«Երբ Գուրգեն Արսենյանն ասում էր, որ 120 000 մարդ կա Արցախում, իսկ այստեղ՝ երեք միլիոն, հարց ունեմ՝ Գուգո, այդ 5000-ը 3 միլիոնի մեջ չէին մտնո՞ւմ, որ տարաք-կոտորեցիք: 120 000-ը հայ չեն, 3 միլիո՞նն են հայ»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին՝ ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա շեշտեց, որ ասելիքը փոխանցում է «Որդիների կանչ» հ/կ-ի անունից, որը հիմնադրել են պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների ծնողները։ «Այս պարտվողականությունն ու թրքահպատակությունն են մեզ հասցրել այսօրվա իրավիճակին»,-ասաց Արա Ռոստոմյանը։
Նա նշեց․ «Այս իշխանությունը, ի դեմս նրա ղեկավարի, տղաներ չի սիրում, որովհետեւ կյանքում չկարողացան տղա դառնալ։ Ափսոս Գուգոն գնաց, իր երեսին նայելով ասեի, որ դուք տղա չկարողացաք դառնալ, դրա համար էլ տղերքին չեք սիրում․․․ու անընդհատ մեղքը գցում են նախկինների վրա։ Ես էլ եմ կարծում, որ նախկինները մեղավոր են իրենց չափով, որ թույլ տվեցին երկրում աճեցնել այսպիսի դավաճաններ։ Բոլոր իշխանությունները՝ ամեն մեկն իր մասով, պատասխանատու են մեր տղաների սպանդի համար»։
Արա Ռոստոմյանի ելույթը դահլիճում ներկաները ծափերով եզրափակեցին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ