Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտի նպատակն է ամբողջ աշխարհին ներկայացնել իր երկրի գործիքը

Փետրվար 06,2023 12:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ներկայացնող 2022 թվականի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2022 մրցույթում քանոնահար, երրորդ կուրսի ուսանող (պրոֆ. Ծովինար Հովհաննիսյանի մասնագիտական դասարան) Անահիտ Հարությունյանն արժանացել է առաջին մրցանակին։

Նրա կյանքում ամեն ինչ կապված է երաժշտության հետ. ֆիլմը նայելիս հետեւում է մեղեդային գծին, կարդալիս գրքի տողերը մտքում վերածում է հնչյունային կերպարների։ Դժվար է պատկերացնել, որ այս աղջնակի մասնագիտության ընտրությունը կարող էր ուրիշ ճանապարհով գնալ։ Մի օր դպրոց է այցելում քանոնի ուսուցչուհի եւ ո՞վ կուզի հաճախել քանոնի դասերին հարցին՝ առաջինը ոգեւորությամբ արձագանքում է 7-ամյա Անահիտը։ Գործիքի մասին հանրակրթական դպրոցի աշակերտուհին լսել ու տեսել էր հեռուստատեսությամբ հաճախ ներկայացվող հաղորդումներում։ Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցից եկած հյուրը Նունե Նավասարդյանն էր, ով կդառնա Անահիտի առաջին ուսուցիչը։

Ուսման տարիներից սկսվեցին սանի ելույթները մրցութային ու համերգային բեմերին՝ մայրիկի ոգեշնչմամբ եւ Մուշի, Ապարանի արմատներով ազգային երաժշտությամբ գոտեպնդվող ընտանիքի խրախուսմամբ։

Որոշիչ էր հատկապես մենահամերգներից մեկը. դահլիճում էր քանոնի հայկական դպրոցի նորագույն պատմությանը կյանք տվող երաժիշտ Ծովինար Հովհաննիսյանը, ով ավելի ուշ կդառնա Անահիտի կոնսերվատորիական տարիների ուսուցիչը։ «Նրա նորարարությունների շնորհիվ նոր սերունդը մեծ խանդավառությամբ է մոտենում քանոնին, որն այնքան ժամանակակից ու համահունչ է այսօրվա ամենատարբեր հրամայականներին»,-համոզված է մեր լավագույն ուսանողը։ Լսե՞լ եք ինչպիսի երանգով է հնչում քանոնը Նիկողայոս Տիգրանյանի մուղամների փոխադրումներում, սա այլեւս «անսանձ», շատ քաղցր Արեւելքը չէ, այլ Արեւմտյան մշակույթը սնած միջերկրածովյան զգացողությամբ տավիղն է՝ ազնվազարմ եւ ուշիմ։ Այսօր քանոնի նվագացանկի համալրումը գնում է անցյալի ու ներկա հայ կոմպոզիտորներին անդրադառնալով, այս շարքում է Արամ Խաչատրյանի «Տոկատը», որի երկու քանոնի համար տարբերակը մի օր բեմ է բարձրանալու՝ Անահիտի մասնակցությամբ։ Չափազանց կարեւոր է քանոնի համար ստեղծված օրիգինալ գործեր նվագելը, այս դեպքում նա նշում է ստեղծագործական տարբեր սերունդ ներկայացնող Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ Աննա Գարսոյանին (ով եղել է Անահիտի սոլֆեջիոյի ուսուցիչը) եւ ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնից համակուրսեցի Կարեն Սարջանյանի դեռեւս տարիներ առաջ ստեղծված «Արեւելյան ֆանտազիա»-ն։ Քանոնի այսօրվա երկու ափերը՝ ստեղծագործականն ու կատարողականը միավորվում են գործիքը պատրաստող վարպետների շնորհիվ։ Նրանց որոնումների արդյունքում այն ստանում է ավելի մեծ ձայնածավալ ու տարբերվող հնչողություն։ Անահիտն այս դեպքում հիշում է իր քանոնի վարպետին՝ Ապրես Վանոյանին։

Այսօր ուսանող Անահիտը նաեւ ուսուցիչ ու անսամբլային գործունեությամբ երաժիշտ է. Նարեկացի արվեստի միության «Նովա» ազգային գործիքների անսամբլի անդամ է, աշխատում է իր հարազատ՝ Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ սկսել է ղեկավարել ազգային գործիքների 12 հոգանոց անսամբլը։ Որպես մանկավարժ հմտանում է նաեւ Զովունիի երաժշտական դպրոցում՝ իր առաջին ուսուցչի, այսօր այդ կրթօջախի տնօրեն Նունե Նավասարդյանի կողքին։

Կոնսերվատորիայում ուսանողին ոգեշնչում է «Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոն»-ը, ավելացնում է, որ ամեն անգամ հարազատ բուհ մտնելիս ուրախանում է՝ հիշելով սիրելի ամբիոնը։ Քանոնահար Անահիտին հետաքրքիր է նաեւ հետազոտական գործունեությունը. Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Անահիտ Բաղդասարյանի ղեկավարությամբ 2022թ. նոյեմբերին մասնակցել է ԵՊԿ Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության գիտաժողովին՝ ներկայանալով «Ծովինար Հովհաննիսյանի կատարողական դպրոցը» զեկուցումով։

Անահիտը ոգեւորությամբ է նշում իր համար կարեւոր ասպարեզի՝ գործիքավորմամբ զբաղվելու եւ միանգամից համարձակ քայլեր կատարելու մասին։

Մեր լավագույն ուսանողը իր մասնակցած միջազգային մրցույթների հաջողությունների մեջ ավելի շատ տեսնում է Հայաստանին ու մեր մշակույթին տրված բարձր գնահատականը։ Նա վստահ է, որ ազգային գործիքներից յուրաքանչյուրը պետք է մնա երիտասարդ, ինչը հնարավոր է միայն ընդլայնելով դրանց արտահայտչական հնարավորությունները։ Քանոնը բոլոր գործիքների հետ ներդաշնակ է հնչում, հանդիպում են նաեւ անսպասելի համադրություններ, օրինակ՝ կոնտրաբաս կամ թավջութակ։

Անահիտն իրեն միշտ տեսնում է երաժշտության մեջ, նրա նպատակն է ամբողջ աշխարհին իր երկրի գործիքը ներկայացնի ու այդ կերպ շարունակի Ծովինար Հովհաննիսյանի դասարանի մշակութային մարտավարությունը։

Երեւանի Կոմիտասի անվան

պետական կոնսերվատորիայի

հանրային կապերի բաժին

«Առավոտ» օրաթերթ
04.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728