ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Ս․թ․ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (հետագայում՝ Հայեցակարգ) պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը, չնայած 2022 թվականին թեմայի շուրջ կայացած բազմաթիվ քննարկումների և գործարար համայնքի կողմից ներկայացված կոնցեպտուալ առաջարկների։
Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ մասնակից գործարար միությունների կարծիքը հետևյալն է․
- ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն և ապահովել հասարակության բոլոր անդամների իրավունքների ու պարտականությունների ներդաշնակ իրականացումը:
- Չնայած ՀՀ կառավարության կողմից հայտարարված հարկային բեռի օպտիմիզացման քաղաքականության՝ փաստացի տեղի է ունենում հարկային բեռի ավելացում քաղաքացիների և բիզնեսի վրա։ Ինչը գործարարների շրջանում ավելացնում է անորոշությունը և անկանխատեսելիությունը:
- Ըստ էության նոր հարկատեսակի ներդրումը ռիսկեր է պարունակում նաև ստվերային տնտեսության ավելացման մասով՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
- Հայեցակարգի «Առողջության համապարփակ ապահովագրություն» անվանումը չի համապատասխանում էությանը, քանի որ ներկայացված հայեցակարգում իրականում սոցիալական ապահովության համակարգ է նկարագրված: Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովագրական գործունեությունը ենթական է լիցենզավորման, ինչպես նաև համապատասխան վերահսկման՝ ՀՀ ԿԲ կողմից։
- ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։ Այսինքն, փաստացի առողջապահության նախարարի ձեռքում են կենտրոնանալու քաղաքականությունը և բոլոր գործառույթների իրականացումը։ Դա էլ ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը, հատկապես հաշվի առնելով շահերի բախումը։
- Անգամ Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների ձևերը սահմանվելու են նույն կառավարման խորհրդի կողմից։
- Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ՀՀ ֆինանսների նախարարության հսկողությունից, քանի որ առաջարկվում է ՀՀ պետական բյուջեում արտացոլել միայն հիմնական ֆինանսական ցուցանիշները (պլանավորված եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող դեֆիցիտը/ավելցուկը, վարչական ծախսերի տեսակարար կշիռը և այլն):
- Հիմնադրամի գործունեությունը դուրս է մնում նաև լիարժեք վերահսկողությունից, քանի որ Հաշվեքննիչ պալատը իրականացնելու է ընդամենը բյուջեի կատարողականի գնահատում, իսկ միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը՝ ֆինանսական աուդիտ: Այսինքն, չի գնահատվելու ծախսվող միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։
- Հայեցակարգով փաստացի անտեսվում է ապահովագրվող անձի ընտրության իրավունքը՝ լիցենզավորված բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը, առանց վերջիններիս վրա կիրառվող սահմանափակումների։
- Ինստիտուցիոնալ առումով առաջարկվում է կիրառել ԱՊՊԱ համակարգի մոդելը, ինչը պետական-մասնավոր արդյունավետ համագործակցության կայացած օրինակ է։
Այսպիսով, հարկ ենք համարում ընդգծել հետևյալը․
Կարդացեք նաև
- Կարևոր է բացառել պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների ու ծառայությունների մենաշնորհացումը։
- Նկատվում է մտահոգիչ տենդենց, երբ էֆեկտիվ կարգավորում/դաշտ ստեղծելու անվան տակ պետությունը մասնավորից տանում է որևէ գործառույթ պետական հատված։
- Արձանագրում ենք, որ մասնավոր հատվածի հետ քննարկումները կրում են զուտ ձևական բնույթ, անտեսելով գործարար համայնքի արտահայտած կարծիքները և հիմնավորումները, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իր ոչ թափանցիկ գործելաոճը։
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ