Հարցազրույց արձակագիր Գրիշ Սարդարյանի հետ
– Գրիշ, ինչքան էլ տարօրինակ հնչի հարցս, բայց ինչո՞ւ եք գրում։ Ի՞նչն է մղում գրելու։
– Գրելն ինձ փոխելու, ինձ փորձելու, ճահճացումից փրկելու ինչ-որ միջոց է։ Առաջին հերթին ինքս ինձ հակառակն ապացուցելու ու իմ թերությունները բժշկելու հնար է։ Ամեն անգամ ստեղծագործությունն ավարտին հասցնելուց հետո բաց ես թողնում, ու հույսով սպասում ես դարձին, ինչպես Մեծարենցն էր սպասում իր նավակներին ու մեղուներին… Մի՞թե դա հրաշալի չէ, կամ, հերիք չէ՝ գրելու ու գրածդ հրապարակելու համար…
– «Ես ունեմ միայն մի պատմություն՝ մարդը»,-գրել է Սարոյանը։ Հետաքրքիր է ձեր պատմություն կառուցելու սկզբունքը։
Կարդացեք նաև
– Դժվար է մարդակենտրոնությունից բացի, այլ սկզբունքով աշխարհներ արարել։ Մինչեւ հիմա չենք կարողանում ասել, թե տիեզերքն առանց մարդու ինչ իմաստ ունի։ Ռոբոտները կրկնում են մարդուն, արհեստական ինտելեկտը ձգտում է լրացնել մարդուն… Սարոյանի խոսքին կարող եմ միայն ավելացնել, որ պակաս կարեւոր չէ նաեւ բնաշխարհը, որը պայմանավորում է մարդկային կեցությունը։
– Գրականության լեզուն ինչ հնարավորության սահմաններ է բացում ձեզ համար։
– Մեր գրականության լեզուն, կարող է, օրինակ, ճանաչողության յուրահատուկ հնարավորություն դառնալ։ Գրողներն ավելացնում են աշխարհաճանաչողության բանալիները։ Ենթադրենք, յուրաքանչյուրի լեզուն քեզ մի բանալի է փոխանցում եւ դու կարող ես դրանք արդեն համադրել, ընտրել քոնը, գրականության բերած լեզվի միջոցով դու կարող ես աշխարհն ավելի խորությամբ ճանաչել եւ պատկերացում կազմել նոր երեւույթների վերաբերյալ… Ամենակարեւորը՝ գեղարվեստական գրականության լեզուն պարտադրանքից զուրկ է։ Այն քեզ ճանաչողության գործիքներ է տալիս, որոնք կարող ես ազատորեն կիրառել։
– Գրիշ, ձեր «Եսավ» գրքում պատմվածքներ են, բայց պատրաստվում եք «Հրամանագիրք» վեպը հրատարակել։ Պատմվածքից վեպի անցումն ինչո՞վ է պայմանավորված։ Որեւէ բան կմիավորի՞ ձեր երկու գրքերը:
– Շատ քիչ բան է միավորում, եւ ավելի շատ՝ բաժանում։ «Հրամանագիրք»-ով ուզում էի մեր գրական ավանդույթը հայտնաբերել եւ ուզում էի անպայման վեպի միջոցով անել դա։ Ուզում էի խուսափել ինտելեկտուալիզմից։ Ուզում էի մերօրյա մարզային կյանքը վիպական տարածություն բերել, ինչը գրեթե անիրագործելի զբաղմունք է։ Ոչ իդեալականացնել եւ ոչ էլ երգիծաբանել։
Ուզում էի բացարձակ ոգեշնչումով գրել ու ոչինչ չմշակել, խուսափել գյուղագրությունից, խուսափել քաղաքագրությունից, երկուսն էլ միախառնել… Ամեն մարդ գեթ մեկ անգամ անհասանելի նպատակ է դնում իր առջեւ… Բայց պատմվածքից չեմ հրաժարվել։ Վեպը գրելուց հետո նորից վերադարձել եմ պատմվածքին։ Ավելի եմ կապվել պատմվածքին։
– Մեր իրականության մեջ բառը հաճախ է գույն տալիս, գունն էլ` բառ։ Քաղաքով քայլելիս ամենաշատն ինչի՞ մասին եք մտածում։ Արդյո՞ք իմ նշած բառն ու գույնը ապրելու «տեղ» ունեն։
– Քաղաքները տարբեր են։ Եվ մայրաքաղաք Երեւանը եւս տարբեր ու բազմաշերտ է։ Իհարկե, կան հատվածներ, որտեղ բառն ու գույնը ապրում են։ Ինձ դուր է գալիս կենտրոնից, շերտ առ շերտ, հակադրությունների միջով, քայլելով անցնել, մինչեւ վերջ, հասնել մինչեւ ծայրամաս։ Մտքերդ ու տրամադրություններդ այդ ընթացքում համապատասխանաբար փոփոխվում են։ Տոնը կարող է անհետանալ, փոխարինվել տխրությամբ, անհոգությանը կարող է լարվածութունը հաջորդել, ի վերջո կատարյալ դատարկության էլ կարող ես հանգել, ինչ-որ անտարբերությամբ համակվել… Վստահ եմ, որ բառ ու գույն փնտրողները միշտ կգտնեն դրանք՝ մեծ ու փոքր բոլոր քաղաքներում, գյուղերում, անգամ անապատում…
– Ի դեպ, հասարակության ստվար հատված չի ճանաչում ժամանակակից հեղինակներին։ Ինչ եք կարծում` որն է պատճառը։
– Բազմաթիվ պատճառներ կան. փորձեմ առանձնացնել ամենակարեւորը։ Ժամանակակից արվեստագետը, հազվագյուտ բացառություններով, չի կարող ավելի ճանաչված լինել, քան անցյալի արվեստագետը։ Որովհետեւ վերջինիս թողած ժառանգությունը ուսումնասիրված ու գնահատված է, իսկ ժամանակակցինը՝ ոչ։ Այդպես միշտ է եղել։ Ընթացիկ ժամանակահատվածը միշտ աշխատել է ժամանակակիցների դեմ։ Ուսումնասիրեք արվեստագետների նամակները, հուշերը, օրագրերը, մեզ հասած մամուլի էջերը… Հայտնի չլինելն ավելի մեծ ողբերգություն չէ, քան սովից մեռնելը, գնդակահարվելն ու կտտանքների ենթարկվելը, կամ՝ Վազգեն Շուշանյանի պես անգերեզման մնալը, որին եւս, մինչ օրս, հասարակությունը լավ չի ճանաչում, եւ այս առումով ժամանակակից հեղինակները շատ ավելի բախտավոր են, քան իրենց նախորդները…
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2023