Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զարդանախշերով Վերնիսաժ ու գերժամանակակից սահադաշտ՝ Գյումրիում․ զբոսաշրջային քաղաքին նոր շունչ է հաղորդվում (Ֆոտոշարք)

Փետրվար 03,2023 20:20

Այսօր Գյումրու Բարեկամության այգում տեղի ունեցավ գերժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված սահադաշտի ու գյումրեցի արվեստագետների ու արհեստավորների ստեղծագործությունները ցուցադրող Վերնիսաժի պաշտոնական բացման արարողությունը։ Իրադարձությանը մասնակցում էին մեծ թվով գյումրեցիներ իրենց երեխաների հետ, ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները։

Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից գտնվող Բարեկամության այգու վերակառուցումը, կարելի է ասել, գյումրեցիների համար ամենասպասված իրադարձություններից է․ այն նոր շունչ է հաղորդում քաղաքի պատմական կենտրոնից բավական հեռավորության վրա գտնվող հատվածին՝ դարձնելով զբոսաշրջային պահանջված ու գրավիչ տարածք։

Նկատենք, որ այսօր սահադաշտի ու Վերնիսաժի բացման արարողությանը մեծ թվով զբոսաշրջիկներ, հատկապես ռուս ընտանիքիներ էին շտապում մասնակցելու։

Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մշակութային ծրագրով՝ թմբկահարների յուրատեսակ ելույթով, սառցե շոուներով, ձմեռային խաղերով, ցուցահանդես-տոնավաճառներով ու վարպետության դասերով։

Հիշեցնենք, որ Բարեկամության այգին վերանորոգվում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» TUF բարեգործական հիմնադրամի կողմից։

Նշենք, որ բազում հանճարեղ արվեստագետներ ծնած Գյումրին Վերնիսաժ երբևէ չէր ունեցել։ Բարեկամության այգում բացված Վերնիսաժը բաղկացած է գյումրեցի վարպետների ձեռքով պատրաստված 25 փայտյա տաղավարներից, իր տեսակով բացառիկ է․ տաղավարները ցանկացած պահի կարող են փոխել իրենց կառուցվածքն ու կիրառությունն՝ անհրաժեշտության դեպքում վերածվելով սննդի կետերի կամ շրջիկ պատկերասրահների։

Ի դեպ, տաղավարները զարդանախշերով են, ներկայացնում են հայ գորգագործության լավագույն ավանդույթները։ Իսկ զարդանախշերը գյումրեցի արվեստագետների մտահղացումն է, որոնք վերցրել են գորգարվեստի ամենահին ու շքեղ նմուշները՝ Վիշապագորգերը։

Սահադաշտը ևս իր տեսակի մեջ նորություն է․ այն շարժական է, զբաղեցնում է 815 քառակուսի մետր տարածք, չմշկելու համար ունի բոլոր հարմարությունները։

Սա այն բացառիկ ծրագրերից է, որտեղ ակնհայտ է մասնավոր սեկտոր-կառավարություն-միջազգային կառույցներ հաջողված համագործակցությունը, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների բարերարների օժանդակությունը։

Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։


«Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանն
իր ելույթում հիշեցրեց, որ «Ռուբեն Վարդանյան հիմնադրամի» ու բարերարների աջակցությամբ 2018 թվականին Գյումրիում սկիզբ դրեցին Բարեկամության զբոսայգին վերակառուցելու ծրագրին։ Իսկ Բարեկամության զբոսայգին, ըստ բանախոսի, հենց բարեկամության գաղափարն է իր մեջ պարունակում, երախտագիտությունն է այն բոլոր երկրներին, որոնք երկրաշարժի դաժան օրերին օգնել են Գյումրիին վերակառուցվել և վերածնվել։
«Հենց այդ իսկ պատճառով Բարեկամության այգին մեր կարծիքով դառնալու է լուսավոր մի նոր ծրագիր ձեզ՝ գյումրեցիների համար, այստեղ ոչ միայն ձեր լուսավոր օրերն ու տարիներն են անցկացնելու, այլ նաև մեզ հետ միասին կերտելու եք Գյումրու համար մի նոր լուսավոր ապագա»,-ասաց Ելենա Մուրադյանը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն էլ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ այս այգին նոր շունչ կհաղորդի իր սիրելի քաղաքին՝ Գյումրիին և տնտեսական բեկումնային փոփոխություններ կբերի Շիրակի մարզի առօրյայում և կյանքում։

«Եվրամիությունը միտված է Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը։ Շիրակի մարզը միշտ հատուկ ուշադրության է արժանացել մեր կողմից։

Վստահ եմ, որ պետական-մասնավոր գործընկերային այս նախաձեռնությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը տեղական իշխանությունների հետ կնպաստեն այս տարածաշրջանում բարգավաճման նոր մակարդակ ապահովելու համար։

Մեծապես վստահ եմ, որ այս այգին հույսի աղբյուր կդառնա Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում»,- ասաց Եվրամիության դեսպանը։

Ըստ նրա, զբոսայգին ոչ միայն ժամանցի հրաշալի վայր կդառնա, այլ կենսուրախ վայր՝ արվեստագետների, արհեստավորների, երիտասարդ տաղանդավոր ստեղծագործողների համար։

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն․Գ․ Վիկտոր Ռիխտերն էլ իր ելույթում նշեց․ «Շիրակի մարզը մեզ համար շատ կարևոր մարզ է։ Գերմանիայի կառավարությունը շարունակաբար աջակցել է այստեղ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ Դրանցից շատերն ուղղված են եղել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այս տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը շատ մեծ է։ Բավական է մի վայրկյան շրջել Գյումրի քաղաքի հին պատմական հատվածով ու միանգամից համոզվել դրանում։ Վստահ եմ, որ վերանորոգված այգին կսիրվի ոչ միայն տեղաբնակների կողմից, այլ նաև զբոսաշրջիկների եւ կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»։

«Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն էլ, թեև Արցախի շրջափակման պատճառով չէր կարողացել ներկայանալ միջոցառմանը, այդուհանդերձ նա իր խոսքն էր փոխանցել։

«Այս նախագիծն արդեն իսկ հաջողված է՝ շնորհիվ ТUF հիմնադրամի բազմաթիվ գործընկերների, ՀՀ կառավարության, միջազգային կառույցների և անհատ բարերարների, որոնք իրականություն են դարձնում Բարեկամության այգու վերակառուցումը։ Այս այգու նախագիծն իր շուրջն է համախմբել շատերին, և այս ծրագիրն իսկապես բարեկամության արդյունք է: Վստահ ենք, որ վերակառուցված այգին կնպաստի քաղաքում ենթակառուցվածքների զարգացմանը, կխթանի տարածաշրջանում զբոսաշրջային գրավչությունն ու սոցիալ-տնտեսական

ակտիվությունը: Համոզված եմ, որ ապագայում հնարավորություն կունենանք նման գեղեցիկ ծրագրեր իրականացնել նաև Արցախում»,-ասում է Ռուբեն Վարդանյանը։

Ելույթ ունեցավ նաև ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն՝ ասելով․

«Գյումրին արդեն իսկ շատ սիրված զբոսաշրջային վայր է։ Բարեկամության այգին էլ, իր հերթին, հնարավորություն կտա տարվա ցանկացած եղանակին այցելել Գյումրի և հետաքրքիր զբաղմունք գտնել։ Ես կցանկանայի սահադաշտում տեսնել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի: Ինչ վերաբերվում է Վերնիսաժի տաղավարներին, ապա դրանք այգուն յուրահատուկ գրավչություն են հաղորդում, քանի որ արտահայտում են տեղի ստեղծագործական ոգին։ Վստահ եմ, որ այգին կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կգան այստեղ, ժամանակ և գումար կծախսեն և այդպիսով անմիջական ազդեցություն կունենան տեղական տնտեսության զարգացման վրա»։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ իր ելույթում նշեց, որ ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Նա վստահություն հայտնեց, որ գարնանը կվայելենք բարեկարգված այգին, կունենանք հիանալի Գյումրի։

«Այգին ապագայում ունենալու է այսօրվա հետ անհամեմատելի մեծ թվով այցելուներ և բնականաբար թե՛ վերնիսաժային մասը, թե՛ այգու մյուս կտորները իրենց մեջ բիզնեսի աջակցման նախադրյալներ ունեն։ Ես վստահ եմ, որ Գյումրին կլինի զբոսաշրջային կենտրոն ինչպես ներհանրապետական, այնպես էլ ռեգիոնալ։

Վստահ եմ, որ մեր հարևան երկրից շատ հաճախ մեծ հոսք կունենանք Բարեկամության այգի, որը կդառնա տուրիստական հանգույց, ինչով և կնպաստի հյուսիսային շրջանների զարգացմանը, որը մեր Եվրամիության ծրագրի կարևոր ուղղություն է, և հատկապես մեր սիրելի Գյումրու զարգացման համար»,- ասաց փոխնախարարը։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ հույս հայտնեց, որ ծրագրի ամբողջական ավարտի պարագայում կունենանք զբոսաշրջիկների աճ Գյումրիում, այն կդառնա հրապուրիչ քաղաք։

«Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ»,-ասաց մարզպետը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ հիշեց, թե ինչպես կարողացան այգին ազատագրել տնակներից, մարդկանց բարեկեցիկ տներով ապահովել ու այսօր էլ հրաշալի սահադաշտով ու Վերնիսաժով զարմացնել զբոսաշրջիկներին։

Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրությունից, այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թ ամռանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728