«Այսօր առաջին հերթին անհրաժեշտ է մտավորականության համախմբումը, որից կբխի նաեւ ժողովրդի համախմբումը»,- «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ, բացման խոսքում ասաց կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Հետագա իր դիտարկումներում պարոն Թարվերդյանը նկատեց, որ ելույթներում ճիշտ շեշտադրումներ կային այն մասին, որ Հայաստանում «սառեցվել է» ռազմարդյունաբերությունը. «Ցանկացած պետության երաշխավորը բանակն է ու մենք ունենք պատմության շատ լավ էջեր: Սակայն, եթե մենք միայն հպարտանանք պատմությամբ ու այսօրվա մարտահրավերներին պատրաստ չլինենք՝ մենք կկորցնենք ազգը եւ պետականությունը»:
«Մենք սիրում ենք ասել՝ սա չենք կարող, նա չենք կարող, սակայն մենք համարվելով խելացի ազգ՝ մոռանում ենք մեր գիտական ներուժի մասին: Մենք չենք ուզում որպես պետություն զարգացնել ռազմարդյունաբերությունը, արտադրել համապատասխան զինատեսակներ, բայց տնտեսում ենք պետական միջոցները: Ես իմ վերջին ելույթներից մեկի ժամանակ դրա հետ կապված իմ զարմանքը հայտնել եմ եւ կարծում եմ, որ ներկաները կհամաձայնեն, որ մեզ պետք չի տնտեսել այն գումարը, որը պետությունը տրամադրում է ռազմական ոլորտին: Մեզ պետք է ունենալ պաշտպանված պետություն, ուժեղ բանակ, իսկ առանց բանակի պատերազմին դիմակայել կամ պատրաստվել անհնար է»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 30 տարիների ընթացքում մարդիկ իրենց խաբված են զգացել՝ տեսնելով, որ թե պաշտպանության, թե այլ ոլորտների պաշտոնյաներն ինչպես են շատ արագ հարստանում՝ տարօրինակ ձեւով:
Կարդացեք նաև
Սփյուռքի եւ Հայաստանի կապի խզումներից մեկն էլ, բանախոսը սա է համարում: Իր գնահատմամբ, Հայաստանը ողջ Սփյուռքի պետությունն է եւ միայն մենք չէ, որ պետք է Սփյուռքից ինչ-որ բաներ խնդրենք, այլ պետք է իբրեւ պետություն, որպես հայրենիք նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին տալու բան ունենանք ու դա միայն նյութական արժեքները չեն. «Մայրական սերը անհրաժեշտ է յուրաքանչյուրին»: Իսկ Սփյուռքը բանախոսը դիտարկում է իբրեւ մեծ հարստություն ու կարծում է, որ այս իմաստով, անգամ հարուստ նավթային պետություններից էլ հարուստ երկիր է Հայաստանը:
Իր գնահատմամբ, հայաստանցիները՝ լինելով պատերազմի մեջ, իշխանության կողմից հոգեբանական ճնշման են ենթարկվում մեկ պարզ հարցով՝ «դուք պատերա՞զմ եք ուզում»:
«Մենք չենք ուզում պատերազմ, բայց մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին ու չվախենանք պատերազմից, որովհետեւ, ինչքան էլ մենք ունենք երկու հարեւան պետություն ու փորձում ենք հարաբերությունները կարգավորել, բայց չպետք է մոռանանք, որ ունենք նաեւ թշնամի պետություն: Բան չունեմ ասելու՝ հավերժ թշնամիներ չեն լինում, բայց դա պետք է լինի բանակցությունների արդյունքում՝ արժանապատիվ խաղաղություն, ոչ թե պարտադրած խաղաղություն, ապառազմականացված պետություն դառնանք, որ հաճոյանանք Ադրբեջանին կամ Թուրքիայի՞ն»,- իշխանության հարցին Երվանդ Թարվերդյանի պատասխանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ