Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Մարզի ղեկավարի խնդրանքով Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոն ներկայացրել է տեղեկատվություն 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև հաջորդած ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց ԿԽՄԿ տեսակցությունների, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ պատկան մարմինների հետ տարվող աշխատանքի, ինչպես նաև նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ: Ինչպես նշվեց, աջակցությունը մեծ մասամբ սոցիալական բնույթի է՝ սոցիալական խնդիրների լուծման, կենցաղային պայմանների բարելավման, սեփական գործ կամ տնտեսություն հիմնելու համար և այլն:
Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից իրականացված մեծածավալ և արդյունավետ աշխատանքների համար՝ վստահությամբ, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
ԿԽՄԿ ենթապատվիրակության ներկայացուցիչները տեղեկացրել են նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում գործում է Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ՝ 1992թ.-ից ի վեր: Ենթապատվիրակությունը հիմնվել է 2021թ.-ին և գործունություն է ծավալում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
Կարդացեք նաև
Իր մարդասիրական հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ՝ ներառյալ մարզային և համայնքային իշխանությունները:
Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոն մարզի ղեկավարին վստահեցրել է, որ Լոռու մարզում իրականացվելիք հետագա ծրագրերի մասին ևս պատշաճ իրազեկում կիրականացվի:
Լոռու մարզպետարան