ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կարծիքով, 2016 թվականի քառօրյա պատերազմում մենք հաղթեցինք՝ չունենալով թշնամու նկատմամբ ուժային հավասարակշռություն, այն պատճառով, որ թե բանակը, թե հասարակությունը գտնվում էին բարոյահոգեբանական բարձր մակարդակում: «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ այսօր նա հիշեց, թե ինչպիսի հերթեր էին այդ ժամանակ Ադրբեջանի օդանավակայանում՝ երկրից փախչելու, իսկ Հայաստան վերադառնում էին աշխարհի տարբեր ծայրերից հայեր՝ հայրենիքը պաշտպանելու:
Արդեն տարիների հեռվից, նա դա համարում է մեծ նյութական արժեք, որի գինը չիմացանք ու այդ ամենը պրոյեկտելով այսօրվա իրականության վրա, կարծում է, որ մեզ տասնամյակներ են պետք՝ այդ արդյունքները վերագտնելու համար: Ավելին, եթե առաջիկայում լայնածավալ պատերազմ սկսվի, իր կանխատեսմամբ, Սփյուռքի եւ Հայաստանի պառակտվածությունը թույլ չի տալու, որ մարդիկ նույն եռանդով գան Հայաստան:
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին, ինչպես այն ժամանակ, այսօր էլ, ինքը պնդում է՝ «մենք չենք պարտվել, մեզ դավաճանել են, դաշունահարել են»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Պետրոս Մակեյանն էլ իր ելույթում կարծիք հայտնեց, որ այս հանգրվանին հասնելու համար, մենք՝ 1994 թվականի հրադադարից հետո ամեն օր քարը-քարին ենք դրել. «Այդ հանգրվանի արձանագրողը պետք է լինեին այնպիսի հայ մարդիկ, ովքեր ոչ բարոյականություն ունենային, ոչ ազգային արժանապատվություն»:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ այլընտրանքային իշխանություն ձեւավորելու առաջարկին էլ, նա նկատում է, որ բանակը տնօրինում է իշխանությունը, ուստի, այս իրավիճակից դուրս գալու համար, մեզ իշխանափոխություն է պետք. «Խաղաղ. հանգիստ՝ պարտադրել իշխանափոխություն: Առանց պարտադրանքի՝ Նիկոլը ոչ մի բանի չի գնալու»:
Մանրամասները՝ տեսանյութում
Քննարկմանը ներկա Էդիկ Մինասյանն էլ համամիտ է՝ բանակ-հասարակություն կապը ոչ թե թուլացել, այլ վերացել է, մինչդեռ դա նպաստում էր ոչ միայն բանակում թերությունների վերհանմանը եւ լուծմանը, այլ բանակում գաղափարական զարգացվածությանը եւ բարոյահոգեբանական մթնոլորտին: Բանախոսի համոզմամբ, պարտվողական հոգեբանությունը պետք է զինվորի միջից հանել: Նա համամիտ է նաեւ ռազմարդյունաբերությունը վերականգնելու առաջարկներին: Հիշում է՝ ինչպես էր Վազգեն Սարգսյանը «մանկան պես ուրախացած»՝ ԵՊՀ-ում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատմում, որ «մեզ արդեն հաղթող չի լինելու», քանի որ ռազմարդյունաբերության հիմքերը Հայաստանում դրված են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ