Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն ԳԱԱ ամբողջ ներուժը»

Փետրվար 03,2023 16:08

Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված ակադեմիական համակարգի բարեփոխումներին։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։

Նշվեց, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներուժով բազմապրոֆիլ համակարգ է, և պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն այդ ամբողջ ներուժը։ Շեշտվեց, որ, լինելով գիտության և գիտական մշակույթի կրողը, ՀՀ ԳԱԱ-ն պետք է ունենա հավասարակշռված մոտեցում՝ ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության հանդեպ։ «Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ։ Մենք պետք է առաջարկենք ներդրումային և նպատակային ծրագրեր, որոնց մի մասը պետք է լինեն կիրառական բնույթի», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից են գիտական արտադրանքի սերտիֆիկացումը, գիտաարտադրական համալիրի ստեղծումը։ Առաջարկվեց ստեղծել ակադեմիական կլաստեր, որը կարող է դառնալ եվրոպական նման համակարգի մաս։ Նշվեց գիտության մենեջերների անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն գիտության կապն այլ ոլորտների հետ։ Գիտության և կրթության կապի ամրապնդման նպատակով առաջարկվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը վերածել հետազոտական համալսարանի։

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին կոչ արեց հանդես գալ հավակնոտ ծրագրերով։ Նա նշեց, որ հարկավոր է երիտասարդացնել ԳԱԱ  ղեկավարությունը, խթանել երիտասարդների ներգրավվածությունն ակադեմիական կառավարման համակարգում։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց․ «Մենք պետք է լինենք այն ուղեղային վերլուծական կենտրոնը, որը կառաջարկի մեծ ծրագրեր, որոնք պետք են երկրին և մեզանից յուրաքանչյուրին։ Այդօրինակ ծրագրերն ունեն մեծ մոբիլիզացիոն ներուժ»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728