Ermenihaber. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարզային միգրացիոն ղեկավարների գնահատման ժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է մի շարք ներքաղաքական թեմաների, ահաբեկիչների դեմ պայքարին ու փախստականների խնդիրներին։
Նա ասել է, թե Թուրքիա եկած ամեն ամերիկացի դեսպան մտածում է՝ ինչպես հեղաշրջում իրականացնի։
«Սա Թուրքիայի համար անբախտություն է։ Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան մտածում է, թե ինչպես Թուրքիային վնաս հասցնի ու ինչպես իր հայրերին կարողանա օգտակար լինել։ Ամերիկացի դեսպանները հավաքում են մյուս դեսպաններին ու փորձում նրանց խելք սովորեցնել, իսկ նրանք չեն էլ նեղվում։ Նրանք գիտեն ճշմարտությունը։ Միասին նստում ու ծրագրեր են մշակում, սակայն իրենց ծրագրերը խափանող մեկ մարդ կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»։
Դիմելով ներկայիս Թուրքիայում ԱՄՆ դեսպանին՝ նախարարն ասել է, թե գիտի դեսպանը որ լրագրողներին է «նյութ գրել տալիս»։
Կարդացեք նաև
«Շատ լավ գիտեմ, թե ինչեր եք անել տալիս, ինչ քայլեր եք ձեռնարկում, ինչպես եք ցանկանում Թուրքիան խառնել։ Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարե՛ք Թուրքիայից, դիմակավորված, կեղծ ժպտացող դեմքերը հետ քաշե՛ք։ Այսքան պարզ եմ ձեզ ասում»,-ասել է Սոյլուն։
Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով։
Աղբյուր` haberglobal.com.tr