Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում. «Հրապարակ»

Փետրվար 04,2023 11:49

«Գերությունից վերադարձածները մեր երկրում տեղ չունեն. եթե ուզում են գոյություն քարշ տալ, պիտի ապրեն պետության վրա հույս չդնելով: Կամ՝ լինեն այնքան աննկատ, որ իրենց լինել-չլինելը միայն ընտանիքը նկատի»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմում գերեվարված, ապա վերադարձված Արթուր Ստեփանյանը:

Պայմանագրային զինծառայող է եղել: Պատերազմ է մեկնել Էջմիածնի «քիմիկների զորամասից»: Կովսականում (Զանգելան) ավտոբուսներից իջնելուն պես թշնամու կողմից հարձակման են ենթարկվել: «Մենք 62 հոգի էինք, իրենք մի 600 կլինեին: Իջանք, թե չէ՝ կրակի մեջ առան: Մեզ դիտավորյալ, թե չիմանալով էին տարել թշնամու բերան՝ չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ մեզնից 30-35 հոգի մինչեւ այսօր չկան»:
Հասկանալով, որ հայտնվել են շրջապատման մեջ, ով որ կողմ կարողացել՝ փախել է: Իրեն ու զինակից երեք ընկերներին արբեջանցիները հետապնդել եւ վերցրել են շուրջկալի մեջ: «Մեզ գերի վերցրին: Տեղից տեղ տեղափոխելուց հետո տարան Բաքու: Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում»:

Գերությունից վերադառնալուց հետո պետական որեւէ կառույցից նրան չեն հիշել, չեն այցելել, որպիսությամբ չեն հետաքրքրվել:

Գիտակցելով, որ որեւէ մեկի հետ հույս կապել չի կարող, ինքն անձամբ է դռներ թակել՝ աշխատանք գտնելու հույսով: Չեն ընդունել, նույնիսկ լսել չեն ցանկացել: «Որտեղ դիմում եմ գրել, պատասխանել են՝ հանգամանքներից ելնելով, ընդառաջել չենք կարող: Բա հիմա ես ի՞նչ անեմ, չորս երեխաներիս ո՞նց պահեմ: Յոթ տարի տնից, ընտանիքից կտրված՝ ծառայել եմ երկրին, գնացել եմ պատերազմ, ինձ անհայտ պատճառով շրջափակման մեջ ենք հայտնվել, գերի ընկել: Հիմա ո՞րն է իմ մեղքը, որ հայտնվել եմ լուսանցքում..․»։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728