«2022թ․ ապրիլին այս ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը մեզանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր նշաձողը, որպեսզի միջազգային մեծ կոնսոլիդացիա ապահովվի ՀՀ-ի եւ Արցախի շուրջ, հակառակ դեպքում միջազգային հանրությունը պատրաստ չէ եւ չի կարող օգնել մեզ։ Այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի հանդեպ ՀՀ-ի քաղաքականության առումով»-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նա շեշտեց՝ Փաշինյանն այդպես էլ չբացատրեց, թե ով էր այդ միջազգային հանրությունը, սակայն անհայտ էր, թե նա ինչ նկատի ունի․ «Չմոռանանք, որ նրա ասածից մեկ շաբաթ առաջ Բրյուսելի եռակողմ հանդիպումն էր կայացել Շառլ Միշելի հետ, որից հետո Փաշինյանը խոսեց նշաձողն իջեցնելու մասին։ Այդ հայտարարությունը կառավարության ծրագրի ո՞ր մասն էր ապահովում։ Չէ՞ որ 2021թ․-ի կառավարության ծրագրով ՀՀ-ն պարտավորվել էր հիմնական խնդիր դիտարկել ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի խնդրի լուծումը՝ ամրագրված հիմնարար փաստաթղթերի սկզբունքներով։ Ու դրանից հետո հանկարծ նա ասում է, թե նշաձողը պետք է իջեցնի։ 2021թ․ սեպտեմբերին այդ նույն վարչապետը, որը խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, սեպտեմբերին հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սրբազան է եւ չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։
Ի վերջո, Վարդան Պողոսյանի բնորոշմամբ, իշխանությունը մոռացավ «ինքնորոշում» եւ «ԼՂ հանրապետություն» հասկացությունները եւ միայն խոսում է «ԼՂ բնակիչների իրավունքների եւ անվտանգության մասին», մինչդեռ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա․ «ՀՀ իշխանությունն իրավունք չունի նման կերպ մոտենալ Արցախի հարցին, որովհետեւ դա հակասահմանադրական է։ ՀՀ անկախության հռչակագիրն ամրագրել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման փաստը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ