Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զինվորն այսօր դարձել է «расходный материал». Կորյուն Ղումաշյան

Փետրվար 03,2023 17:37

Ուզո՞ւմ ենք ունենալ հզոր բանակ, թե՞ ոչ. հասարակության մեջ երկու կարծիքն էլ կա, երկընտրանքի մեջ ենք ու այս իրավիճակում պետք է հասկանանք՝ ո՞նց ենք հասնելու այն բարձունքին, որ բանակի ողնաշարը շտկենք, որը պետականորեն անընդհատ կոտրվում է. «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ այս հարցերն առաջադրեց արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:

«Պետք է անպայման ինչ-որ մեկը խփի մեր ողնաշարին, նոր հասկանանք, որ պետք է կարողանանք կանգնել բանակի ու զինվորի կողքին: Այսօր խոսվեց, որ պատերազմական վիճակում ենք, պետք է խոսենք պատերազմից ու անվտանգությունից. ոչ մտավորականները, ոչ պատմաբանները մեր բանակի կողքին կանգնած չեն: Միայն խոսելով, ես-ը ցույց տալը չի նշանակում, որ կանգնած են բանակի կողքին, գործով պետք է կանգնել: Այսօր ինչո՞ւ է պետությունն արգելում, որ մտավորականները մտնեն բանակ: Այո, ժամանակին մեր մտավորականները համերգային ծրագրերով մտնում էին բանակ, թերությունները տեսնում էին, այդ այցելություններով շտկվեց բանակը: Ազգ-բանակ հասկացությունը կար: Այսօր ի՞նչ կա. բանակ, որը ծառայում է հայրենիքի՞ն, թե՞ ոստիկանական բանակ, որը ծառայում է ինչ-որ մեկին»,-իր վրդովմունքը բարձրաձայնեց զինվորականը՝ հավելելով, որ եթե սիրում ենք մեր երկիրը, անհապաղ լուծումներ պետք է գտնենք, ոչ թե դեռ նոր մտածենք դրանց հնարավորությունների մասին, քանի որ այսօր արդեն ուշ է:

«Ես բանակի մեջ եմ եւ անում եմ այն, ինչ կարողանում եմ անել մենակ: Մեր զինվորն այսօր դարձել է «расходный материал»: Բայց ինչի՞ համար. մենք ափսոսո՞ւմ ենք այդ զինվորին, սիրո՞ւմ ենք էդ երեխեքին, թե՞ մտածում ենք՝ գենը ոնց սպանենք»,- հերթական հարցադրումները բարձրաձայնեց գնդապետը:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի հնարավոր դաշնակիցների թեմային. «Չհասկացա՞նք ովքեր են մեր դաշնակիցները, չհասկացա՞նք, որ աշխարհում դեմոկրատիա գոյություն չունի, ուժն է ծնում իրավունք: Մտավորականներիցդ ոչ մեկդ ոչ մեկին պետք չեք գալու, եթե մենք չկարողանանք բանակը վերազինել 21-րդ դարին համահունչ ձեւով: Մենք չունենք էդ երեխեքը, որ անընդհատ գնան ու զոհվեն: Եվ որտեղի՞ց է գալիս այս դավաճանությունը. մեզնից, բոլորից: Մեզնից յուրաքանչյուրը դավաճանում է բանակին իր լռելով, վախենալով, բիզնեսը պահելով…Ելքեր կան, լավ գաղափարներ, ծրագրեր կան ու որր ասում ենք՝ պետությունը չի անի, է ջհանդամ անի, պետությունը մենք ենք, վերջապես, մենք պետք է անենք»:

Ղումաշյանի խոսքով, այսօր պետությունը չի ֆինանսավորում ռազմարդյունաբերությունը, այդ հիմնարկների մի մասը հոսանքազրկված, փակված է. «ՊՆ-ն այսօր սահմանին է, եթե շենքի մեջ մի քանի դրածո գեներալներ նստած են, չի նշանակում, թե իրենք իրենցից եսիմ ինչ են ներկայացնում: Պատերազմը գնում է, ամեն օր թշնամին խփում, սպանում է մեր երեխեքին, բայց մենք ի վիճակի ենք դրա դեմն առնելու: Ի՞նչ է թաքցվում, ես չեմ հասկանում, բայց էդպես չի: Այո, պայքարեք, մտեք նախարարություն, խեղդեք դրանց, որ վերականգնվի մտավորական-բանակ, ազգ-բանակ հասկացությունը»:

Կորյուն Ղումաշյանը նախատեց նաեւ մտավորականներին. «Երբ ասվում էր՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, մեր մտավորականները ձայն չհանեցին, երբ Ջուղայի խաչքարերը ջարդեցին, լցրին Արաքս գետը, ոչ մեկը ձայն չհանեց, ոչ պետությունը, ոչ դիվանագիտությունը: Այսօր Արցախը խեղդում են, հայաթափում են, ոչ մեկը ձայն չի հանում: Ինչի՞ն ենք սպասում մենք»:

Գնդապետը գործելու կոչ է անում եւ վրդովված հայտարարում. «Ադրբեջանը՝ չունենալով 100 տարվա պատմություն՝ իր բանակի 100-ամյակն է նշում: Դարերի պատմություն ունեցող երկիրը բանակի 31-ամյակն էլ չի նշում: Գլուխ են գովում, թե զինվորին լավ ենք պահում, էդպիսի բան չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728