Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հիմնավոր է ակնկալիքը զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ. «Առերեսում»

Փետրվար 04,2023 22:00

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Հայաստանը մասնավորապես պահանջում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով: Սակայն նաեւ տեսակետ կա, թե զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքի բացում ակնկալելն անհեռանկար գործ է: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն անդրադառնալով այս տեսակետին՝ ասաց. «Ես ընդհանրապես միշտ զարմացել եմ մեր ժողովրդի իրավական նիհիլիզմի վրա: Մենք երբեւիցե լուրջ չենք վերաբերվել իրավական փաստարկներին: Ու անցած 20-ից ավելի տարիների ընթացքում, երբ բոլոր հնարավորություններն ունեինք նաեւ իրավական ճանապարհով փորձելու հասնել Արցախի ճանաչմանը կամ գոնե մեր իրավունքների ուժեղացմանը՝ մենք դրանով չէինք զբաղվում՝ «քաղաքական ռեալիզմի դպրոցի» ներկայացուցիչների գաղափարներով ասելով, թե «ուժն է ծնում իրավունք» ու միայն ուժային գործողություններն են, որ հարցը լուծում են: Իհարկե, այսօրվա պատերազմող աշխարհում, երբ Եվրոպայի կենտրոնում, աշխարհի տարբեր մասերում պատերազմներ են ընթանում՝ մի քիչ միամիտ կարող են հնչել իմ խոսքերը, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ նույնիսկ այդ ռազմական ուժն այսօրվա աշխարհում միշտ փորձում է կիրառվել միայն իրավական հիմնավորումներից հետո: Ռուսաստանը երբ մուտք գործեց (հարձակվեց, ներխուժեց՝ ինչ տերմին ուզում եք, օգտագործեք) Ուկրաինա, այնուամենայնիվ, փորձեցին բերել պատմական փաստարկներ՝ ՌԴ նախագահը փորձում էր պատմականորեն արդարացնել իրենց մուտքը, եւ նաեւ իրավական որոշումներ եղան՝ շեշտադրելով ցեղասպանական հնարավոր գործողությունները եւ այլն: Այսինքն՝ իրավական գործոնները շատ կարեւոր են ցանկացած պարագայում, եւ դրանք պետք է կուտակել, որպեսզի հետագայում նաեւ կիրառվեն: Եվ ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը դա շատ լավ արել է այսքան տարի՝ տարբեր մակարդակներում, տարբեր հանդիպումներում, միշտ բանաձեւեր ընդունելով, որոնց միշտ քամահրանքով էինք վերաբերվում: Բայց հետո մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ իրենք իրենց դարակներից հանեցին այդ հայտարարությունները: Եվ չեմ ասում, թե շատ մեծ չափով, բայց միգուցե ինչ որ չափով դա ազդեց որոշ չեզոք պետությունների վրա՝ դիրքորոշում ունենալու համար»:

Իրավական նիհիլիզմին այս դեպքում գուցե նպաստում է նաեւ հետեւյալը՝ 2022-ի դեկտեմբերին էլ ՄԻԵԴ-ն էր քննում Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասով միջանկյալ միջոց կիրառելու հարցը: Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ կիրառեց. այդ վճռի կատարման վերահսկողությունը դրված է ԵԽ նախարարների կոմիտեի վրա: Բայց մինչ օրս Ադրբեջանը որեւէ քայլ չի ձեռնարկել ՄԻԵԴ-ի վճռի կատարման առումով: Շրջանառվող այս փաստարկին ի պատասխան՝ հաղորդման մյուս հյուրը՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասաց. «ՄԻԵԴ որոշումը մեծ ազդեցություն թողեց քաղաքական գործընթացների վրա: Եթե մենք համեմատենք մինչեւ դատարանի վճիռը քաղաքական աջակցությունը Հայաստանին ու Արցախին, եւ վճռից հետո, ապա կտեսնեք էական ինտենսիվացում: Եվրոպական դատարանի վճիռը շատ լեգիտիմ հիմք է, որպեսզի շահագրգիռ պետություններն ունակ լինեին միակողմանի հայտարարություններով հանդես գալ: Մենք առհասարակ ունենք այս միտումը, որ միջազգային գործընկերները փորձում են հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ եւ եթե դատապարտում են մի պետությանը, ապա անպայման որոշակի ասելիք կունենան նաեւ մյուս պետության առնչությամբ: Բայց մենք այս դեպքում ունեցանք միակողմանի դատապարտումներ ու կարծում եմ, որ դատարանի վճիռն ունեցավ իր ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:

Մյուս կողմից՝ չենք կարող ասել, թե Եվրոպական դատարանի վճիռը չի կատարվում: Նախ՝ վճիռը չի վերաբերվել ընդհանուր ապաշրջափակմանը: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել հիվանդների եւ մարդասիրական խնդիր ունեցող անձանց տեղաշարժը: Եվ մենք տեսնում ենք, որ Կարմիր խաչի գործունեությունն ավելի արդյունավետ դարձավ Եվրոպական դատարանի վճռից հետո: Ճանապարհին առանց ապաստանի եւ գոյության միջոցների մնացած անձանց մասով, կարծում եմ, որ լիարժեք կատարում չկա: Եվ սրանով է նաեւ բացատրելի, որ Եվրոպական դատարանը ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտեին, որպեսզի քաղաքական գործընթացներով մեծացնեն ճնշումը Ադրբեջանի նկատմամբ:

Եվ վերջին նկատառումը՝ մենք հասկացանք, որ Հայաստանը չկարողացավ ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը: Մենք ռազմական ոլորտում այս պահին հաջողություններ չունենք: Քաղաքական բանակցություններում կարծես պարտվողական է… չեմ կարծում, թե Հայաստանը հավասար դիրքերով է հանդես գալիս մյուսների համեմատ: Մենք այլընտրանք չունենք, քան իրավական հարթակը»:

Սիրանուշ Սահակյանը նաեւ կանխատեսեց, որ միջանկյալ միջոցը կատարվելու է. «Եվ որոշակի հանգամանքներում՝ միջանցքը բացվելու է: Որքան տեւական կլինի կամ կրկնվող կլինի այդ գործողությունը՝ դժվար է կանխատեսել: Բայց ինքս կարծում եմ, որ պարբերական բնույթ է կրելու այդ բացել-փակելը, որը նաեւ հոգեբանական զենք է արցախահայության դեմ, ու կարող է հանգեցնել կամային որոշումների: Յուրաքանչյուր վերաբացումից հետո մենք կունենանք բնակչություն նվազում»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728