Զբաղվածության խնդիր, ջրագծերի նորոգում, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներ՝ այս եւ նմանատիպ հարցերով էին Սիսիանի համայնքի բնակավայրերի բնակիչները դիմում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Սիսիանում։ Վաղատին բնակավայրում հանդիպման ավարտին դահլիճ մտած տղամարդը հայտարարեց, որ կարեւոր մի հարց ունի։ 83-ամյա Ռուբիկ Մելիքսեթյանին անհանգստացնում էին անվտանգային խնդիրները։
«Հեռադիտակը վերցնում եմ, մեր բալկոնից տեսնում եմ՝ թե սարի հետեւում թուրքերը ինչ են անում։ Չեմ ասում՝ թշնամություն անենք հետները, բայց զինեք մեզ, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր տունը»,-ասաց Ռուբիկ պապը։
Կարդացեք նաև
Վերջինս համոզված է՝ այսօր բոլորը պիտի միաբան լինեն։ «Կապ չունի՝ ով որտեղից է, ո՞ր կուսակցությունից․ միաբան պիտի լինենք, որ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Վաղատնի 83-ամյա բնակչին նվիրեց Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը։
«Յա, կկարդամ, մեր օրերի գիրք է, տեսնեմ ինչ կարելի է անել, որ գլխովին չկորչենք»,-կես կատակ, կես լուրջ արձագանքեց Ռուբիկ Մխիթարյանը։
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է զբաղվել, ժամանակին ի՞նչ է աշխատել Ռուբիկ պապը։ «Տղա ջան՝ չզարմանաս, հովիվ եմ եղել, մեր գյուղի ոչխարներն եմ պահել։ Հա, շինարարական տեխնիկում եմ ավարտել, գրքեր եմ կարդացել, հիմա էլ պատրաստ եմ հայրենիքս պաշտպանել»,-պատասխանեց Ռուբիկ Մխիթարյանը։ Հետո հարցրեց՝ բա ինչո՞ւ ես հարցուփորձ անում։ Տեղեկանալով, որ հոդված եմ գրելու՝ ասաց․ «Մի բան էլ ես խնդրեմ։ Կլինի ինձ նկարես թոռանս ու ծոռանս հետ, թող բոլորը տեսնեն, Սիսիանի Վաղատին գյուղում ինչ տղերք են մեծանում՝ պապիկի նման ուժեղ»։
Ի դեպ, նա բոլորին հրավիրեց ամռանը՝ հունիսի 7-ին մասնակցելու իր ծննդյան տոնակատարությանը։
«Համ էլ Նժդեհի գաղափարները կքննարկենք, տեսնենք՝ ապագայում ինչ ենք անելու»,-հրաժեշտից առաջ ասաց Ռուբիկ Մխիթարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ