Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան․ «Այն բռնցքամարտիկները, որոնք պետք է պատրաստ լինեն պայքարել աշխարհի առաջնությունում, օլիմպիական վարկանիշային մրցաշարերում, պետք է մասնակցեն եզրափակչին»

Փետրվար 03,2023 23:40

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր կայացան բռնցքամարտի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայտնի դարձան այն բռնցքամարտիկների անունները, որոնք վաղը պայքարելու են երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելու եւ Հայաստանի ընտրանու հիմնական կազմը համալրելու համար։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց․ «Ուրախալի է, որ որոշ քաշային կարգերում երիտասարդ անուններ են հանդես գալիս։ Նրանք նոր-նոր են ոտք դնում մեծահասակների բռնցքամարտ եւ նրանց ու «հին» տղաների պայքարում մրցակցությունը մեծացել է։ Ու դա վերաբերում է ինչպես օլիմպիական, այնպես էլ ոչ օլիմպիական քաշային կարգերին։ Ուրախալի է նաեւ, որ մասնակիցների թիվն է ավելացել։ Ինչ վերաբերում է վարպետությանը, վաղը դեռ եզրափակիչներն են կայանալու եւ դրանից հետո հնարավոր կլինի ավելի հստակ որեւէ բան ասել»։

Aravot.am-ի հարցին, թե այս օրերի ընթացքում անակնկալ արդյունքներ արձանագրվե՞լ են, Կարեն Աղամալյանը պատասխանեց․ «Չէի ասի։ Եղել են հավասար մենամարտեր, ուժեղները հաղթել են»։ Մեր հաջորդ հարցը, թե գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցակիցները հրաժարվել են մենամարտել, հնարավո՞ր է, որ նա երկրի չեմպիոնի կոչումը նվաճի այդպես էլ ոչ մի անգամ ռինգ չմտնելով, գլխավոր մարզիչը մեկնաբանեց այսպես․ «Եզրափակիչ մենամարտը կկայանա։ Իսկ ինչ վերաբերում է հրաժարումներին, պատճառները տարբեր կարող են լինել, այդ թվում նաեւ առողջական։ Բայց ինձ հետաքրքրում են այն բռնցքամարտիկները, որոնք պետք է պատրաստ լինեն պայքարել աշխարհի առաջնությունում, օլիմպիական վարկանիշայյին մրցաշարերում։ Այդ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն եզրափակչին»։

Խոսելով մրցաշրջան 2023-ում ազգային հավաքականի անելիքների մասին՝ Կարեն Աղամալլյանն եւս մեկ անգամ կրկնեց, որ տարին անչափ հագեցած է լինելու։ «Մրցաշրջանի օրացույցը Եվրոպայի բռնցքամարտիկների համար այնքան էլ հաջող չի կազմված։ Մայիսի 1-ից 14-ը Տաշքենդում աշխարհի առաջնությունն է։ Ու աբսուրդային է, որ աշխարհի չեմպիոնը օլիմպիական ուղեգիր չի վաստակում։ Եվ ընդամենը 40 օր հետո լինելու են Եվրոպական խաղերը, որտեղ լինելու են վարկանիշեր։ Դժվար երկընտրանքի առջեւ ենք հայտնվել եւ չպետք է սխալվենք։ Տղաներ կան, որ կարող են երկուսին էլ մասնակցել։ Ու տղաներ էլ կան, որ պետք է մասնակցեն երկուսից մեկին։ Դուք՝ մարզական լրագրողներդ, քաջ գիտեք, որ բարձր մակարդակի մրցումներում դժվար  է մոտավորապես մեկ ամիս լավ մարզավիճակ պահպանել կամ երկու անգամ անձնական քաշ սարքել։ Այնպես որ, մարզիչներս պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ ընտրություն կատարել, թե ով որ մրցմանը պետք է մասնակցի։ Իսկ մինչ այդ պլանավորել ենք նախապատրաստվել եւ մեկնել Ստրանջայի մրցումներին, դրանից հետո՝ մինչեւ աշխարհի առաջնությունը, Բելգրադում կմասնակցենք գավաթային մրցաշարի։ Եվ միայն այդ երկու մրցումից հետո կհասկանանք, թե ինչն-ինչոց է։ Աշխարհի առաջնությունն իր հեղինակությունն ունի, օլիմպիական վարկանիշը՝ իրենը։ Ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ երկուսին էլ կարեւորություն եմ տալիս։ Բայց չմոռանանք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ անգամ»,-ասաց մասնագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728