ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ: Վերջինիս՝ օրենքով սահմանված կարգով իրականացված անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ:
Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե