«Այդ սադրանքով նա ցույց տվեց իր քաղաքական թիմի դեմքը։ «Երեսփոխան» բառը երեւի ամենահամապատասխանն է Գուրգեն Արսենյանին, որը ցույց է տալիս իր թիմի դեմքը»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի այսօրվա ելույթին։
Սեյրան Օհանյանը հարցադրում արեց Արսենյանին եւ իր թիմին․ «Ո՞վ եք դուք։ Մենք այն մարդիկ ենք, որոնք ճանապարհ են անցել։ Ունենք փորձառություն, կարող ենք գնահատական տալ եւ մեր անցած ճանապարհին, եւ այսօրվա գործունեությանը։ Արդեն վեր ենք հանել մեր սխալները, որոնք եղել են, եւ կարող ենք համեմատել այն սխալների հետ, որոնք դուք եք բերել մեր երկրի գլխին․․․ այս աղետը, եւ երկիրը հասցրել եք այս իրավիճակին։ Հետագայում, եթե իշխանափոխություն լինի, իսկ այն անպայման լինելու է, էլի կհամեմատենք․․․Դո՞ւք ով եք։ Հարցս վերաբերում է իշխանությանը, որի մաս է կազմում Գուրգեն Արսենյանը»։
Սեյրան Օհանյանը շարունակեց․ «Դուք այսօր լեգիտիմ չեք, որովհետեւ գալով իշխանության՝ անտեսել եք այն ամբողջ ներուժը, որը կար անվտանգության համակարգում, բանակցային գործընթացում։ Մեծ-մեծ խոսելով, մեծ-մեծ փրթելով, չընդունելով նախկին իշխանությունների կատարած աշխատանքը եւ առաջարկները տարբեր ոլորտներում, ուզեցել եք ասել՝ մենք եկել ենք եւ մենք ենք տերը այս երկրի։ Բայց դուք այս երկրի տերը, առավել եւս Արցախի տերը չդարձաք։ Դուք ձեր ծրագրերում նշեցիք Արցախի ինքնորոշումը, բայց Արցախի ինքնորոշում տեղի չունեցավ, դուք Արցախը մտցրեցիք պատերազմի մեջ, եւ այսօր այսպիսի անկլավային վիճակում եք թողել, որ ձեռքներդ լվացել եք Արցախից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ