Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը՝ անվտանգության երաշխավո՞ր, թե՞ կոնֆլիկտի շահառու. Մանվել Մելիքյան

Փետրվար 03,2023 17:33

2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն առավել կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից, նամանավանդ անվտանգային տեսանկյունից, իսկ Արցախյան հարցի հայանպաստ լուծումն ավելի մշուշոտ դարձավ։ Հայաստանի նկատմամբ ճնշումներն ու հավակնությունները մեծացան, և բուն հակամարտությունն ազդեցիկ գործիք դարձավ ՀՀ-ի դեմ։

Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում հետհայացք նետել ոչ վաղ անցյալ և վերլուծել՝ արդյո՞ք 44-օրյա պատերազմը Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռանկյան տրամաբանության մեջ էր, թե այն մեծ խաղի՝ առաջին հայացքից չերևացող կարևոր մասերից էր, ինչը փորձում են երկրորդել և տպավորություն ստեղծել, թե երեսնամյա բանակցություններն ուղղակի մտան փակուղի, և վերսկսվեցին ռազմական գործողությունները։

Իհարկե, պատերազմը փոխեց իրերի դասավորությունը, սակայն հակամարտությունը մնաց չլուծված և ավելի խճճեց կարգավորման գործընթացը (Արձանագրենք՝ ռազմական ճանապարհով խնդիրը վերջնական չլուծվեց: Ճիշտ է, դե ֆակտո Ադրբեջանը հաղթեց, սակայն կարելի է հարց բարձրացնել՝ արդյո՞ք ակնկալվող հաղթանակը սա էր, կամ  արդյո՞ք հաղթողն ու շահառուն միայն Ադրբեջանն էր)։

Արցախյան  վերջին պատերազմին հաջորդեց ևս մեկ «սառեցված հակամարտության» «ժայթքում», խոսքը Ռուսաստան-Ուկրաինա առճակատման մասին է, որը հետզհետե լույս սփռեց այն չերևացող թելերի վրա (ինչպես հետագայում կպարզվեր), որոնցով ամուր կապված էին երկու հակամարտությունները։ Ռուսաստանի համար Հարավ-կովկասյան դիպաշարի արդյունքը կարելի է անվանել «Պլան Բ» կամ «Այլընտրանքային տարբերակ», որին կանդրադառնանք ստորև։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԴԱՇՆԱԿԻ՞Ց, ԹԵ՞ ԹԻՐԱԽ

44-օրյա պատերազմից հետո եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց շրջանառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պահանջելով արտատարածքային միջանցք Հայաստանից, որն Ադրբեջանը կկապեր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդուհանդերձ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի՝ Լաչինի մասին, որն էլ, ըստ հայտարարության չորրորդ և վեցերորդ կետերի, պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները։ Հայկական կողմի մերժումը հանգեցրեց նոր էսկալացիայի. Ադրբեջանն արդեն 2022թ. սեպտեմբերի 13-ին ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, չնայած որ մինչ այդ՝ 2021թ․, արդեն օկուպացրել էր Սև լճի հատվածի մի մասը։ Այս իրադարձություններում ակտիվ դերակատար էր Ռուսաստանի Դաշնությունը՝ լինելով մի կողմից՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, մյուս կողմից՝ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, միևնույն ժամանակ՝ Լաչինի միջանցքի անվտանգության պատասխանատուն։

Վերադառնանք ռուս-ուկրաինական նախակոնֆլիկտային շրջան, երբ առճակատումն ընթանում էր դիվանագիտական հարթությունում, որն էլ դարձավ ռազմական գործողությունների նախերգանք։ Սովորաբար ցանկացած գործողություն սկսելուց առաջ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր դիպաշարերը՝ հասկանալու համար՝ որ դեպքում ինչ ես շահելու կամ կորցնելու, որ պարագայում ում և ինչ գին ես վճարելու, հետդարձի կամ շրջանցելու ինչ հնարավորություններ ես ունենալու և այլն։

Եվ, այսպես, երբ ռուս-ուկրաինական բախումը շարունակական բնույթ ստացավ, ի հեճուկս շատ փորձագետների, որոնք կանխատեսում էին կարճաժամկետ պատերազմ, և Ռուսաստանի դեմ սկսեցին կիրառվել պատժամիջոցներ (բանկային ակտիվների սառեցում, ցամաքային և օդային տարածքների/սահմանների փակում և այլն), շատերը գիտակցեցին, որ Ռուսաստանը գնացել է «վա բանկ»։ Սակայն, եթե վերջինիս առջև փակ են Եվրոպայով անցնող բոլոր ճանապարհներն արտաքին աշխարհի հետ շփման համար, ապա որն է ռուսական «Պլան Բ»-ը կամ «Այլընտրանքային տարբերակը», որով նա շրջանցելու է եվրոպական փակ ճանապարհները․ գուցե այն անցնում է Հարավային Կովկասո՞վ, և 44-օրյա պատերազմը ռուս-ուկրաինականի նախերգա՞նքն էր, գուցե Ռուսաստանը ևս շահառո՞ւ է, նամանավանդ այն պարագայում, երբ եռակողմ հայտարարությունում առանձին կետ կա տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, և ըստ Պուտինի՝ եռակողմ հայտարարությունը կազմվել էր հենց իր կողմից։

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ՝ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն պնդումը, որ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության թողտվության կամ առնվազն լուռ համաձայնության պայմաններում, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդող իրադարձություններն ակներև դարձրեցին, որ Հայաստանն ու Արցախը հայտնվել են ռուսական աշխարհաքաղաքական հետաքրքրությունների բախման կենտրոնում, և Կրեմլն այդ հետաքրքրություններն առաջ տանելիս ամենևին էլ մտադիր չէ հաշվի նստել հայկական կողմի շահերի հետ։ Այսինքն այս գործընթացում տրամաբանական են դառնում Ռուսաստանի և Հայաստանի միջև հակասություններն ու ավելին՝ հակադիր կողմերում հայտնվելը։ Հետպատերազմյան շրջանում միանշանակ չէ, որ Արցախի քաղաքական վերնախավի ու Ռուսաստանի Դաշնության նպատակներն ու շահերը չեն սկսել համընկնել, ինչի մասին են վկայում Ստեփանակերտի ուղերձները, դիմումներն ու հայտարարությունները Մոսկվային և Մինսկի մյուս համանախագահ երկրներին՝ ռուս խաղաղապահներին օժտելու միջազգային խաղաղապահ մանդատով։

Ուշագրավ է, որ ո՛չ 2021թ․ ադրբեջանցիների՝ Սև լճի հատված ներխուժման, ո՛չ սեպտեմբերի 13-ի լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ ռուսական կողմն ըստ արժանվույն չարձագանքեց ստեղծված իրավիճակին, և սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են մեկ ընդհանուր ռազմական դաշինքի մեջ՝ երկուսն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, նրանց միջև կնքվել են Միացյալ հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիր, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագիր, սրանից էլ զատ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը։ Այսուհանդերձ, Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո վերը նշված ոչ մի պայմանագիր գործնականում չկիրառվեց։ Կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ գուցե Ռուսաստանն ի վիճակի՞ չէ կատարել վերոնշյալ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, նամանավանդ որ Ուկրաինայում ռազմական իրավիճակը միանշանակ չէ, այն ի օգուտ Ռուսաստանի է։ Այս իրողությունները հաշվի առնելով՝ միամտություն կլինի կարծել, որ Ռուսաստանը միջնորդ ու անվտանգության երաշխավոր է, այլ ոչ թե շահառու։ Քանի որ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերն առնվազն չեն հակադրվում և ավելի հաճախ համընկնում են, դրանով էլ պայմանավորված է ռուսական կողմի լռությունն ու անգործությունը (ասել է թե Ռուսաստանը չի կարող բացահայտ միջանցքի պահանջ ներկայացնել կամ առավել ևս ինքը վերցնել այն, և դրանից ելնելով փորձում է հասնել նպատակին՝ Ադրբեջանի ձեռքերով և նրա սադրանքներով ձգտում է Հայաստանին ստիպել, որպեսզի վերջինս համալրի ռուս-բելառուսական միության շարքերը): Սա նշանակում է, որ Ռուսաստանը ոչ թե ի վիճակի չէ, այլ  չի ուզում հակազդել Ադրբեջանին՝ սեփական շահերից ելնելով։

«Զանգեզուրյան միջանցք»-ի պահանջի և վերոգրյալի տրամաբանական  շարունակությունն էր 2022թ․ դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, իսկ ավելի ուշ մի քանի օրով գազամատակարարման դադարեցումը, և չի բացառվում, որ նմանատիպ սադրանքները կկրկնվեն։ Միանշանակ է, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներն ամենևին էլ բնապահպանական նկատառումներից ելնելով չեն փակել ճանապարհը։

Եթե այս ամենը դիտարկենք ռուս-ադրբեջանական շահերի համատեքստում, ապա փակումը կարելի է համարել ստուգողական կրակոց։ Ադրբեջանը շարունակաբար պահանջ է ներկայացնում այն տրամաբանությամբ, որ եթե ինքն իր տարածքով տրամադրում է միջանցք, ապա Հայաստանը ևս պետք է նույն կարգավիճակով միջանցք բացի դեպի Նախիջևան։ Սակայն ՀՀ իշխանությունները, հղում կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մերժել են արտատարածքային միջանցքի գաղափարը և կրկին հաստատել հանձնառությունը, ըստ վերոգրյալ հայտարարության, ապաշրջափակել տարածաշրջանային ենթակառուցվածքները։ Հետևաբար փակելով Լաչինի ճանապարհը՝ Ադրբեջանը սպառնում է՝ եթե չկա «Զանգեզուրյան միջանցք», ապա չկա նաև Լաչինի միջանցք։ Միաժամանակ Բաքուն փորձում է պատրվակ ստեղծել նոր պատերազմական գործողություններ հրահրելու համար՝ հստակ գիտակցելով, որ ռազմական հարաբերակցությամբ այս պահին գերազանցում է Հայաստանին։ Բայց չէ՞ որ Լաչինի միջանցքի անվտանգությունն ու անխափան գործունեությունը երաշխավորում են ռուս խաղաղապահները։

Եթե այս ամենը դիտարկենք ռուս-ադրբեջանական շահերի տեսանկյունից, ռուսները ևս կարող էին ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի արտատարածքային միջանցքին։ Սրանից զատ ռուսական վերջնանպատակը, ամենայն հավանականությամբ, Հայաստանին «Միութենական պետության» մեջ ներքաշելն է։ Օգտվելով Հայաստանի թուլացած վիճակից՝ Կրեմլի համար, թերևս, ամենահարմար պահն է ադրբեջանական շանտաժի գործադրմամբ Հայաստանին պարտադրել «միութենականություն», հետևաբար Լաչինի փակումը կարելի է դիտարկել վերջնագիր Հայաստանին։

«Ստուգողական կրակոցի» հաջորդ նպատակը կարող էր լինել ճշգրտումը, թե ինչպիսին է միջազգային հանրության արձագանքն այն պայմաններում, երբ այդ հանրության գրեթե ողջ ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Այսինքն, եթե Հայաստանը չհամաձայնի տրամադրել միջանցք, և այդ դեպքում Ադրբեջանն այն վերցնի ուժով, օգտվելով նաև Թուրքիայի  բացահայտ աջակցությունից, ապա ինչպիսին կլինի աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների վերաբերմունքը, և նրանք ինչ քայլեր կձեռնարկեն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Իհարկե, Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին վտանգներ և սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար, նամանավանդ, եթե հաշվի առնենք 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունն ու ներգրավվածությունը։ Սակայն երկու տարի առաջ աշխարհն այլ էր, և հանուն արդարության նշենք՝ հայկական դիվանագիտությունը նույն ինտենսիվությամբ ու արդյունավետությամբ չէր գործում (սակայն պատրանք էլ պետք չէ ստեղծել, որ այն գտնվում է իր արդյունավետության գագաթնակետին)։

Ինչևէ, Լաչինի միջանցքի արգելափակումից հետո միջազգային հանրության հասցեական արձագանքը չուշացավ։ Սակայն չհնչեց այն երկրի արձագանքը, որը կարծես առաջինը պետք է լիներ կամ գոնե առաջիններից։ Առավել տարակուսելի էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքում չընդունվեց նախագահողի հայտարարությունը, որը ձախողվեց ՀՀ դաշնակցի ձեռամբ։ Ուշագրավ է նաև Հայաստանի հարևանների զուսպ արձագանքը, որը լավագույն դեպքում դրսևորվում էր մտահոգություններով։ Համենայն դեպս այստեղ երևում են հայկական դիվանագիտության երկարամյա բացթողումները և նշմարվում այդ ոլորտում առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտությունը։

Ադրբեջանին բացահայտ աջակցող Թուրքիայի դիրքորոշումը, թերևս, բացատրելի է։ Այդուհանդերձ, Հայաստանն առանց նախապայմանների բանակցություններ է վարում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Սակայն Էրդողանը վերջին հարցազրույցներից մեկում ասել է․ «Պրահայում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ մենք շատ հստակ հայտարարեցինք։ Եթե դուք դրական ուղղությամբ զարգացնեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, մեր հարաբերությունները Հայաստանի հետ ևս կզարգանան դրական ուղղությամբ։ Մենք շատ հստակորեն դա նրանց ասել ենք, ինչպես նեղ շրջանակով, այնպես էլ պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Դեռևս, իհարկե, ես չեմ կարող ասել, որ այդ փուլն արդեն անցել է»։ Ասել է թե՝ նախապայման առանց նախապայմանների բանակցություններում։ Սակայն հետաքրքիր է, որ Լաչինի միջանցքի փակումից և միջազգային հանրության հասցեական արձագանքներից հետո Ադրբեջանն այնքան էլ չի զգում իր «ավագ եղբոր» հովանավորությունը։ Սրա հավանական պատճառներից կարող է լինել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Էրդողանի անձնական ու Թուրքիայի պետական շահերի համընկնումը, ինչը կարող է լինել վճռորոշ (Թուրքիայի տեսանկյունից)։ Էրդողանին, թերևս, անհրաժեշտ է 2023թ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ հասնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ հնարավոր է հավելյալ քվեներ ստանա Հայաստանին սահմանակից կամ մոտ ընկած նահանգներից։ Իսկ գալիք ընտրությունները կենաց ու մահու հարց են լինելու Էրդողանի համար։ Այդպիսով, թուրքական կողմն այս անգամ ունի ծանրակշիռ պատճառներ (Միջին միջանցք) ու «հիմնավորումներ» (44-օրյա պատերազմ)՝ գնալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս համատեքստում Ադրբեջանն ավելի խոցելի է դառնում (հավելենք Կրեմլի թուլացող ազդեցությունը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ծավալվող պատերազմով, ինչը և՛ ռիսկեր է առաջացնում, և՛ նոր խաղի հնարավորություններ է բացում Հայաստանի առջև)։

Վրաստանի պարագայում առավել ևս հայկական դիվանագիտությունը դեռևս շատ անելիքներ ունի, քանի որ վերջինս սերտ հարաբերություններ ունի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, մանավանդ տնտեսական փոխհարաբերությունների տեսանկյունից, և գնալով ավելի է խորացնում ռազմական համագործակցությունը, սրանով էլ պայմանավորված է Վրաստանի չեզոքությունը։

Իրանի զսպվածությունը Լաչինի խնդրի շուրջ բավականին բարդ համատեքստ ունի։ Վերհիշենք՝ Իրանն առաջիններից էր, որ շնորհավորեց Ալիևին 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ։

Մյուս կողմից 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած դիվանագիտական փոխհրաձգությունները, ինչպես նաև դրանց հետևած ուժի ցուցադրումն իրանա-ադրբեջանական սահմանին զորավարժությունների միջոցով ի ցույց դրեցին, ապա նաև քանիցս պաշտոնապես հայտարարվեց, որ պաշտոնական Թեհրանը չի հանդուրժի իր երկրի սահմանների փոփոխությունը, այսինքն դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։

Այս առումով կարևոր է նաև, որ Իրանը Հայաստանի հետ ունի դրական դինամիկայով զարգացող տնտեսական հարաբերություններ։ Հետևապես դժվար չէ կռահել, որ Իրանը մի կողմից չի ցանկանում առավել սրել հարաբերություններն Ադրբեջանի հետ, մյուս կողմից չի ցանկանում վնասել Հայաստանի հետ փոխգործակցությունը, և հենց սրանով է պայմանավորված Իրանի դիրքորոշումը։ Հետևաբար սա ևս ազդակ է առ այն, որ հայկական դիվանագիտությունն ահռելի անելիք ունի նաև այս ուղղությամբ։

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց և հայտարարություն ընդունեց այդ փաստի վերաբերյալ։ Ըստ էության, դա խորհրդարանական մեծամասնության ընդունած փաստաթուղթ էր, սակայն ընդդիմությունը հրաժարվեց միանալ։ Տրամաբանական կլիներ, եթե հայ հասարակությունը միավորվեր մեկ նպատակի շուրջ և փորձեր ընդհանուր ճակատով դիմագրավել ստեղծված իրավիճակին, սակայն արդեն իսկ բևեռացված հասարակությունում և աղճատված քաղաքական մտքի պարագայում տեղի ունեցավ հակառակը։

Ընդդիմությունը գերադասեց ցույց կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ մեղադրելով իշխանություններին ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի օրակարգը սպասարկելու համար։ Մինչդեռ երևի ճիշտ ժամանակն էր, որ այդ ուժերը քայլերթեր իրականացնեին և նախորդ ցույցերի նման ծածանելով Արցախի դրոշը՝ համախմբման կոչեր հնչեցնեին ու ոչ թե իշխանությունների հրաժարականը պահանջեին, այլ դեսպանատների մոտ ցույցեր կազմակերպեին և, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս պետություններից Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջեին։ Միևնույն ժամանակ Կառավարության շենքից ոչ հեռու՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, նստացույց էր սկսել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ ի աջակցություն շրջափակված Արցախի և նրա ժողովրդի։ Իսկ հայ հասարակությունը, ընդհանուր առմամբ, ապրում էր իր առօրյայով։

44-օրյա պատերազմից հետո և՛ Հայաստանը, և՛ Արցախը գտնվում են անվտանգային ճգնաժամում, իսկ հայ հանրությունը դեռևս դուրս չի եկել հետպատերազմյան թմբիրից։ Իհարկե, այստեղ պատասխանատվություն ունի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, սակայն հաշվի առնելով հասարակության արդեն իսկ բևեռացվածությունը՝ առայժմ հնարավոր չէ համախմբել բոլորին մեկ նպատակի շուրջ։

Իհարկե, քաղաքական և հասարակական բևեռացվածությունը նաև երկարատև հակապետական քաղաքականության հետևանք է՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով և խաղացողներով պայմանավորված։ Երբ երկրի ղեկավարությունը երկար տարիներ ապավինում ու սպասարկում է այլ երկրի շահեր, երկրորդելով սեփականը, երբ երկրի անվտանգությունը (ինչպես ռազմական, այնպես էլ, օրինակ, էներգետիկ և այլն) հիմնելու ու զարգացնելու փոխարեն նա պատվիրակում է նախկին մետրոպոլիային (կամ ֆորմալ դաշնակցին) ու հույսը դնում վերջինիս բարեխղճության և մեծահոգության վրա, ստանում ենք նման աղճատված հասարակություն՝ իր բոլոր դրսևորումներով և դրանց հետևանքներով։ Այս ամենն անհրաժեշտ է շտկել, և եթե ոչ քաղաքական էլիտային, ապա հասարակությանը հնարավոր է համախմբել ճիշտ քաղաքականության և արդյունավետ գործիքակազմի (օրինակ խոսքը փուլային լյուստրացիայի մասին է, որը, Ճիշտ է, սկզբում գուցե ավելի խորացնի հակասություններն ու բևեռացվածությունը հասարակության շրջանում, սակայն հետագայում կարող է հանգեցնել համերաշխության) ընտրության դեպքում, սակայն սա վերլուծության այլ թեմա է։

Այս իրականությունից ելնելով անհրաժեշտ է անդրադառնալ նաև եկեղեցու, նախևառաջ դրա վերնախավի դերին։ Եկեղեցին որպես ապաքաղաքական կառույց կարող էր միավորող խարիսխ լինել, որի շուրջ կամ միջնորդությամբ կհամախմբվեին հասարակությունն ու քաղաքական միավորները։ Իհարկե, Վեհափառի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել ՀՀ 3 նախկին նախագահների հետ, սակայն ներկա չի եղել գործող իշխանության ղեկավարը, հետևաբար այդ գործընթացն առնվազն լիարժեք չէր, եթե միտված էր համախմբմանը։

Ո՛չ 44-օրյա պատերազմից հետո, ո՛չ էլ առավել ևս այժմ, երբ երկու հայկական պետությունները կանգնած են գոյաբանական խնդիրների առջև, եկեղեցին լռում է կամ գոնե չի դրսևորում այն ակտիվ դերակատարումը, որը պետք է իրականացներ ստեղծված իրավիճակում։ Առավել տարակուսելի է, երբ վերջինիս առաջնորդը պատվո շքանշանով է պարգևատրվում ՌԴ նախագահի կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ այն դեպքում, երբ պաշտոնական Մոսկվան չի կատարում զանազան պայմանագրերով իր իսկ ստանձնած պարտավորությունները դաշնակցի նկատմամբ, և երբ Լաչինի միջանցքը փակ է, իսկ Արցախում հումանիտար վիճակը գնալով վատթարանում է։ Գուցե շքանշանը լռությա՞ն համար էր կամ ապագայում ակնկալվելիք գործողությունների՞։

Խոսելով քաղաքական և հասարակական բևեռացվածության մասին՝ անդրադառնանք նաև Հայաստան-Արցախ հարաբերություններին։ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո հայկական երկու պետությունների միջև հակասությունները հետզհետե տեղափոխվեցին հանրային տիրույթ և ձևավորեցին տարատեսակ ընկալումներ և հաճախ նաև՝ բացասական գնահատականներ։ Հատկապես այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդանյանը փորձեց իր վրա վերցնել բանակցողի դերը և այնպիսի քաղաքական հայտարարություններ հնչեցրեց, որոնք, մեղմ ասած, հակասում էին Հայաստանի Հանրապետությանը և չէին բխում Արցախի շահերից ևս։ Թեպետ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հաշվի առնելով խնդրի զգայունությունը, չեն շահարկում այն հայտարարություններն ու ազդակները, որոնք գալիս են Արցախից, այդուհանդերձ, տարաձայնություններն ու հակասություններն ակնհայտ են։

Հայկական պետությունների վերնախավերի միջև հակասություններ միշտ են եղել, նույնիսկ 90-ականներին, սակայն դրանք այսպես թե այնպես, որպես կանոն, հաղթահարվել են, որոշ դեպքերում՝ խնդիրների արդյունավետ լուծմանն ի վնաս։ Այսօր տարաձայնություններն առավել վտանգավոր են, իսկ մարտահրավերներին միասնական մոտեցումներով չդիմագրավելը կարող է շատ լուրջ բացասական հետևանքների հանգեցնել։

Երբ Հայաստանի ու Արցախի գործողություններն ամենևին էլ ներդաշնակեցված չեն և Արցախի իշխանությունները վարում են մեկուսացված քաղաքականություն, անհրաժեշտ է անդրադառնալ մի աղմկալի իրադարձության։ Խոսքը Լաչինի ճանապարհի՝ ժամանակացույցից 1 տարի շուտ փոխարինման և Բերձորի ու երկու գյուղերի՝ Աղավնոյի և Սուսի հանձնման մասին է։ Միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Մենք չպետք է հուսահատվենք։ Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած զիջման դեպքում ճնշումների միջոցով մեզ սպասում են նոր զիջումներ։ Մինչև այսօր մենք որևէ հարց միակողմանի  կամ պարտադրանքով չենք լուծել։ Միշտ եղել են խոսակցություններ, որոնց արդյունքում մենք համաձայնության ենք եկել։ Դրանք ենթակառուցվածքների, ճանապարհների, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ էին»։

Հաշվի առնելով այս ու նմանատիպ հայտարարություններն ու Հայաստան-Արցախ հարաբերությունների նրբերանգները, հասկանալի պատճառներով ոչ հրապարակայնությունը՝ արդյո՞ք կենսունակ չէ այն վարկածը, որ Արցախն առանց Հայաստանի է պայմանավորվածության եկել ճանապարհի տեղափոխման և ենթակառուցվածքներից հրաժարվելու վերաբերյալ։ Երբ Արցախի նախագահը խոսում է ենթակառուցվածքների և ճանապարհների խնդիրների վերաբերյալ Ադրբեջանի հետ երկկողմանի բանակցությունների մասին, հնարավո՞ր է, արդյոք, Բերձորի և երկու գյուղերի` մեկ տարի ժամկետից շուտ հանձնումը ևս տեղավորվում է այս բանակցությունների համատեքստում։ Եթե այո, արդյո՞ք հայաստանյան կողմն առնվազն ի սկզբանե իրազեկված էր դրա մասին, կամ համաձայնեցված էր վերջինիս հետ, քանի որ ողջ քաղաքական պատասխանատվությունը և քննադատությունը կրկին ուղղվեցին Հայաստանի իշխանություններին, իսկ վերջիններս այդպես էլ լույս չսփռեցին եղելության վրա։ Եթե ոչ, արդյո՞ք այդ քայլը մեջքից հարված չէր Հայաստանին։ Եվ, վերջապես, Արցախն ի՞նչ ստացավ դրա դիմաց։

Այն, թե ներկայացված վարկածն իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ժամանակը ցույց կտա, սակայն փաստ է, որ Արցախին անհրաժեշտ է սերտ համագործակցել Հայաստանի հետ և մեկտեղել ջանքերը, քանի որ դա կենսական նշանակություն ունի առաջին հերթին հենց Արցախի համար։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախևառաջ վերաիմաստավորել և վերափոխել հարաբերությունները դաշնակից, բարեկամ, հարևան և մեր տարածաշրջանում դերակատարում ունեցող բոլոր երկրների հետ։ Սակայն պետք է արձանագրել մի ակներև իրողություն։ Սրան զուգահեռ Հայաստանն ու Արցախը պետք է ճշգրտեն՝ որն է նրանց նպատակը, ինչ են ուզում և ինչպես են դրան հասնելու, քանի որ հայկական կողմի կրած արհավիրքների պատճառը պետք է առաջին հերթին փնտրել հենց ներսում։ Հայաստանն ու Արցախը պարտավոր են առերեսվել սեփական սխալներին, խնդիրներին և բացթողումներին։ Միայն դրանից հետո կարելի է խոսել այս կամ այն պետության քաղաքականության, վարքագծի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին՝ լինի դաշնակից, բարեկամ, թե թշնամի։

Ինչ խոսք, բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, գերտերությունները՝ առավել ևս։ Հայաստանին և Արցախին վերջին 30 տարիներին հազվադեպ է հաջողվել ներդաշնակեցնել իրենց շահերը Ռուսաստանի կամ Արևմուտքի դիրքորոշումների հետ, ինչի հետևանքով էլ հայկական կողմը հայտնվել է այսօրվա ծանրագույն իրավիճակում։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ամեն ինչ կորսված է, և հնարավոր չէ դիմակայել մարտահրավերներին։ Դրա համար իրականացվող քաղաքականությանը զուգահեռ անհրաժեշտ է նախաձեռնել ինտենսիվ գործընթաց հասարակության համերաշխությանը հասնելու համար (այստեղ դրոշակակիրը պետք է լինի իշխանությունը), իսկ ապա համախմբել մեկ ընդհանուր օրակարգի շուրջ։

2020թ․ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն իրողություն են, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Մենք հասանք այս իրավիճակին՝ սերմանելով սին «արժեքներ» և նպատակներ, չամրապնդելով սեփական պետականությունը, ներառյալ բանակը, ինչի հետևանք էլ դարձավ պատերազմում կրած ծանր պարտությունը։ Սակայն այս պարտությունը կարող է սթափեցնող դեր ունենալ, ստիպել Հայաստանին և Արցախին ձևակերպել նպատակներ ու արժեքներ, որոնցից կբխեն իրատեսական ներքին և արտաքին քաղաքականությունները, որոնք էլ համահունչ կլինեն ժամանակակից մարտահրավերներին։

Մանվել ՄԵԼԻՔՅԱՆ

Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728