Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ստեղծագործության երեւանյան կատարումով խաղաղության ուղերձ եմ ուզում հղել աշխարհին

Փետրվար 04,2023 12:30

Հարցազրույց ռումինացի ջութակահար Ջորջե Թուդորաքեի հետ

– Հարգարժան Ջորջե, առաջին անգամ եք Հայաստանում եւ հանդես եք գալու մեր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ՝ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ։ Մինչ ձեզ՝ երիտասարդ երաժշտի հետ հանդիպումը, ծանոթանալով ձեր ստեղծագործական ուղուն, տպավորություն ստացանք, թե հանդիպելու ենք տասնամյակների ճանապարհ անցած վաստակաշատ արվեստագետի հետ։ Դուք էլ, շնորհալի կամ տաղանդաշատ երաժիշտների նման, ջութակ սկսել եք նվագել ձեր ծննդավայրում՝ Բուխարեստում, ապա կրթությունը շարունակել եք Փարիզի կոնսերվատորիայում։ Ինչպես եւ սպասվում էր՝ մասնակցել եք միջազգային մրցույթների։ Այստեղ մեր ուշադրությունը գրավեց թագուհի Եղիսաբեթի մրցույթին 2015թ. ձեր մասնակցությունը, որտեղ հենց առաջին փուլից հետո արժանացել եք հանդիսատեսի ու քննադատների բարձր գնահատականին, գրավել մամուլի ուշադրությունը, ինչը հաճախ չի պատահում։ Իսկ հետո որպես հրավիրյալ մենակատար, հանդես եք եկել ճանաչված նվագախմբերի հետ, այդ թվում՝ Լոնդոնի, BBC ֆիլհարմոնիկ եւ սիմֆոնիկ նվագախմբերի, Բորդոյի, Ֆրանսիայի ռադիոյի ազգային նվագախմբերի եւ այլն։ Բավականին հայտնի մրցույթներում ժյուրիի անդամ եք եղել նաեւ։ Համագործակցել եք հռչակավոր դիրիժորներ Զուբին Մետայի, Վալերի Գերգիեւի, Մյունգ-Վուն Չանգի եւ մյուսների հետ։ Ընդ որում, թվարկած դիրիժորները ղեկավարել են մեր ֆիլհարմոնիկը եւս։ Էլ չխոսենք աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում կամերային երաժշտության ծրագրերով ձեր համերգների մասին, որտեղ ելույթ եք ունեցել անվանի շատ երաժիշտների հետ՝ Վլադիմիր Մենդելսոն, Թոմաս Զեհետմայեր, Դավիդ Գրիմալ եւ այլն։ Այս չափազանց հակիրճ թվարկմանը կավելանա նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեր ֆիլհարմոնիկի հետ ելույթը։ Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ւմ  մտահղացման շնորհիվ կայացավ ձեր այցը մեր երկիր։

– Նախ ուզում եմ նշել, որ ես արդեն 35 տարեկան եմ, այսինքն՝ կամաց-կամաց դուրս եմ գալիս երիտասարդ տարիքից (ժպտում է- Ս. Դ.)։ Իսկ ինչպես կայացավ Հայաստան այցս, ասեմ, որ Եվրոպայում բնակվող հայազգի ոչ միայն հիանալի երաժիշտներ, այլ բարեկամներ ունեմ։ Նրանց թվարկումը երկար ժամանակ կպահանջի, օրինակ՝ աշխարհի բեմերը նվաճած ջութակահար Սերգեյ Խաչատրյան, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյան, Սեւակ Ավանեսյան, դաշնակահարներ Վարդուհի Երիցյան, Աշոտ Խաչատրյան եւ այլն։ Այսինքն՝ հեռակա ես գիտեմ եւ ձեր ժողովրդի պատմությունը, եւ տեղեկացված եմ ձեր բազմադարյա մշակույթի մասին։ Կոնկրետ այս այցիս գաղափարի հեղինակը իսպանաբնակ բարեկամս է՝ ալտահար Դավիթ Աբրահամյանը, ով ինձ «կապեց» մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ։  Բարեկամներիս շնորհիվ գիտեմ Կոմիտասի թողած ժառանգության մասին, ում գործերն այսօր շատ-շատ են հնչում Եվրոպայում։ Իմ երկացանկում դեռեւս չկա Կոմիտաս, բայց կա Խաչատրյան։ Կարծում եմ՝ առաջիկայում, հայ բարեկամներիս շնորհիվ ու խորհրդով  կանդրադառնամ հայ կոմպոզիտորների գործերին։

– Ձեր գործունեությանը ծանոթանալիս նկատեցինք, որ  որպես դիրիժոր էլ եք հանդես եկել…

– Դիրիժորական գործունեությանս մասին դեռ վաղ է խոսել։ Բայց, այո, առաջին անգամ դիրիժորական վահանակի առջեւ կանգնեցի՝ ղեկավարելով Լիեժի Ռոյալ ֆիլհարմոնիկ նվագախումբը, դա 2018-ին էր, որին հաջորդեց Չեխիայի Կարլովի Վարիի սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ բեմելը։ Առայժմ այսքանը։

– Մեր ֆիլհարմոնիկի հետ հանդես եք գալու Սիբելիուսի միակ, բայց ցանկացած ջութակահարի նվագացանկում կարծես պարտադիր դարձած կոնցերտի կատարմամբ։ Ընդ որում, այդ գործը քաջածանոթ է մեր հանդիսատեսին։ Ի՞նչ նոր ասելիք կհղեք մեր հանդիսատեսին ձեր կատարումով։

– Տպավորություն է, թե մինչ այս կոնցերտի ընտրությունը զրուցել եմ ձեզ հետ։ Այո, սա իմ նախընտրած գործերից է։ Այն թեեւ կարճ է, բայց կարծես մի սիմֆոնիա է՝ գրված ջութակի եւ նվագախմբի համար։ Եռամաս ստեղծագործության հատկապես  երկրորդ մասը իր մեջ խաղաղության ուղերձ է պարունակում, որը երեւանյան կատարումով ուզում եմ հղել աշխարհին։

Մի բանի մասին կուզեմ բարձրաձայնել, ինչը հաճախ չի պատահում իմ համերգային շրջագայությունների ժամանակ։ Տեսեք՝ մի քանի րոպեից կկայանա առաջին փորձս ֆիլհարմոնիկի հետ, բայց արդեն զգում եմ նվագախմբի երաժիշտներից փոխանցվող դրական էներգիան… Գուցե այդ զգացողությունը գալիս է Երեւանի օդանավակայանից, որտեղ անձնագրային ստուգման անցակետում զգացի, առնչվեցի մարդկանց ջերմ վերաբերմունքին, ուշադրությանը ու զգացի, որ ես սպասված եմ այստեղ, իսկ իմ զգացողությունը երբեք ինձ չի դավաճանել… Գուցե առաջին հայացքից ասածս զուտ գեղեցիկ խոսքեր թվան, բայց հավատացնում եմ՝ դա այդպես է, ինչը շատ հաճելի է եւ ինչի համար ուրախ եմ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728