայրս ու տատիկս՝ դաշնակահար, պապս՝ ջութակահար-խմբավար, հայրս՝ Միքայել Պետրոսյանը՝ նկարիչ-քանդակագործ, եղբայրս գեղանկարիչ Արամազդ Պետրոսյանն է, եւ ինձ անվանել են Ալտո։ Արտասահմանում մշտապես ներկայանում եմ հայ երգչուհի, ու հպարտանում եմ հայ լինելուս համար։ Իսկ Արփի Ալտոն նախ կարճ է, հարմար հիշելու համար։

Իրավացի եք. դեռեւս չեմ ներկայացել հայաստանցի հանդիսատեսին, իսկ արտասահմանում՝ հիմնականում եվրոպաներում, բազմիցս մասնակցել եմ փառատոների, ունեցել մենահամերգներ։ Վերջերս հրավիրված էի Բուլղարիա, մասնակցեցի ավանդաբար անցկացվող Bansko jazz festival-ին, հանդես եկա տեղի ջազ բենդի հետ։ Ինչ խոսք, հաճելի է շփումները բարձրակարգ ջազմենների հետ։ Այո, ստացվել է այնպես, որ կարելի է ասել՝ մշտապես ճամփորդում եմ։ Ի դեպ, օրերս մեկնում եմ ԱՄՆ, այս անգամ՝ հայաստանյան «Նաղաշ» խմբի հետ։ Ներկայացնելու ենք կոմպոզիտոր Ջոն Հոդյանի ստեղծագործությունները, այդ թվում՝ ջազային։ Այս անգամ հայկական էթնո ջազը կներկայացնեն հրաշալի սոպրանոներ Հասմիկ Բաղդասարյանը եւ Տաթեւիկ Մովսիսյանը։ Ընդ որում, այդ գործերը գրված են Մկրտիչ Նաղաշի խոսքերով։ «Նաղաշի» համերգին կհաջորդեն իմ մենահամերգները եվրոպական երկրներում։

Բուլղարիայի փառատոնում

– Եթե ձեր ականջին դեռեւս չի հասել, իմացեք, որ մի անուն էլ ունեք՝ համացանցի աստղ, որը հայաստանցի ունկնդիրն է ձեզ տվել։ Ասում են՝ նույն համացանցի միջոցով ձեզ գտել է նաեւ Սեդա Ազնավուրը։

– Ճիշտ են ասում։ Դա անցյալ տարի էր, երբ ձայնագրեցի Շառլ Ազնավուրի «She»-ն եւ այն տեղադրեցի համացանցում։ Այդպես արժանացա Սեդայի ուշադրությանը, իսկ հետո արդեն ընկերացա մի հրաշալի անձնավորության հետ՝ Քրիստինայի, ով Ազնավուրի որդու՝ Նիկոլյայի կինն է, ինձ համար անչափ հարազատ մարդ։ Մասնակցեցի Մարսելում մեծանուն շանսոնյեի պատվին կայացած երեկոյին, որտեղ հրավիրված էին երաժիշտներ աշխարհի 25 երկրից։ Մինչ այդ Երեւանում՝ Ազնավուրի թանգարանում, նկարահանվեցի տեսահոլովակում՝ Formidable երգի կատարումով։ Հավանաբար գիտեք, որ թանգարանը չի գործում։ Ես առաջին անգամ էի լինում այնտեղ, բայց, օ՜ զարմանք, ոչ թե կարծես, այլ իսկապես զգում էի շանսոնյեի ներկայությունը։

– Մեր ջազմենների հետ, պարզ է, դեռեւս չեք համագործակցել…

– Դեռեւս ոչ։ Բայց ինչպես նշեցիք մեր հանդիպման սկզբում՝ գուցե այս տարի իրականացնեմ դա, ընդ որում՝ մե՜ծ սիրով։

Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ։

– Հետեւելով համացանցում ձեր գործունեությանը, կարելի է ասել, որ այնտեղ արդեն կա ոչ թե մեկ, այլ մի քանի CD-ի նյութ…

– 2022թ. ԱՄՆ-ում թողարկվեց իմ առաջին CD-ն՝ հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությամբ, որը շատ արագ սպառվեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Եվրոպայում, փաստորեն, չհասցնելով «գալ» Հայաստան։ Բայց այն կարելի է գնել համացանցից։ Սկսել եմ աշխատել Բոսանովա ալբոմիս վրա, որտեղ կներկայացնեմ նաեւ հայկական մշակույթի գոհարներից մեկը։ Թույլ տվեք դեռ չբարձրաձայնեմ անվանումը։ Իսկ մյուս բոսանովաները համաշխարհային ջազային ստանդարտներից են, այդ թվում՝ Ժոաո Ժիլբերտոյի, Սերժիո Մենդեսի, Կառլոս Ջոբիմի ստեղծագործություններից։ Արդեն մի մասը ձայնագրել եմ Վրաստանում՝ տեղի ջազմենների հետ, իսկ հայկական հատվածը՝ մեր տաղանդավոր կիթառահար Արամ Վարդանյանի ընկերակցությամբ։

Արփի Ալտոն՝ Ջոել Մարտինի հետ։

– Համացանցում տեղադրված լուսանկարներից գիտենք, որ վերջերս ընտանիքով Շրի Լանկայում էիք…

– Այո, այնտեղ հանգստանում էի որդուս եւ ամուսնուս հետ։ Հաճելի հանգիստը համատեղեցի հաճելի աշխատանքի հետ՝ ռեժիսոր Օլգա Մուրադյանի հետ ստեղծելով ապագա ալբոմիս տեսահոլովակները։

Այս պահին հայցում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ ավարտենք զրույցը, քանի որ ժամանակի խնդիր ունեմ. կարճ ժամանակահատվածով Նյու Յորքից ժամանել է հայտնի դաշնակահար Ջոել Մարտինը, ով նույնպես ինձ գտել է համացանցից՝ լսելով «Արի իմ սոխակ» հայտնի երգը։ Նշեմ, որ Ջոելը սիրահարված է Կոմիտասի թողած ժառանգությանը, ներկայացնելով դրանք ջազային մեկնաբանմամբ։ Նույնիսկ չգիտեմ՝ այս պահին արժե՞ բարձրաձայնել, թե ոչ, բայց առանց մանրամասնելու, այնուամենայնիվ, ասեմ, որ մտածում ենք Երեւանում միասին բեմ բարձրանալ… Այսքանը։ Շնորհակալություն։
– Ուրեմն կարելի է սպասել, որ օրերից մի օր ձեզ՝ համացանցի աստղին երեւանյան բեմում էլ կտեսնենք։ Շնորհակալություն եւ մինչ տեսություն:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728