Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը պետք է իր պահանջները հստակ ներկայացնի ադրբեջանական կողմին»․ Էդգար Ղազարյան

Փետրվար 03,2023 15:44

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որ մասնակցում էր խորհրդարանում Բերձորի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով լրագրողների հարցին ասաց, որ խորհրդարանական լսումները կարող են օգուտ տալ այն առումով, որ եւս մեկ անգամ ՀՀ ԱԺ-ում բարձրաձայնվում է խնդիրը․ «Բայց պարզ է, որ որոշում կայացնողը այս նիստերի դահլիճում չէ, որ նստած է։ Որոշում կայացնողները գտնվում են այս դահլիճից դուրս, եւ նրանց մեղքով է ստեղծվել այս իրավիճակը։ Ընդ որում, նրանք ոչ միայն ջանքեր չեն գործադրում իրավիճակը շտկելու համար, այլ ճիշտ հակառակը՝ իրենց գործողություններն էլ ավելի են բարդացնում գոյություն ունեցող խնդիրը»։

Քաղաքական գործիչը տարակուսանք է հայտնում․ «Ո՞վ է ասում, որ այն ինչ փակված է, Լաչինի միջանցքն է։ Այն ինչ փակված է, Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհն է։ Իսկ Լաչինի միջանցքն այն է, ինչ սահմանված է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, այսինքն`5 կմ-անոց ճանապարհ, որի վրա կան հայկական բնակավայրեր, որով անցնում է գազատար, էլեկտրահաղորդման գծեր եւ հեռահաղորդակցման մալուխներ։ Արդյոք դա հայկական ուժերի կամ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է։ Մեծ դավաճանության հետեւանք է, որ մենք մնացել ենք ընդամենը մեկ ավտոմոբիլային ճանապարհի հույսին, որը դուրս է գտնվում Լաչինի միջանցքի կարգավորումներից։

Այս իշխանությունները մեզ հասցրել են այնպիսի ողբերգական վիճակի, որ մեզ համար երանելի է թվում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության կետերի իրագործումը։ Լաչինի միջանցքը անգամ 2021թ նոյեմբերի 9-ին եւ հիմա (չեմ ասում 2020-ին) լրիվ տարբեր բաներ են։ Հարց է՝ իսկ որտե՞ղ է մնացել Լաչինի միջանցքը»։

Քաղաքական գործիչը վստահ է, որ առաջին հերթին իրավիճակը պետք է ունենա դիվանագիտական կարգավորում․ «Հայկական կողմը պետք է իր պահանջները հստակ ներկայացնի ադրբեջանական կողմին։ Նոյեմբեր 9-ի հայտարարությունն ունի երկու կողմ՝ Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն։ Հիմա եթե ադրբեջանական կողմն իր պարտավորությունները չի կատարում, պետք է իրենց հետ խոսել, որպեսզի այդ պարտավորությունները կատարեն։ Իսկ երբ որ ստեղծվում է իրենց հետ որեւէ շփման հնարավորություն, հայկական կողմը խուսափում է այդ հանդիպումներից․․․Բանակցելը չի նշանակում փոխզիջում, նշանակում է քո լեգիտիմ պահանջները ներկայացնել մյուս կողմին։ Նկատել ե՞ք, որ զիջումների գնալը 2018 թվականից մեր խոսույթ մտած արտահայտություն է»։

Քաղաքական գործիչը Սերգեյ Լավրովի հայտարարություններին էլ անդրադարձավ․ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները խոցելի են եւ հակասական իր իսկ՝ մինչ այժմ ցուցաբերած մոտեցումներին, որովհետեւ Ռուսաստանը պատահական երկիր չէ, ոչ միայն մեզ համար, այլեւ գործընթացի։ Ռուսաստանը համանախագահող երկիր է եղել ամբողջ գործընթացի ժամանակ եւ ողջ բանակցային գործընթացի ընթացքում նման խոսույթ, նման ձեւակերպումներ չեն հնչել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս համանախագահող երկրների կողմից»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728