Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ «Առողջության ապահովագրության նախագիծը նման է նրան, կարծես ասեն՝ հարկ ենք ներդնելու, բայց չենք ասի՝ որքան»

Փետրվար 05,2023 18:36

Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգն ընդունվեց կառավարության փետրվարի 2-ի նիստում։

Կառավարությանը ներկայացրած նախագծում նշված է, որ ԱՀԱ ներդրումը ենթադրում է, որ կարճաժամկետ հատվածում եւ երկարաժամկետ կտրվածքով այդ լրացուցիչ ծախսերը կունենան դրական ազդեցություն տնտեսության վրա․« Բնակչության կողմից ուղղակիորեն բժշկական օգնության եւ սպասարկման դիմաց կատարվող վճարումների կրճատման հետեւանքով կավելանան սպառողական ծախսերը տնտեսական գործունեության այլ ոլորտներում, կկրճատվի առողջապահական ծախսերի ազդեցության պատճառով աղքատացած եւ ծայրահեղ աղքատության խմբում ընդգրկված բնակչության թվաքանակը»։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կասկածի տակ է դնում կառավարության  հաշվարկներն ու գնահատականը։

Aravot.am-ի հետ զրույցում Ֆանյանն ասում է՝տեղի է ունենալ ծախսերի վերաբաշխում, համակարգին միանալով՝ քաղաքացին իր գրպանից է վճարելու։ Այսինքն, այսպես, թե այնպես, քաղաքացին յուրաքանչյուր ամիս ապահովագրությանը որոշակի գումար է վճարելու, ենթադրաբար, այլ ծախսեր կրճատելով։

Բացի այս, Ֆանյանը հիշեցնում է Համաշխարհային բանկի զեկույցը համակարգի մասին, որտեղ հակառակն է նշված․«Զեկույցում դիտարկվել են  առողջապահության համապարփակ ապահովագրության տարբեր մոդելներ, թե ինչպես կարելի է իրականացնել, օրինակ՝ ավելացված հարկի միջոցով, ակցիզային հարկի միջոցով եւ այլ մոդելներ։ Զեկույցի հեղինակները ցույց են տալիս, որ անկախ մոդելից,  որն էլ ներդրվի, սկզբնական շրջանում ազդեցությունը բացասական է լինելու»։

Տնտեսագետն այս նոր հայեցակարգում դրական փոփոխություններ էլ է առանձնացնում, ասում է՝  ապահովագրվողի համար հաստատագրված վճար է լինելու, իսկ նախկին ծրագիրը ենթադրում էր առողջապահական հարկի տեսքով վճար կատարել։ Բացի այս, նախատեսվում է, որ 2026 թվականին ԱՀԱ-ին հնարավորություն կունենան միանալու բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք եւ գյուղատնտեսությունում զբաղվածները, այլ աղբյուրից եկամուտ ստացողներն էլ պետք է վճարեն։ Օրինակ՝ անձը գործազուրկ է, սակայն բնակարանի վարձակալությունից եկամուտ է ստանում։  Այս փոփոխությունները  Ֆանյանը եւս դրական է գնահատում։

Սակայն խնդրահարույց է համարում, որ հայեցակարգում նշված չէ, թե  որքան է կազմելու մեկ անձի ապահովագրության գումարը։

«Սա նման է նրան, ինչպես մեր քննարկման ժամանակ ասաց մասնակիցներից մեկը,  որ կառավարությունն ասում է՝ հարկ ենք ներդնելու, բայց չենք ասի, թե որքան, կգա ժամանակը, կասենք»,-ասաց Ֆանյանը։ Նշում է՝ աշխատանքային քննարկումների ժամանակ պատասխանատուները նշել են 150-200 հազար դրամ ապահովագրավճար է լինելու՝  մեկ ապահովագրվածի հաշվով մեկ տարվա ծախսն է, որը  տարժամկետ վճարումով է կատարվելու։ «Ապահովագրականն ընկերություններն էլ  այս գումարով կարող են շատ լավ իրականացնել։ Եթե ասենք՝ 2,5 մլն բնակչության ապահովագրություն լինի, այդ ընկերությունների ռիսկերը կնվազեն, հետեւաբար գինն էլ կնվազի»,-նշում Ֆանյանը։

Ըստ նախագծի, առողջության համապարփակ  ապահովագրության ոլորտի  կառավարման նպատակով եւ համակարգի ներդրման նախապատրաս­տա­կան փուլում ստեղծվելու է հիմնա­դրամ, որն էլ ունենալու է կառավար­ման խորհուրդ։ Փոխհատուցման համար կիրառվելու են ԱՆ կողմից հաստատված նոր մեթո­դաբանության հիման վրա հաշվարկված բժշկական օգնության եւ սպասարկ­ման ծառայությունների գները։

Տնտեսագետը խնդրահարույց է համարում, որ պետությունը կարգավորելու է առողջապահական ծառայությունների գները, չի բացառում, որ այդ դեպքում կառաջանա ստվերային վճարների ինստիտուտ․«Մեր քննարկման ժամանակ բժիշկներից մեկը նշեց, որ իր այսինչ վիրահատությունն արժե 650 հազար դրամ,  պետությունը փոխհատուցում է 350 հազար դրամը։ Այսինքն, մարդիկ ստիպված են լինելու հավելյալ վճարումներ անել։ Բացի այս, երբ պետությունը կարգավորի շուկայական գները, այս ոլորտում շահութաբերության մարժան ընկնելու է,  մասնավոր հիվանդանոցները ներդրումներ են անում, նոր սարքավորումներ են գնում,  եւ եթե շահութաբերության մարժան ընկնի, դա ազդելու է նրանց ծառայությունների արդիականացման վրա»։

Ֆանյանն ասում է՝ եթե հանկարծ ծրագիրը ձախողվի, այսինքն՝ ներդրվի ու հենց սկզբից լուրջ խնդիրներ առաջանան, մենք  կորցնելու ենք  շատ թանկ ռեսուրս՝ ժամանակը․« Կորուստը ոչ թե ներդրվի ու 2-3  տարի չստացվի,  այլ այն իմաստով, որ դրանից հետո 6-10 տարի չեն կարողանալու վերադառնալ այլ մոդելի, եթե այս մեկը ձախողվի։ Եվ հետո երբ  ցանկացած այլ անձ գա ու փորձի բարեփոխում անել, դա նախ արժանանալու է հասարակության դիմադրությանը։ Ուստի  շատ կարեւոր է, որ ամենասկզբում ծրագիրն իրականացվի շատ մտածված եւ գրագետ եւ հստակ լինի՝ ինչ ենք ուզում իրականացրած լինենք»։

Ֆանյանը վերջերս սոցիալական ցանցում համակարգի վերաբերյալ ցուցանիշներ էր ներկայացրել․«Ըստ ՀՀ առողջապահական ազգային հաշիվների՝ ՀՀ-ում բժշկական ծառայությունների դիմաց ծախսերը 2021թ-ին կազմել են 684 միլիարդ դրամ, ինչը շուրջ 70%-ով գերազանցում է 2018թ-ի նույն ցուցանիշը։ Ռեզիդենտ տնային տնտեսությունների կատարած ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 73%-ը կամ 498 միլիարդ դրամ՝ 2018 թ-ի համեմատ աճելով ավելի քան 60%-ով: Այնինչ, պետական հատվածի ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 23%-ը կամ 159 միլիարդ դրամ, ինչը երկու անգամ գերազանցում է 2018թ-ի նույն ցուցանիշը։

Իսկ համաձայն առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի՝ Հայաստանում համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար 2027 թ-ին կպահանջվի 370 միլիարդ դրամ, ինչը շուրջ երկու անգամ զիջում է այսօր իրականացվող ծախսերի մեծությանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728