«Երկու հրապարակային հարց եմ ուզում ուղղել Գուրգեն Արսենյանին։ Շարունակո՞ւմ է կարծել, որ Թուրքիան սպառնալիք չէ եւ չի եղել ՀՀ-ի համար։ Եւ, արդյոք ծանո՞թ է իր քաղաքական թիմի նախընտրական ծրագրին, գիտի՞, որ կա նման փաստաթուղթ, որով քաղաքական թիմը նախընտրական խոստումներ է տալիս»,- խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի այսօրվա ելույթին՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Հովհաննես Հարությունյանը։
«Եթե գիտի, որ կա նախընտրական ծրագիր, կարդացե՞լ է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին կետը։ Եթե այո, ի՞նչ բարոյական իրավունքով է հայտարարում, թե իր իշխանությունը պատասխանատու է»,-հարցադրում արեց Հովհաննես Հարությունյանը։
Ապա նա ՔՊ-ականներին հորդորեց «Թուրքիան սպառնալիք չէ» ասելուց առաջ նայել Ծիծեռնակաբերդին, իսկ «Ադրբեջանի հետ բարեկամություն» անելու կոչերից առաջ նայել Եռաբլուրին ու հիշել այն տղաներին, որոնք անգերեզման են մնացել․ «Մի օր իրենք պատժվելու են»։
Երիտասարդը հետը բերել էր նուռ՝ որպես հայկական Ակնայի խորհրդանիշ եւ Շուշիի մայր տաճարից մոմ, որը պահել էր դեռեւս պատերազմից առաջ։ Ամբիոնից այն վառելով՝ Հարությունյանն ասաց, որ Շուշիում դեռ մոմ են վառելու, Ակնայում էլ նուռ են ուտելու։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ