Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Թեմի առաջնորդի կոչը երիտասարդներին

Փետրվար 03,2023 23:35

Սիրելի երիտասարդներ,

Մեր աղոթքն ու ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ երիտասարդների և նրանց կյանքը իմաստավորող Սիրո համար բարեխոս հռչակված Սուրբ Սարգսի տոնի առիթով։ Բազմիմաստ ու անչափ կարևոր է այս տոնի խորհուրդը հատկապես ներկա օրերում, երբ մեր երկիրը անցնում է ծանր փորձությունների միջով։ Զորական, երիտասարդություն և ընտանիք․ Այս երեք կարևոր գաղափարներն են մեր մտապատկերում հայտնվում, երբ խորհում ենք Սուրբ Սարգսի կերպարի և նրան նվիրված եկեղեցական տոնի մասին։ Դարեր առաջ հաստատված տոնը կարծես թե ազգի փրկության բանալիներ ու բանաձևեր է տալիս ներկա ժամանակի համար։ Եվ սա բնական է, քանի որ այն Սիրո տոն է, իսկ Սերը երբեք չի անհետանում (Ա Կոր․ 13։8) և միշտ էլ ժամանակակից է։

Կարիք չկա խոսքերի գեղեցկությամբ ու շատությամբ բացատրելու, թե ով է զինվորն ու զորականը Հայոց ազգի համար, որովհետև վերջին գոյապայքարից հետո դեռ չեն սպիացել մեր վերքերը, դեռ թարմ են հիշողությունները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնությունը ձեր նման երիտասարդներ էին։

Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր երկրի գոյության շարժիչ ուժը, որովհետև ձեր շարքերից են ծնվում երկրի պաշտպաններ ու կազմվում նոր ընտանիքներ։ Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, մեծապես կախված է ձեր այսօրվա կեցվածքից ու դավանած արժեքներից։ Եթե հետադարձ հայացք գցենք ոչ վաղ անցյալին, կտեսնենք որ արցախյան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակությամբ։

Հաջորդ արժեքը ազգային մեր կյանքում Հայ Ընտանիքն է։ Որպեսզի ավելի ընկալելի լինի ընտանիքի արժեքն ու դերը, տեղին ենք համարում մեջբերել Մուրացանի խոսքը, որ հնչում է Գևորգ Մարզպետունու բերանով․ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է․․․ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ․․Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնած, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հեռու է սերը, միությունը, առաքինությունը և նամանավանդ Աստծո երկյուղը»։ Ցավոք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դավաճանությունների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգված է Հայ Ընտանիքի համակարգը, և փորձում են բազմատեսակ եղանակներով աղավաղել ավանդական ընտանիքի և հայի սրբազան օջախի գաղափարը։

Սիրելիներ, ամուսնությունը երիտասարդական հույզերից և զգացմունքային զեղումներից ավելին է, և այն ենթադրում է գիտակցված ու կամավոր հանձնառություն, փոխադարձ հարգանք ու հասկացողություն։ Երբ սիրահարությունը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միությունը պահելու խնդիր։ Պետք է լրջորեն մոտենաք ամուսնության խորհրդին, կյանքի ընկեր ընտրեք ոչ միայն զգացմունքներով, այլ նաև ձեզ տրված բանականությամբ։ Եթե Աստծո առաջ խոստացել եք մինչև ի մահ տեր և պաշտպան լինել իրար, ապա արեք ամեն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միությունը, եթե չեք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեք ձեր շահերը։ Ջանացեք սիրահարվածությունը վերածել մնայուն Սիրո։

Ի՞նչն է այսօր խանգարում մեզ գործելու նույն նախանձախնդրությամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպես ծնող և զավակ արհեստականորեն բաժանված են իրարից, երբ զավակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայություն վայելելու հնարավորությունից, Ձեր վրա է նորից մեր հույսն ու հավատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չեք կորցնի ձեր արժանապատվությունը և տեր կլինեք մեր սրբազան երկրին։

Ցավոք պակասել է սերը մեր ընտանիքներում, պակասել է սերը նաև մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարավոր եղավ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի սիրելիներ, Սուրբ Սարգսի տոնի խորհրդի շուրջ համախմբված և քաջ գիտակցելով, որ հիմնականում մեզանից է կախված մեր ընտանիքի փրկությունը, լցվենք սիրով, համբերությամբ, նեղություններին դիմագրավելու վճռականությամբ, և կտեսնենք, որ Աստված նորից պիտի օրհնի մեր միությունն ու կշնորհի մեզ խաղաղ և բարօր կյանք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728