Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու լրագրող չես», «հոսանքդ կկտրեմ»… Պաշտոնյաները հանցագործություն են անում՝ լրագրողներին արհամարհելով կամ անպատվելով

Փետրվար 05,2023 19:14

«Վերջին տարիներին հետևողականորեն ձևավորվել է լրագրողների հետ շփվելու պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների և նախարարների գերակշիռ մասի, միանգամայն հանցավոր մշակույթ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնյաները ելակետ են ընդունում էությամբ միանշանակ այն ապօրինի մտայնությունը, ըստ որի՝ իրենք ազատ են որոշելու, թե ո՞ր լրատվության միջոցների հարցերին կարող են պատասխանել, և լավագույն դեպքում՝ ո՞ր հարցերին կուզենան պատասխանել: Ընդ որում, վերջիններս պատասխանելուց խուսափում են նաև տարաբնույթ ապօրինի հիմնավորումներով, որոնք էլ հաճախ ուղեկցվում են բացահայտ վիրավորական և ժարգոնային կամ ուղղակի ցածր կենցաղային բառապաշարով. «Ակնհայտ թերի իրավագիտակցության համատեքստում նշված պաշտոնյաները թերևս այն թյուր ընկալումն ունեն, որ հարցերին պատասխանելուց հրաժարվելով, իրենք իբր չեն խոչընդոտում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, մինչդեռ այդպիսի արարքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված իրենց իսկ կողմից ընդունված և արդեն 2022թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով: Վերջիններիս սխալմամբ թվում է, թե «խոչընդոտելու» հանցակազմը դրսևորվում է բացառապես բռնություն գործադրելու, լրագրողների ազատ տեղաշարժը կամ աշխատանքը արգելելու և այլ նմանաբնույթ գործողություններով: Ավելին, ցածր իրավագիտակցությունը թույլ չի տալիս համարժեք ընկալելու, որ երբ իրենց ժխտողական պահվածքը բացատրում են ոչ թե հարցերին պատասխանելու իրավական հնարավորության բացակայությամբ, այլ պարզապես լրատվության միջոցի հայացքներով, ապա բացահայտ խախտում են խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով (203-րդ հոդված) դարձյալ քրեական պատասխանատվություն է սահմանված: Իհարկե, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմի մասին կարող է խոսք լինել, եթե պաշտոնյան պարտավորված լինի պատասխանելու վերջինիս բանավոր հարցերին: Նկատենք, որ այդ պարտականությունը հստակ ամրագրված է մի քանի իրավական նորմերով: Ավելին՝ անկախ նրանից, թե իր, մեղմ ասած, անխոհեմ պահվածքը որքանով է խրախուսվում իր վերադասի կողմից, պաշտոնյան պարտավոր է ամեն դեպքում հարգալից լինել լրագրողների նկատմամբ, զերծ մնալ վերջինիս անձը կամ լրատվության միջոցը որևէ կերպ նշավակելու վարքագծից»:

Գեւորգ Դանիելյանը բացատրեց, թե պաշտոնյաները որքանով են պարտավորված պատասխանելու լրագրողների հարցերին. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, «բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում»: Ինչպես բխում է նշված իրավանորմից, տեղեկատվություն տնօրինող պաշտոնյան ոչ միայն պետք է պարզապես պատասխանի, այլ պարտավոր է պատասխանել «անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում»: Ընդ որում, պաշտոնյան իրավասու չէ ճշտելու, թե դիմողը ինչ նպատակով կամ հիմնավորմամբ է հարցը տալիս, որովհետեւ ըստ օրենքի, «դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը» («Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս): Կարո՞ղ է, արդյոք, տեղեկատվություն տնօրինող պաշտոնյան որոշ դեպքերում հրաժարվել պատասխանելուց: Այո, կարող է, սակայն այդ դեպքերը սպառիչ ու հստակ ամրագրված են օրենսդրությամբ եւ չեն թողնվել պաշտոնյայի հայեցողությանը: Մասնավորապես, «Տեղեկատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, որում փոփոխություններ են կատարվել դեռ վերջերս՝ 2022 թ. հունիսի 9-ին,

Նախ 1-ին՝տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք

2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը

3) պարունակում է քրեական վարույթի` հրապարակման ոչ ենթակա տվյալներ

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).

5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:

2-րդ՝ եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

3-րդ՝ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ` պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.

2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.

3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա»:

Գործնականում պաշտոնյաները իրենց ժխտողական դիրքորոշումը չեն փորձում հիմնավորել վերը նշված իրավական հիմքով և սկզբունքորեն չեն էլ կարող դրա վրա հղում անել, քանզի կոնկրետ իրավիճակների վերլուծությունը բացահայտ ցույց է տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները պարզապես չեն վերաբերում տրվող հարցերին: Ըստ այդմ էլ՝ նշված օրենքի 14-րդ հոդվածի համաձայն. «Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը (ընդգծումը մերն է) կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն»: Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս»: Ցավոք, բարեկիրթ վերաբերմունքի մասով օրենսդրի իմպերատիվ պահանջը վաղուց մոռացության է մատնվել: Այսպիսով, բանավոր հարցին պատասխանելը ոչ թե հայեցողության, այլ ստույգ օրենսդրական պահանջ է»:

Անդրադառնալով այն հարցին, թե օրենքով իրեն վերապահված պարտականությունը չկատարելով, ինչպե՞ս կարող է պաշտոնյան խոչընդոտել լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը՝ Գեւորգ Դանիելյանն ասաց. «Նախ, վերլուծենք ՀՀ քրեական օրենսգրքի «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը» վերտառությամբ 237-րդ հոդվածով ամրագրված նորմը, ըստ որի՝ հանցագործություն է համարվում լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կարող է պատժվել ընդհուպ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամանակով: Խնդիրն այն է, որ հարցին չպատասխանելով, պաշտոնյան ցուցաբերում է հանցավոր անգործություն՝ հստակ գիտակցելով, որ զրկում է լրագրողին անարգել կատարելու իր օրինական ծառայողական պարտականությունները, այն է՝ ստանալու և տարածելու տեղեկատվություն:

Ընդ որում, տեղեկություններ ստանալու և տարածելու ազատությունը ամրագրված է անմիջապես Սահմանադրությամբ՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը» (Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մաս): Այսինքն՝ հիշյալ վարքագծի արդյունքում խաթարվում է անձի նկատմամբ ստանձնած պետության պարտավորությունը: Էլ ավելի ծանր իրավական հետևանքներ են նախատեսված այն պաշտոնյաների համար, որոնք անթաքույց փոխկապակցում են իրենց ժխտողական կեցվածքը լրագրողի անձի կամ լրատվության միջոցի հետ, օրինակ՝ երբեմն հրապարակայնորեն անում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Դուք արժանի չեք», «Ձեզ չեմ համարում լրատվության միջոց», «Կկտրեմ ձեր հոսանքը» և այլն:

Այս դեպքում, հիշյալ պաշտոնյաները, նախ անտեսում են Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից (ընդգծումը մերն է), ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Բացի այդ, լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելը ևս դիտարկվում է որպես ինքնուրույն հանցավոր արարք, որի համար քրեական պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով: Ընդ որում, եթե իշխանական լիազորությունների չարաշահմամբ պատճառված վնասը լինի էական, ապա պաշտոնյայի արարքը կորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով, որպես պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը: Իհարկե, իրավաքաղաքական մթնոլորտը պաշտոնյաների համար երաշխավորել է լրագրողների հետ վարվելաձևի ինդուլգենցիա, սակայն վերջիններս պետք է հասկանան, որ այդ մթնոլորտը հավերժ չէ, բացի այդ, յուրաքանչյուրը պարտավոր է նաև ինքը նվազագույն չափով պատասխանատու լինել իր առջև և տրվել ոչ թե հույզերի ու զգացմունքների ազատությանը, այլ առողջ բանականության գերակայությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728