Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի կանանց առաջնությունը։
Անցկացվեց երեք եզրափակիչ մենամարտ։ 48 կգ քաշային կարգում հանրապետության չեմպիոնուհու կոչումը նվաճեց Գայանե Տեր-Բարսեղյանը, 52-ում՝ Անուշ Գրիգորյանը, 57-ում՝ Տաթեւիկ Խաչատրյանը։
Մենամարտից հետո Գայանե Տեր-Բարսեղյանն ասաց․ «Շնորհակալ եմ ծնողներիս, որովհետեւ նրանք իմ կողքին եղան, եւ ես նրանցից ավելի ուժ ստացա։ Ես իմ ծնողներին շատ եմ սիրում»։ Գայանեն նաեւ բռնցքամարտում իր կուռքն ունի։ Նա շատ է ցանկանում նմանվել իր քույրիկին՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Սյուզի Կենտիկյանին։
Կարդացեք նաև
Առաջնության ավարտին Aravot.am-ը զրուցեց նաեւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ։
-Պարոն Մեհրաբյան։ Առաջնությունը կանանց ընտրանու գլխավոր մարզչին ի՞նչ ցույց տվեց։
-Ցույց տվեց, թե աղջիկներն ինչքանո՞վ են պատրաստ աշխարհի առաջնությանը ու եվրոպական խաղերին։ Նպատակս այդ երկու մրցումներին լավ մասնակցելն է։
-Կանանց պարագայում է՞լ աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշ չի տալիս։
-Ուղեգրեր խաղարկվում են միայն Եվրոպական խաղերում։
-Այսինքն, Եվրոպայի բռնցքամարտիկները Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կարող են վաստակել միայն ա՞յդ մրցաշարում։
-Առայժմ այս տարվա օրացուցային պլանում ուրիշ ոչինչ չկա։ Բայց, հավանաբար, որեւէ վարկանիշային կլինի։ Ինձ այդպես է թվում։
-Հայաստանի առաջնությանը չմասնակցեցին մեր առաջատար կին բռնցքամարտիկները, մասնավորապես, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը։ Ինչո՞ւ։
-Ցավոք, իրենց քաշային կարգերում իրենք մրցակիցներ չունեն։ Ցանկալի էր, որ լինեին, որպեսզի հենց այս ռինգից սկսած նրանք սկսեին նախապատրաստվել կարեւորագույն պաշտոնական մեկնարկներին։ Կարծում եմ, մենք այս ժամանակաընթացքում կգտնենք մի որեւէ մրցաշար, որպեսզի մեր առաջատարները կարողանան նախապատրաստվել։
-Փաստորեն, Անի Հովսեփյանը եւ մեր մյուս առաջատար աղջիկները իրենց քաշային կարգերում մրցակից չունենալով Հայաստանում անելիք չունե՞ն։
-Այնքան էլ այդպես չէ։ Նրանց մրցակիցների մի մասը քաշային կարգերն է փոխել, մյուսները․ այո, խուսափում են ռինգում նրանց հետ հանդիպելուց։ Մտածում եմ, մինչեւ այդ մրցաշարերը դրսից հրավիրենք մեր առաջատարների համար մրցակիցներ, որպեսզի մարզումային մենամարտեր անցկացնելու եւ արժանիորեն նախապատրաստվելու հնարավորություն ունենան։ Ուրիշ ճանապարհ առայժմ չեմ տեսնում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ