Երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանը ավարտին է հասցրել ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական անավարտ ֆիլմը։ Ստանձնած մեծ պատասխանատվության եւ կատարված աշխատանքի մասին է մեր զրույցը Մարիամ Եգորյանի հետ։
– Մարիամ, «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմը ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմն է, որը վարպետի մահվանից հետո դուք եք ավարտին հասցրել։ Հե՞շտ էր շարունակել վարպետի աշխատանքը, որը նախ եւ առաջ ստեղծագործական մեծ պատասխանատվություն էր ենթադրում։
– Շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել գործին։ Գիտակցական իմ ամբողջ կյանքում ընտանիքիս անդամներից լսել եմ պատմություններ Արցախյան հերոսամարտի, Շուշի քաղաքի կարեւորության, հերոսամարտերին մասնակցած եւ քաղաքն ազատագրած հերոսների մասին, որոնք կյանքը չեն խնայել ու իրենց արյամբ պատմություն են գրել։ 2020 թվականի պատերազմի ընթացքում մտքովս հաճախ էր անցնում նկարահանման նպատակով Արցախ գնալ։ Մի քանի փորձ արեցի, որ միանամ նկարահանող տարբեր խմբերի, բայց՝ անարդյունք։ Նոյեմբերի 8-ից հետո ներսումս դատարկություն էր, չէի կարողանում ընկալել կատարվածը։ Անընդհատ մի հարց էր գլխումս՝ իսկ ես ի՞նչ կարող եմ անել ստեղծված իրավիճակում՝ հանուն իմ երկրի ու իմ խղճի հանգստության։ Եվ պատասխանը շատ սպասեցնել չտվեց։ Զանգահարեց վարպետիս կինը՝ Աիդա Ահարոնյանը, որ «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի սցենարի հեղինակն է եւ գլխավոր պրոդյուսերը։ Նա առաջարկեց շարունակել ֆիլմաշարը։ Դա, իհարկե, մեծ պատիվ էր, բայց, միեւնույն ժամանակ, պատասխանատվության կրկնակի չափաբաժին։ Ասել, որ ֆիլմը ստեղծել եմ այնպես, ինչպես Գրիգորյանը կաներ, կարծում եմ՝ չափազանցություն կլինի. դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որ հասնեմ նշաձողին, բայց, հավատացեք, ազնիվ եմ եղել իմ բոլոր քայլերում եւ հատկապես դա եմ կարեւորում։
– Ո՞րն է ֆիլմի նպատակը։
Կարդացեք նաև
– Ֆիլմն ուղղված է Հայոց պատմության աղավաղումների դեմ։ Շուշիի պատմությանն առնչվող անհերքելի փաստերի մասին նորից ու նորից խոսելիս պետք է հիշենք, որ դեռ կան հայերիս բնօրրան Շուշիի իրական պատմությանն անտեղյակ մարդիկ: Մեր ֆիլմն, ըստ իս, պիտի հետաքրքրի շատերին՝ անկախ ազգային պատկանելությունից։ Ֆիլմի ստեղծման ընթացքում դիտել-ուսումնասիրել եմ համացանցում առկա նյութերը։ Ցավով պիտի նշեմ, որ լատինատառ որոնման արդյունքում մեծամասամբ թուրքական կամ ադրբեջանական քարոզչական նյութեր են գտնվում։ Սրա մասին պետք է լրջորեն մտածել։ Այլազգի միջին վիճակագրական մարդը, որը պարզապես լսել է Արցախի խնդրի մասին, որոնման արդյունքում փաստորեն կգտնի խեղաթյուրված տվյալներ ու կդառնա հակահայկական քարոզչության զոհ։ Մի՞թե սա է մեր ուզածը։ Մեծ հույս ունեմ, որ ֆիլմը կտարածվի հնարավորինս արագ, եւ շատերը կծանոթանան իրականության հետ։ Սա մի կաթիլ է օվկիանոսում, բայց շատ կարեւոր կաթիլ։
– Ձեզ համար կարեւոր նախապայման է եղել փաստական հիմքը։
– Այո, ֆիլմը փաստավավերագրական է։ Հսկայական արխիվային նյութ ենք ուսումնասիրել, միայն 1990-ականներից ունեցել ենք 15 ժամը գերազանցող տեւողությամբ նյութեր։ Կան կադրեր, որոնք մինչ այս ֆիլմը ցուցադրված չեն եղել։ Բացառիկ լուսանկարներ են ցուցադրված նաեւ 1920-ականներից։ Յուրաքանչյուր բառ, որ հնչում է ֆիլմում, իր հետեւում ունի շատ մեծ պատմական եւ գիտական հենք։ Ֆիլմի գիտական ղեկավարը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է։ Ֆիլմի ընթացքում Շուշիի Հայկականությունը հաստատող փաստերը ներկայացնում են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը, պ.գ.դ. Գեւորգ Տեր-Վարդանյանը եւ 1989-2021 թթ. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Պատահական չէ, որ երբ ֆիլմը «կՏոպՊՌսՌ ՉՎպրՑպ» վավերագրական ֆիլմերի ռուսաստանյան ամենամեծ փառատոնում ընդգրկվել էր հենց «Պատմությունը՝ կադրում» անվանակարգում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ֆիլմը ստացավ հատուկ դիպլոմ, ինչը մեզ շատ ոգեւորեց։ Ֆիլմի ցուցադրումից հետո մարդիկ ասացին, որ լսել էին Արցախի խնդրի մասին, բայց ծանոթ չէին մանրամասներին եւ հիմա շատ բան բացահայտեցին: Սա, կարծում եմ, ամենակարեւոր ձեռքբերումն է ու հաղթանակը։
– Գիտեմ, որ անիմատոր-ճարտարապետների մասնագիտական խումբը կազմել է Շուշիի ավերված չորս եկեղեցիների եռաչափ մոդելները։ Պատմեք այդ մասին։
– Անիմացիայի միջոցով ժամանակի ընթացքում կորսված ճարտարապետական գանձերը վերականգնելը կարմիր թելի նման անցնում է «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի բոլոր ֆիլմերով։ Դա վարպետիս՝ Ռուբեն Գրիգորյանի մտահղացումն է, ինչը եւ շարունակվել է այս ֆիլմում եւս: Շուշիում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց եւ Հովհաննես Մկրտչի անունը կրող Կանաչ ժամ եկեղեցուց բացի, կանգուն է եղել չորս եկեղեցի եւս, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են։ Այս մասին, ցավոք, քչերը գիտեն։ Եռաչափ մոդելավորման շնորհիվ հնարավորինս հստակ կարելի է պատկերացում կազմել դրանց մասին։
Ֆիլմը ստեղծելիս աշխատել են մասնագետներ, առանց որոնց ես չէի ստանա այն արդյունքը, ինչը հիմա ունենք։ Շնորհակալ եմ բոլորին՝ մեծ նվիրումի համար։ Շնորհակալ եմ Գեորգի Ստեփանյանին՝ ֆիլմի կայացմանն աջակցելու համար, Մագդալինա Զատիկյանին, որ ջանք չի խնայել ու միշտ մեր կողքին է եղել, եւ, իհարկե, Ռուբեն Գրիգորյանի ընտանիքին՝ ինձ վստահելու համար։ Այդ վստահության շնորհիվ եմ շարունակում վարպետիս գործն ու համոզված եմ՝ կանգ չեմ առնելու։
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2023