2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 14,2%-ով, որը համադրելի է տնտեսական աճի ցուցանիշին: Ինչ խոսք, մի կողմ թողնելով պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության գործոնը՝ սա կարելի է տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ համարել համավարակի արդյունքում տնտեսապես էականորեն տուժած Հայաստանի համար։ Բայց հարցի մյուս կողմն էլ այն է, թե այսպիսի բարձր աճն արդյոք ամո՞ւր հիմքերի վրա է Հայաստանի հետագա տնտեսական առաջընթացին նպաստելու համար, և արդյո՞ք օբյեկտիվ հիմքեր ունի այն։
Ռուսաստանցիների գործոնով պայմանավորված՝ շեշտակի թանկացան նաև անշարժ գույքի գներն ու վարձավճարները։ Ճիշտ է՝ այսպիսի տնտեսական տեղաշարժի արդյունքում որոշ տնտեսվարողներ ու անշարժ գույքի սեփականատերեր հաջողացրին հսկայական գերշահույթներ ստանալ, սակայն հասարակ քաղաքացիների վիճակն ավելի բարդացավ։ Ստացվեց այնպես, որ քաղաքացիների եկամուտների ու աշխատավարձերի չնչին, իսկ հիմնականում զրոյական ավելացման պարագայում նրանք ստիպված էին ավելի թանկ գին վճարել ապրանքների ու ծառայությունների սպառման համար։ Հատկապես ծանր էր վարձով ապրողների իրավիճակը, ովքեր զգացին վարձավճարների կտրուկ ու անհարկի թանկացման հետևանքները։ Այսպիսի անտրամաբանական գնաճի արդյունքում ամենաշատը շարունակում են տուժել խոցելի խավերը՝ առաջին հերթին աղքատներն ու ծայրահեղ աղքատները։ Դրանով է պայմանավորված, որ, տարբեր գնահատականների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել:
Մյուս կողմից էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 մլրդ դոլարի սահմանը՝ անցնելով բոլոր կարմիր գծերը։ Փաստացի տնտեսական աճը ամուր հիմքերի վրա դնելու փոխարեն միակ լուրջ աշխատանքը, որը կատարել են օրվա իշխանությունները, նոր պարտքեր վերցնելն է։ Այս ամենով հանդերձ նրանք շարունակում են բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել, թե դրամի արժևորման պարագայում պետական պարտքի այսպիսի ծավալներն այնքան էլ սարսափելի չեն։ Եվ չի խոսվում այն մասին, որ դրամի արժևորումը ժամանակավոր բնույթ ունի և կախված է միայն արտաքին գործոններով։ Նկատի ունենանք, որ ներկայում Ռուսաստանը փորձում է տարբեր ձևերով շահագրգռել ու հետ վերադարձնել Հայաստանում աշխատող ռուսաստանցի մասնագետներին։
Եվ եթե Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները որոշեն վերադառնալ ՌԴ՝ փակելով Հայաստանում բացված հաշիվները, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի կարող է կանգնել կրախի առաջ։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իշխանությունների կողմից այդ պարագայում Հայաստանի տնտեսական աճի տեմպերը պահպանելու համար, մնում է անհայտ։ Տնտեսությունն ուղղակի ինքնահոսի է մատնված։ Արտաքին գործոններով պայմանավորված՝ մեծապես հավանական է դառնում, որ բազմաթիվ բացասական հետևանքներ ևս տնտեսության մեջ իրենց զգալ կտան։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։