Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են Ազգային ժողովի, Կառավարության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ։ Օրակարգային հիմնական հարցերը առնչվել են Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական հատվածի ներկայացմանը, ներառյալ՝ ժողովրդագրական նպատակային ցուցանիշներին հասնելու հետ կապված խնդիրներին, ծրագրերին, ռեսուրսներին ու ժամկետներին։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն առանցքային նշանակություն ունեն պետության կայուն զարգացման եւ այդ նպատակով՝ մարդկային կապիտալի աճին ուղղված կրթական, առողջապահական, սոցիալական եւ զբաղվածության քաղաքականությունների մշակմանն ուղղված որոշումների կայացման գործընթացում եւ հավելել, որ այս խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնելը Կառավարության առաջնահերթություններից է։
«Կասկածից դուրս է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության կարեւոր բաղադրիչը թիրախային ծրագրերն են։ Արդեն իսկ ունենք ծնելիության խթանման մեկնարկած ծրագրեր․ 2022թ. հունվարի 1-ից ընդլայնվել է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման վայրից: 2022թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ նշանակվել եւ վճարվում է դրամական աջակցություն՝ ամսական 50 հազ դրամի չափով։
Կարդացեք նաև
Որպես ծնելիության խթանման երաշխիք՝ պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք երեխա ունեցող ծնողների աշխատանքը եւ երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները։ Պակաս կարեւոր չեն նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը ու դինամիկ վերլուծությունը։
Վստահ եմ, որ մեր գործընկերների կողմից 2023-2030 թվականների համար մշակվող «Ժողովրդագրական ռազմավարությունն» ապահովելու է թվարկված խնդիրների լուծումը»,- իր խոսքում նշել է փոխվարչապետը։
ՀՀ կառավարություն