Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն դեպքում, դատավարության կողմերի իրավունքները պետք է հավասարապես պաշտպանվեն

Փետրվար 04,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցը՝ «Ահարոնյան ԼՈ ՖԻՐՄ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանը նշում է Կոնվենցիայով կարգավորվող արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունների, ենթադրյալ չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի մասին։

– Պարոն Ահարոնյան, շատ փաստաբաններ դժգոհում են՝ ասելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կատարվում, ինչը հանգեցնում է կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտմանը։

– Այո, պրակտիկայում կարելի է հանդիպել բազմաթիվ դեպքեր, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կատարվում։ Խնդիրը համակարգային է։ Մի դեպքում, օրինակ, դատավարության մասնակիցը տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղյակ լինել իր վերաբերյալ դատարանի վճռի մասին։ Տվյալ պարագայում չծանուցված լինելն արդեն բավարար հիմք է դատական ակտը բեկանելու եւ այն այլ կազմով նոր քննության ուղարկելու համար։ Մյուս դեպքում, որը առավել հաճախ հանդիպող երեւույթ է, փոխառության եւ գրավի պայմանագրի կնքումն է քաղաքացիների միջեւ։ Թեեւ գործարքները հաճախ կատարվում են նոտարական կարգով եւ թվում է, թե բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները հստակ են, սակայն պրակտիկայում փոխառությունների եւ գրավի պայմանագրերը տարիներ շարունակ տեւող վեճի առարկա են դառնում։ Ընդ որում, թեպետ գործարքը լուծելի է քաղաքացիական դատավարության կարգով, սակայն քաղաքացիները պայքարում են նաեւ իրավունքի այլ ճյուղերով՝ քրեական դատավարության կարգով բողոքում են, վարչական կարգով են բողոքում տվյալ պարագայում, օրինակ, հարկադիր կատարման ծառայության դեմ եւ այլն։

– Տվյալ դեպքում վարչական դատարանը հաճախ կասեցնելով Հարկադիր կատարման ծառայության ակտերը՝ բերում է նրան, որ օրինական ուժ ստացած դատական ակտերն անորոշ ժամկետով չեն կատարվում։

– Հենց այդ մասին էլ ասում էի։ Վարչական գործերով գոյություն ունեն առանձին հայցատեսակներ, որոնք թույլ են տալիս հայցադիմումին կից ներկայացնել նաեւ հայցի ապահովման միջոցներ. սա նախատեսում է գործող օրենսդրությունը։ Տվյալ պարագայում անձը հնարավորություն ունի վիճարկել հարկադիր կատարողի գործողությունները, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ ձեռնպահ է պահում հարկադիր կատարողի գործողությունները մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Այստեղ մի կողմում օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողություններն են, մյուս կողմում քաղաքացին է, որի իրավունքները դատավարության որեւէ փուլում ենթադրաբար խախտվել են, ուստի տվյալ դեպքերում պետք է վերանայել օրենսդրությունը, վերհանել նաեւ համակարգային բնույթ ունեցող այս խնդիրները եւ փորձել լուծել դրանք։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ դատավարության կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն հավասարապես։

– Վճռաբեկ դատարանը կարո՞ղ է որեւէ իրավանորմով կարգավորել այս հարցերը, թե՝ ոչ։

– Իմ վարույթում գտնվող մի գործով հենց սպասում եմ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը։ Քաղաքացիները կնքել են փոխառության եւ գրավի պայմանագիր՝ մի կողմի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով։ Կողմը սեփականաշնորհել է վերջինիս գույքը եւ դիմել դատարան վտարման պահանջով։ Մյուս կողմը դատական նիստերին չի մասնակցել օբյեկտիվորեն անհնար պատճառներով։ Արդեն առկա է դատական ակտ։ Կողմը դիմել է դատարան՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով, մինչդեռ առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, նշել է, որ վտարման պահանջի ժամանակ անձը պետք է հակընդդեմ հայց ներկայացներ եւ հնարավոր է, որ այն բավարարվեր դատարանի կողմից։ Մինչդեռ կողմը ներկայացրել էր փաստարկներ հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինության վերաբերյալ։ Օրենսդրությունը այս կանոնից բացառություն սահմանում է, եւ հետաքրքրական կլինի Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը՝ մի կողմում դատական ակտն է, մյուս կողմում՝ անձանց խախտված իրավունքները։

– Կցանկանայի պարզաբանեիք խնդիրը նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի լույսի ներքո։

– Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին։ «Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի գործով» մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիությունը քաղաքացիական գործերով նախեւառաջ՝ կախված է վեճի, այլ կերպ ասած՝ վիճարկման առկայությունից: Երկրորդ՝ վեճը պետք է կապված լինի այն իրավունքի հետ, որը ճանաչվել է ներպետական օրենսդրությամբ, անկախ այն հանգամանքից, թե դրանք պաշտպանվա՞ծ են Կոնվենցիայով, թե՝ ոչ: Վեճը պետք է լինի իրական եւ ունենա լուրջ բնույթ եւ կապված լինի իրավունքի փաստացի առկայության ու դրա շրջանակի կամ կիրառման եղանակի հետ։ Վերջապես, վարույթի արդյունքը պետք է տվյալ քաղաքացիական իրավունքի հարցում ուղղակիորեն որոշիչ լինի, հետեւաբար, աննշան կապը կամ հեռակա հետեւանքները բավարար չեն կարող լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով խախտումը դիտարկելու համար։

Այստեղ ես անչափ կարեւորում եմ նաեւ դատավարության ժամկետներին վերաբերող հարցերը։ Թեպետ կոնվենցիան դատավարության հստակ ժամկետներ չի թելադրում, սակայն 6-րդ հոդվածում տեղ գտած «ողջամիտ ժամկետ» հասկացության կապակցությամբ Եվրոպական դատարանը տվել է կոնկրետ գնահատականներ։ Թեպետ դատական վերանայման համար բողոքներ կայացնելու ժամկետներ սահմանող կանոնները նպատակ են հետապնդում ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը «ողջամիտ ժամկետ» հասկացությունը գրեթե մշտապես մեկնաբանում է իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում։

– Դատական ակտերի կատարման այս «խոչընդոտները» կոռուպցիոն ռիսկեր չե՞ն պարունակում։

– Կոռուպցիան ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հիմնական մարտահրավերներից է: Կոռուպցիոն երեւույթների հետեւանքով խարխլվում, խաթարվում են խաղաղ, ազնիվ եւ արդար հասարակության հիմքերը։ Կոռուպցիոն ռիսկերը միշտ էլ կարող են լինել, պետք է դրա դեմ պայքարենք բոլորս։ Համենայնդեպս, կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ տեղեկություններ ինձ հայտնի չեն։

Հարցազրույցը վարեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728