«Այո, նախկին համակարգի օրոք եղել է կոռուպցիա, թալան, անհասկանալի կադրային քաղաքականություն, իշխանավորների հարազատների կողմից լկտի պահվածք, «բեսպրեդել», ու ժողովրդի մոտ ատելություն է առաջացել, որն ընդգրկվեց 2018թ․-ի հեղաշրջման մեջ։ Բայց միջազգային հարթակներում ՀՀ-ն ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել, որովհետեւ այդ ամենով հանդերձ՝ ինձ համարել եմ ռազմաքաղաքական գործոն ունեցող երկրի ներկայացուցիչ։ Այսօր, կներեք, ցեխաջրի մեջ ենք՝ մեզ որեւէ մեկը լուրջ չի ընդունում»,- խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա դիմեց ընդդիմությանը․ «Հարգելի ընդդիմություն, իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետեւ նա այսօր իրավունք չունի պետություն ներկայացնել։ Համաշխարհային փորձը հուշում է, որ նման դաժան պարտությունից հետո նա իրավունք չունի։ Հիտլերը տղամարդկություն ունեցավ տիկնոջ հետ ինքնասպանություն գործելու, իսկ իտալացի ֆաշիստին գնդակահարեցին։ Այս մեկը քանի կա, ամեն օր մենք պարտված ենք լինելու, իսկ մեր ազգային արժանապատվությունը գլխատված է լինելու։ Ուստի պետք է ձեւավորվի մահապարտների թիմ, վստահություն ներշնչի ժողովրդին եւ հեռացնի այս իշխանությանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ