Անցնող շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Ադրբեջանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը նշել է, որ հոգուտ ՀՀ-ի և մեզ համար շահեկան որոշման ակնկալիք չունի:
«Նման ակնկալիք չունեմ, որովհետև մինչև այս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք միջանկյալ միջոցների կիրառման որոշումներ են եղել, որոնք Ադրբեջանի կողմից անկատար են թողնվում: Ադրբեջանը բազմիցս տասնյակ պատերազմական հանցագործություններ, մարդու հիմնարար իրավունքների խախտումներ է թույլ տվել, որոնք արձանագրվել են: Բայց այդ խախտումներն անտեսվել են անգամ տարբեր դրվագներով միջանկյալ միջոցներ կիրառելուց հետո: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՄԻԵԴ-ի, միջազգային ատյանների ակտերի նկատմամբ Ադրբեջանի անտարբերությունը որևէ հետևանք չի ունենում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ Ադրբեջանի բռնատիրական բնույթը: Այս դեպքում, սակայն, ավելի շատ միջազգային կառույցներին պետք է մտահոգեր այն փաստը, որ, անդամակցելով մի շարք միջազգային կառույցների, այդ պետությունը նման անտարբերություն և անհարգալից վերաբերմունք է դրսևորում: Սա միջազգային ատյանների հեղինակության հարցն է»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա մատնանշեց այն փաստը, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տեսակի պատժամիջոց մինչ օրս չի կիրառվել: «Այս դեպքում մասնավորապես եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանի ապօրինի գործողությունների նկատմամբ աչք փակելու միտում կարող ենք տեսնել: Այդ կառույցները հետևողական չեն լինում իրենց ընդունած ակտերի կատարմանը: Մենք ականատեսը չենք եղել գոնե մեղմ սանկցիաների կիրառման: Մյուս կողմից, ըստ իս, իրավական դաշտում գործընթացներ անպայման պետք է տարվեն. դրանք մեր սերունդների համար փոքր կաթիլներ են, ներդրումներ՝ հետագա բանակցային գործընթացում կիրառելու տեսանկյունից: Այդ առումով դրանք որպես իրավական փաստաթղթեր, իրավական ակտեր կարևոր են: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր բռնարարքներին զուգահեռ դատարկ չի թողնում հաև իրավական դաշտը: Գործընթացներ են ձեռնարկում՝ բերելով, իհարկե, իրավական անհեթեթ հիմնավորումներ: Առհասարակ, կարելի է ասել, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության: Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ իմ գնահատմամբ, զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքի բացում ակնկալելն ապաշնորհ գործ է»,-ընդգծեց Գ. Մելոյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։