ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է իշխանության «դավաճանական քաղաքականությունը» չկիսող ուժերին եւ անհատներին այլընտրանքային իշխանություն ձեւավորել: Առաջարկը նա հնչեցրեց այսօր «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ: Տիկին Փոստանջյանն, իհարկե հասկանում է, որ այդ կառույցը չի կարող իշխանական լծակներ ունենալ, բայց համոզված ե՝ եթե այն լինի գործուն, ապա դրա հետ հաշվի կնստեն, ինչը հնարավորություն կտա շատ խնդիրներ լուծել:
Մեր պետությունում, ըստ Զարուհի Փոստանջյանի, հիմա բոլոր պետական ինստիտուտները լուծարված են եւ ամեն ինչ որոշում ու հրամաններ է տալիս կառավարության շենքում նստած մեկ անձը: Այս իրականությանը զուգահեռ, նրա գնահատմամբ, դեռ լավ թե վատ մեկ ինստիտուտ ունենք՝ դա բանակն է, որն ինչ-որ չափով գործոն է, ինչը ցույց տվեցին 2021 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, քանի որ 2020 թվականին՝ իր գնահատմամբ՝ պայմանավորված պատերազմում միտումնավոր, պարտադրված պարտության տարված բանակը դեռ կռվում էր:
«Բանակին վարտիքը չենք տրամադրում, կացարանը չենք տրամադրում, զենքը չենք տրամադրում, բայց այդ մարդիկ կան, զինվորները կռվում են: Հիմա այդ ինստիտուտը, այս գործող անձը պետք է հիմնահատակ լուծարի, դրա վառ ապացույցներից մեկն էլ վերջին դեպքն էր՝ 15 երեխաների սպանությունն այդ կացարանում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ տարակուսելով՝ կառավարության նիստում, ողբերգության առիթով Նիկոլ Փաշինյանի՝ ականատես-վկայի նման առաջ քաշած վարկածից, այն պարագայում, երբ այդ պահի դրությամբ որեւէ պաշտոնատար անձ դեպք վայրում չէր եղել անգամ:
Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները Զարուհի Փոստանջյանը համարում է նվեր թշնամիներին: Միաժամանակ, նկատում է, որ հանրային դեմքերի այցելությունները առաջնագիծ դարձել են անհնարին. սրա համար, տիկին Փոստանջյանի բացատրությունը հետեւյալն է՝ 2020 թվականի պատերազմից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում, Ադրբեջանը ռազմական շինարարություն է իրականացնում. այդ օբյեկտները, տարածաշրջանային մեծ բախումների ժամանակ պետք է ծառայեն իբրեւ ռազմաբազաներ:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ